Մատչելիության հղումներ

Մոսկվան «մի շարք քայլեր է ձեռնարկել», Վաշինգտոնը անհապաղ հրադադարի կոչ է անում Երևանին և Բաքվին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը արդեն իսկ մի շարք քայլեր է ձեռնարկել` հայ-ադրբեջանական սահմանի բախումները դադարեցնելու, իրավիճակը կայունացնելու ուղղությամբ` ըստ Ռուսաստանի հայերի միության, այդ մասին այսօր ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը` միության ղեկավար Արա Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ հաղորդագրության, հանդիպումը կայացել է Ռուսաստանի արտգործնախարարությունում: Արա Աբրահամյանը ահազանգ է հնչեցրել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք ուղղված են տարածաշրջանի իրավիճակի ապակայունացմանը:

Լավրովը ի պատասխան նշել է, որ Ռուսաստանը` որպես տարածաշրջանի անվտանգությամբ ու խաղաղությամբ շահագրգռված պետություն, մի շարք քայլեր է ձեռնարկել` իրավիճակի կայունացման ուղղությամբ: Թե ինչ քայլերի մասին է խոսքը` չի նշվում:

Փոխարենն այսօր հաղորդվեց, որ հայ-ադրբեջանական բախումները քննարկման թեմա են դարձել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում` նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ: Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, նիստի մասնակիցները կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, խիստ անհանգստություն հայտնել և ընդգծել, որ Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել` հրադադարի հաստատման համար:

Երեկ էլ միջնորդական այդ ջանքերի մասին որոշ մանրամասներ էր փոխանցել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում, և արդյոք հակամարտող կողմերը դիմե՞լ են Ռուսաստանին` խնդրի կարգավորման հարցով, վերջինս ասել էր. «առայժմ հանդիպման մասին տեղեկություններ չունեմ», - միաժամանակ հավելել` Ռուսաստանի արտգործնախարարությունը, Պաշտպանության նախարարությունը աշխատում են ադրբեջանական ու հայկական կողմերի հետ` հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակը կարգավորելու շուրջ:

Այսօր հարցը քննարկվել է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Եվրամիության Հարավային կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև: Ըստ Մոսկվայի` զրույցը կայացել է ԵՄ նախաձեռնությամբ:

«Կողմերը վերահաստատել են առավելագույն զսպվածություն ցուցաբերելու, հետագա թեժացման տանող քայլերից ու հռետորաբանությունից զերծ մնալու, ինչպես նաև հրադադարի ռեժիմը պահպանելու կարևորությունը», - ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վաշինգտոնը վերստին կոչ է անում կողմերին խստորեն հետևել հրադադարի պահպանմանը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմոր, արխիվ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմոր, արխիվ

Հակամարտությանը նաև Վաշինգտոնն է արձագանքել` վերստին կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը: Պետդեպարտամենտի խոսնակի ու պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարություններից հետո` երեկ էլ այս մասին խոսել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավար, դեսպան Ջեմս Գիլմորը: Ելույթ ունենալով մշտական խորհրդի նիստում` դիվանագետը տեղեկացրել է կառույցին անդամակցող մյուս պետություններին, որ Մինսկի խմբի միջնորդները ակտիվ են և զբաղվում են խնդրով: Վերջիններս, ըստ դեսպանի, նախօրեին հանդիպել են ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի մշտական ներկայացուցիչներին, ինչպես նաև Մինսկի խմբի մյուս պետություններին, և տեղեկություններ փոխանցել ստեղծված իրավիճակից:

«Ես այդ հանդիպմանը նշեցի` շատ կարևոր է, որ համանախագահները թափանցիկ ու ակտիվ աշխատեն և լինեն բանակցություններին աջակցողի և արձագանքողի դերում», - ասել է Ամերիկայի դեսպանը:

Ներկայացնելով Վաշինգտոնի դիրքորոշումը` Ջեյմս Գիլմորն ընդգծել է` Միացյալ Նահանգները հավատարիմ է ղարաբաղյան խնդրի տևական ու խաղաղ կարգավորմանը օգնելու հանձնառությանը, և մենք կմնանք ակտիվ` այդ նպատակին հասնելու ջանքերում:

«Այս անգամ, թերևս, դեր է խաղացել անսպասելիության գործոնը»

Մինչ պաշտոնյաները շարունակում են արձագանքել դիվանագիտական բառապաշարով ու զուսպ հայտարարություններով, փորձագետներն առավել բաց տեքստով են վերլուծում` ինչու են կրքերը բորբոքվել այս անգամ, և ինչպես կարելի է կողմերին ի վերջո հաշտեցնել:

Ղարաբաղյան հակամարտությանը քաջատեղյակ, «Չաթհամ Հաուզ» վերլուծական կենտրոնի փորձագետ Լոուրենս Բրոերսը փաստում է` առայժմ հստակ չէ` ինչպես են սկսվել ռազմական գործողությունները, սակայն, այս անգամ կարծես թե լարվածությունը համակարգված, հարձակողական գործողության արդյունք չէր, որը հանգեցրեց քառօրյա պատերազմի 2016 թվականին: Այս անգամ, թերևս, դեր է խաղացել անսպասելիության գործոնը, երբ ադրբեջանական զինվորականների մեքենան հանկարծակի հանդիպել է հայկական նոր դիրքի, ինչին էլ հետևել են մահացու փոխհրաձգությունները: Լոնդոնում գործող Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի վերլուծաբանը միաժամանակ նշում է` դե յուրե Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը շատ տեղերում հստակ սահմանազատված չէ, և հայկական ու ադրբեջանական ուժերը տևական ու հետզհետե է՛լ ավելի սրվող մրցակցության մեջ են` որևէ մեկի վերահսկողության տակ չգտնվող այդ գոտիներում իրենց դիրքն ամրապնդելու համար:

Վերլուծաբան Թոմ դե Վաալ, արխիվ
Վերլուծաբան Թոմ դե Վաալ, արխիվ

Հակամարտությանը տարիներ ի վեր հետևող վերլուծաբան Թոմ դե Վաալն իր հերթին նշում է` հստակ չէ, թե ով է սկսել բախումները, սակայն Ադրբեջանն առավել շահագրգռված էր այս հարցում, որպեսզի ցույց տա միջազգային հանրությանը, որ հիասթափված է առաջընթացի բացակայությունից 2018-ից հետո շարունակվող բանակցություններում: Քարնեգի հիմնադրամի փորձագետ, ղարաբաղյան խնդրի մասին պատմող «Սև այգի» գրքի հեղինակը միաժամանակ փաստել է` բանակցությունների հեռանկարն այժմ առավել մշուշոտ է` հաշվի առնելով ավելի քան տասնհինգ տարվա արտգործնախարար Էլմար Մամդյարովին պաշտոնանկ անելու` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: «Նա` Մամեդյարովը խաղաղ բանակցությունների ինստիտուցիոնալ հիշողություն ուներ և դրանց շարունակականության աղբյուրն էր, նրան պաշտոնանկ անելով ու մեղադրելով` Ալիևը համարյա թե հրաժարվում է բանակցություններից», - ասել է Թոմ դե Վաալը:

XS
SM
MD
LG