Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում պատրաստվել «լուրջ և առարկայական բանակցությունների»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Հայաստանի վարչապետի հետ, Երևան, հոկտեմբեր, 2019թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից տիրող հարաբերական կայունությունն ու կոչ արել կողմերին օգտվել ռազմական գործողությունների նվազեցումից՝ պատրաստվելու լուրջ և առարկայական բանակցությունների՝ խնդրի համապարփակ լուծումը գտնելու համար: Միջնորդները, միաժամանակ, վերստին ընդգծել են, որ այս զգայուն ժամանակաշրջանում ծայրահեղ կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից:

Երեկ տարածված հայտարարության մեջ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդները նաև նշել են` համանախագահող երկրների ջանքերը քննադատող հայտարարությունները և/կամ/ բանակցությունների ձևաչափում միակողմանիորեն նոր «պայմաններ» սահմանելու կամ փոփոխություններ մտցնելու փորձերը չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը: «Եռանախագահները վերստին ընդգծել են, որ տևական ու խաղաղ կարգավորման համար քաղաքական կամքի լավագույն դրսևորումն է զերծ մնալ առավելապաշտական մոտեցումներից, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմն ու խուսափել սադրիչ հայտարարություններից և գործողություններից», - ասված է հայտարարության մեջ:

Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նաև երախտագիտություն են հայտնել միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրամիության ղեկավարությանը, փաստելով, որ նրանց` հրադադարի խստիվ պահպանման և երկխոսության վերականգնման կոչերը համահունչ էին և աջակցում էին համանախագահների միջնորդական ջանքերին: Դրական որակելով նման ներգրավվածությունը, համանախագահները փաստել են` «նրանք կոչ էին անում կողմերին կենտրոնանալ լարվածությունը թուլացնելու վրա, և ոչ թե մյուսների վրա դնում իրավիճակը սրելու ողջ պատասխանատվությունը»:

Միջնորդները նաև ողջունել են միջազգային հանրության շրջանում աճող փոխհամաձայնությունը` հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու, արագ ու առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու շուրջ:

Ընդգծելով, որ իրենց միջնորդական ջանքերի հիմքում շարունակում են մնալ 2019 թվականի մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ շարադրված տարրերն ու սկզբունքները, համանախագահները հայտարարում են, որ պատրաստ են հանդիպել կողմերին կամ նրանց ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ, ինչպես նաև ընդգծում, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է որքան հնարավոր է շուտ տարածաշրջան վերադառնան:

XS
SM
MD
LG