Անցած գիշեր Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Ֆրենք Փալոնի՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությանը։
Ամերիկացի կոնգրեսականի հեղինակած լրացման համաձայն` ամերիկյան երկու ազդեցիկ գերատեսչությունները՝ Պետդեպարտամենտն ու Պենտագոնը, այսուհետ պետք է Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնեն ամերիկյան ռազմական օգնություն ստացած պետությունների կոնկրետ զորամիավորումների վերաբերյալ՝ հստակեցնելով` արդյոք դրանք օգնություն ստանալուց առա կամ դրա ընթացքում ներքաշված չեն եղել միջազգային իրավունքի նորմերի կամ մարդու իրավունքների խախտումներ պարունակող գործողություններում։
«Այս լրացման ընդունումը կարևոր է հատկապես մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հարձակմամբ հարվածի տակ է դնում Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Որևէ պարագայում Միացյալ Նահանգները չպետք է օժանդակություն ցուցաբերի և գործակցի անխոհեմ պահվածք ցուցաբերող ավտորիտար պետությունների հետ, որոնցում մարդու իրավունքների շուրջ ստեղծված կացությունը սարսափելի է», - անդրադառնալով լրացումն ընդունելու անհրաժեշտությանը` նշել է Ֆրենք Փալոնը։
Ի դեպ, նրա այս նախաձեռնությանը միացել են ևս երեք կոնգրեսականներ՝ Ներկայացուցիչների տանը Կալիֆորնիան ներկայացնող Ադամ Շիֆը, Ջեքի Սպայերը և Բրեդ Շերմանը։ Վերջինն, ի դեպ, անցած գիշեր հարկ համարեց լրացմանն իր աջակցությունը հայտնել հենց Ներկայացուցիչների տան լիագումար նիստի ընթացքում` հստակ ընդգծելով, որ Ֆրենք Փալոնի այս նախաձեռնության գլխավոր հասցեատերը մարդու իրավունքների ասպարեզում լրջագույն խախտումներ թույլ տված Ադրբեջանն է ու այդ երկրի բանակային ստորաբաժանումները։
Ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիցիչների համոզմամբ, եթե Փալոնի լրացումն ուժի մեջ մտնի, ապա դա կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Վաշինգտոնի և Բաքվի միջև ռազմատեխնիկական ոլորտում ծավալված համագործակցության վրա։ Վերջին շրջանում այդ համագործակցությունը խորանալու հստակ միտումներ ունի։ Վերջին մի քանի տարիներին միայն Ադրբեջանն ԱՄՆ-ից շուրջ 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել։
«Մենք երախտապարտ ենք կոնգրեսականներ Փալոնին, Շերմանին, Սփայերին և Շիֆին՝ ամերիկյան վարչակազմին ուղղված այս պահանջի համար։ Այդ պահանջի իմաստը՝ կատաղի հակահայկական պահվածք ցուցաբերող, [Հայաստանի հանդեպ] հարաճուն թշնամանք դրսևորող Ալիևի վարչակազմին զինելու հարցում թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելն է», - Ներկայացուցիչների տանը կայացած քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Փալոնի լրացման ընդունումը ողջունել է նաև ամերիկահայ մյուս ազդեցիկ կառույցը՝ Հայկական համագումարը։
«Հաշվի առնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող հարձակումները` մենք երախտապարտ ենք կոնգրեսական Փալոնին ճիշտ պահին օրենսդրական նման լրացում հեղինակելու համար», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ կապերի գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։
Փալոնի այս լրացումը մեկն էր այն չորս նախաձեռնություններից, որոնք այս օրերին, «Պաշտպանության մասին» օրենքի քննարկումների ընթացքում շրջանառվում էին ամերիկյան Կոնգրեսում։
Մեկ այլ լրամշակման հեղինակը կոնգրեսական Բրեդ Շերմանն էր։ Նրա նախաձեռնության նպատակը Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմական համագործակցության ծավալների կրճատումն էր։ Մյուս լրացումը, որի հեղինակը Ջեքի Սփայերն էր, կոչ էր անում ամերիկյան վարչակազմին Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու ընթացքում առաջնորդվել հավասարության սկզբունքով։
Այս նախաձեռնությունները, սակայն, Ներկայացուցիչների տան գլխադասային հանձնաժողովում բավարար թվով քվեներ չստացան և չընդգրկվեցին երեկ կայացած լիագումար նիստի օրակարգում։
Փոխարենը օրակագում ընդգրկվեց և ի վերջո հաստատվեց Կոնգրեսի թուրքական հարցերի հանձնախմբի համանախագահներ Սթիվ Շաբոթի և Սթիվեն Քոենի լրացումը, որը Պետդեպարտամենտից և Պաշտպանության նախարարությունից պահանջում է հատուկ զեկույցով գնահատել ներքին տեղահանվածների վիճակը Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Հայ դատի հանձնախումբն արդեն իսկ հայտարարել է, որ կտրականապես դեմ է այս լրացման ընդունմանը, որի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում որևէ հիշատակում չկա այդ երկրից հեռացած հարյուր հազարավոր հայ փախստականների, Սումգայիթի և Բաքվի ջարդերի, ինչպես նաև ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի դեմ հարձակումների մասին։