Մատչելիության հղումներ

Վարչապետ. «ՀՀ ԶՈւ-ն ցույց տվեցին բարձր մարտունակություն` նաև ջախջախելով Ալիևի կառուցած միֆը»


Հայաստանի զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով «մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին», այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ։

Նախարարության, Զինված ուժերի ղեկավար կազմի ու արգործնախարարի մասնակցությամբ հանդիպմանը Փաշինյանը նշել է՝ Ադրբեջանի նախահարձակ գործողություններն ունեն բացատրություն. - «Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է, և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում էր Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով` բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը: Այս ֆոնին զարգացնում էր Ադրբեջանի բանակի հզորության ու անպարտելիության մասին թեզը՝ փորձ անելով արդարացնել վերջին մեկուկես տասնամյակում բանակի զարգացման պատրվակով ծախսված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանը չծառայեցնելու գործելակերպը»:

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Այս ագրեսիվ հայտարարությունների ֆոնին բնականաբար Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված լիներ, և«հետևաբար Ադրբեջանը որոշեց հարվածել անսպասելի ուղղությամբ», նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը և այդ վիճակում հարձակում գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ», - շարունակել է նա:

Հայաստանի զինված ուժերը, սակայն, պլանը ձախողեցին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Ադրբեջանն իր այս գործողություններով վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, վերջին շաբաթվա ընթացքում հայկական Զինված ուժերի կողմից խոցվեցին զինատեսակներ, որոնք ողջ աշխարհում համարվում են անխոցելի:

Ըստ վարչապետի՝ ամենազարմանալին Ադրբեջանի ղեկավարության քամահրական վերաբերմունքն է սեփական զինվորների կյանքի նկատմամբ` նրանք ուղարկվում էին կանխատեսելի մահվան` ակնհայտ անիրագործելի խնդիրներին ընդառաջ. - «Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար: Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու:

Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, ժողովրդի անվտանգությունն ապահովելն է», - ասել է վարչապետ Փաշինյանը` շեշտելով, որ Ադրբեջանն այժմ ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության առումով է սպառնալիքներ ստեղծում։

Ադրբեջանի կողմից պաշտոնապես հայտարարվեց, որ կարող են հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին:

«Ճիշտ է` Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության», - ասել է վարչապետը:

Հտագա անելիքները, ըստ Փաշինյանի, հայկական կողմի դիրքորոշումը մնում է նույնը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի, Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի: Ի վերջո, ստեղծվի հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ: Հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում։

«Եվ վերջում, թույլ տվեք գոհունակություն արտահայտել Հայաստանի զինված ուժերի բարձր մարտունակության առիթով և արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է մեր կառավարությունը, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով, լիովին արդարացնում է իրեն, և որևէ կասկած չկա, որ մենք այդ ուղեգիծը կշարունակենք», - հայտարարել է նա:

Փաշինյանն ընդգծել է՝ Զինված ուժերի զարգացումն առաջնահերթությունների առաջնահերթությունն է, և այս առումով կա մի խնդիր, որ լիարժեք չի լուծվել՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները պետք է վերադառնան պետությանն ու ուղղվեն Զինված ուժերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG