Մատչելիության հղումներ

Գիշերը սահմանին հարաբերական անդորր է պահպանվել. ՊՆ խոսնակ


ՀՀ ԶՈՒ զինծառայողները Տավուշի սահմանագոտում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր, առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ֆեյսբուքում գրառմամբ Ստեփանյանը մանրամասնում է.

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:

Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։

Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 9 անգամ:

Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 6 անգամ:

ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին»։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, ու մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Շաբաթավերջից սահմանին պահպանվում է հարաբերական անդորրը:

XS
SM
MD
LG