Մատչելիության հղումներ

Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ


ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր, առավոտյան Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակը:

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։

Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։

Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է», - հաղորդում է Շուշան Ստեփանյանը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, ու մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Շաբաթավերջից սահմանին պահպանվում է հարաբերական անդորրը:

XS
SM
MD
LG