Մատչելիության հղումներ

Սահմանին այս գիշեր ևս խաղաղ է եղել, ասում է մարզպետը


Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, հուլիս, 2020թ.

Այս գիշեր ևս սահմանին խաղաղ է եղել, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այս գիշեր ևս խաղաղ է եղել, և կարծում եմ՝ այսօր մենք հերթական աշխատանքային վերականգնողական օրը կունենանք: Շատ պայծառ առավոտ է, <...> մարդիկ ավելի են ներգրավված, այդ թվում՝ բավականին բուռն կերպով սկսել են գյուղատնտեսական աշխատանքները, որի կարիքն իսկապես կա», - ասաց մարզպետը՝ շարունակելով. - «Կարծում եմ՝ այսօր ևս նմանատիպ օր կլինի: Կարծես թե սահմանի վրա մեր Զինված ուժեր լուծել են իրենց առջև կանգնած խնդիրը, կարծես թե քաղաքացիական պաշտպանության ուժերը ևս լուծել են խնդիրը, և մենք նվազագույն կորուստներով ենք դուրս եկել հրետակոծություններից և այս օրերի ճնշումներից, և հիմա թիկունքում հաղթելու ժամանակն է»:

Ի պատասխան հարցի՝ Չոբանյանը հաստատեց, որ մարդիկ տներում են անցկացրել գիշերը. - «Այո, մարդիկ տներում են անցկացնում, բնականաբար, երևի թե դեռևս որոշակի զգուշավորություն են ցուցաբերում և հնարավորության դեպքում անցկացնում են նկուղային սենակներում: Եվ ճիշտ են անում: Դա լրացուցիչր զգուշություն է, որը որ մեր ժողովուրդը ցուցաբերում է բնազդաբար, և նաև դա էր հիմնական պատճառներից մեկը, որ մենք ունեցանք նվազագույն վնասներ այս օրերի հրետակոծություններում»:

Հարցին էլ՝ իսկ գյուղատնտեսական աշխատանքները վտանգավոր չե՞ն, այն տեղերում չե՞ն, որ մարդիկ կարող են վտանգի ենթարկվել, Հայկ Չոբանյանն արձագանքեց. - «Բնականաբար այդ տեղերում են: Գիտե՞ք, եթե այսպես ասենք՝ ընդհանապես այդ գյուղերում ամեն ինչ անելն է վտանգավոր: Մանավանդ որ վերջին օրերին, գիտեք, նաև հրետակոծություն է եղել, ոչ միայն հրետանին է աշխատել, այլև անօդաչու թռչող սարքերը, որոնց աշխարհագրության առումով ընդհանրապես որևէ սահմանափակում չկա: Կյանքը գնում է իր բնականոն հունով, և պետք է մարդիկ մշակեն իրենց այգիները: Եթե կլինի լարվածություն, անմիջապես կազդարարվի, և մարդիկ կվերադառնան պատսպարման»:

Մարտական գործողությունների հետևանքով վնասված կառույցների շինարարական աշխատանքները երկու օր առաջ սկսվել են, «երեկ շատ բուռն աշխատանքներ էին ընթանում»: «Ես ինքս այցելել եմ այդ շինարարություններ, և նաև երեկ հայտարարել եմ, որ մեծ ոգևարություն ապրեցի, երբ որ տեսա, որ շինարարներից բացի՝ այդ աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև տվյալ գյուղերի բնակիչները», - նշեց Հայկ Չոբանյանը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Շաբաթավերջից սահմանին պահպանվում է հարաբերական անդորրը:

XS
SM
MD
LG