Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը քննարկում է օգնության երկրորդ փուլի, Բրյուսելը` ԵՄ տնտեսության վերականգնման հիմնադրամի հարցը


ԵՄ անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովին, 17 հուլիսի, 2020թ.
ԵՄ անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովին, 17 հուլիսի, 2020թ.

ԱՄՆ-ի Կոնգրեսը պլանավորել է գալիք շաբաթվա սկզբից քննարկել կորոնավիրուսի համավարակի ծանր հետևանքները մեղմելու համար օգնության երկրորդ փաթեթը նախատեսող օրինագիծ ընդունելու հարցը։ Միլիոնավոր ամերիկացիներ դեռ գործազուրկ են։

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը երեկ ասել է․ - «Կարծում եմ` մենք անպայման կունենանք ևս մեկ փաթեթ, քննարկումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից»:

Ուրբաթ օրը մասնակցելով Ներկայացուցիչների տան փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նիստին` ֆինանսների նախարարն ասել է, թե ակնկալում է` հաջորդ օգնությունը նշանակալից գումարային հատկացում կլինի դպրոցների վերաբացումը ապահովելու համար։ Նա նշել է, որ օգնության կարիք ունեն նաև ձեռնարկությունները։ Սպիտակ տունը հայտնել է նախագահ Թրամփի տեսակետը՝ նախագահը կցանկանար, որ օգնության հաջորդ փուլը ուղղված լինի կրթական համակարգին, մասնավոր դպրոցներին։ Հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնություններ կան գումարի չափի հարցում, բայց բանակցելու համար նրանք շատ քիչ ժամանակ ունեն, նախատեսվում է հուլիսի 20-ից սկսել քննարկումները։

Անցած մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի «ռեկորդային» բարձր թիվ է արձանագրվել, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների` COVID-19-ի 77 հազար նոր դեպք` 24 ժամվա ընթացքում։ ԱՄՆ-ում արձանագրված կորոնավիուսի ընդհանուր դեպքերն անցել են 3 միլիոն 600 հազարը, վարակվածներից ավելի քան 140 հազարը մահացել են։ Նահանգների շարքում վիրուսը ամենաշատը տարածված է Կալիֆորնիայում, Արիզոնայում, Ֆլորիդայում և Թեքսասում։

Չնայած կորոնավիրոսի տարածումը կանխարգելիչ միջոցառումներին, Ջորջիա նահանգում դիմակ կրելը որոշ տարաձայնություններ է առաջացրել։ Հանրապետական նահանգապետ Բրայան Քեմփը նահանգի բնակիչներին հորդորել է առնվազն 4 շաբաթ դիմակ կրել, բայց դատի է տվել Ատլանտայի քաղաքապետին, ով ասել է, թե դիմակ կրելը պարտադիր է, և կարգը խախտողները կտուգանվեն կամ նույնիսկ վարչական կալանքի կենթարկվեն։ Նահանգապետի կարգադրությունը բաց տարածքների համար պարտադիր չէ, և Բրայան Քեմփը, պնդելով, որ քաղաքապետը չի կարող նահանգային իշխանություններին հակասող որոշում ընդունել, նրա դեմ դատական հայց է ներկայացրել։

Քաղաքի բնակիչներից Միրկա Մյուրեյն ասել է, թե պարզապես չի հասկանում` նահանգապետ Քեմփը ինչո՞ւ է դատական հայց ներկայացրել, «պարզապես խանգարելու, խոչընդոտելու համար, առանց այդ էլ մենք մեծ խնդիրներ ունենք»։

Մեկ այլ բնակիչ, այգում կիթառ նվագող Մարկ Թովըրն ասել է․ - «Ես իսկապես հիասթափված եմ, եթե մենք միասին չաշխատենք, չենք կարող ուժեղ լինել։ Մենք միասնության կարիք ունենք»։

Նահանգի հանրային առողջության դեպարտամենտի տվյալներով` Ջորջիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 135 հազար դեպք, 3 հազարից ավելի հիվանդ մահացել է։

Եվրոպայում կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությունը ռեցեսիայից դուրս բելու Եվամիության առաջնորդների բանակցությունների առաջին օրն ավարտվել է անարդյունք։ Ուրբաթ օրը 13 ժամ շարունակված հանդիպումը ավարտվել է կեսգիշերից անց, բայց նրանք չեն կարողացել համաձայնության հասնել 750 միլիարդ եվրո կազմող վերականգնման հիմնադրամից հատկացումներ կատարելու հարցում։ Հիմնական տարաձայությունը սա է՝ հիմնադրամի գումարի որ մասը անհատույց տրամադրվի, որ մասը վարկ ձևակերպվի։

Նիդեռլանդների վարչապետը մերժել է նաև ուշ երեկոյան առաջարկված փոխզիջումային տարբերակը։ Եվրամիության 27 անդամներից յուրաքանչյուրը հիմնադրամից գումարներ ստանալու համար իր ազգային շահերն է պաշտպանում։ Նիդեռլանդների վարչապետը պահանջում է, որ յուրաքանչյուր երկիր վետո դնելու իրավունք ունենա, այսինքն` հիմնադրամից կատարվող հատկացումները կատարվեն լիակատար կոնսեսուսով։

Եվրամիության առաջնորդները նշում են, որ Երկրորդ աշխարհամարտից հետո տնտեսական այսքան մեծ անկում չէր գրանցվել, և տնտեսությունը վերականգնելու համար անհրաժեշտ է համաձայնույան հասնել հիմնադրամի ու Եվրամիության գալիք տարվա բյուջեի հարցում։

Այսօր գագաթնաժողովի երկրորդ օրն է. «Ռոյթերսը», վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որպես փոխզիջում առաջարկել է կրճատել անհատույց դրամաշնորհների չափը։

Բրյուսելում անցկացվող հանդիպումը փետրվարից հետո առաջինն է, որտեղ Եվրամիության առաջնորդները միասին հավաքվել են, վերջին ավելի քան 4 ամիսների ընթացքում նրանք հանդիպումները հեռավար էին անցկացնում` հարցերը քննարկելով տեսակոնֆերանսների միջոցով։

XS
SM
MD
LG