Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մոլեգնել աշխարհում


Եվրամիության գագաթնաժողովին ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ողջունում են միմյանց, Բրյուսել, 17-ը հուլիսի, 2020թ.
Եվրամիության գագաթնաժողովին ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ողջունում են միմյանց, Բրյուսել, 17-ը հուլիսի, 2020թ.

Աշխարհի տարբեր մասերում ու երկրներում Covid19-ի համավարակի նորանոր հակառեկորդներ են գրանցվում:

Հնդկաստանը վարակակիրների թվով դարձավ աշխարհում երրորդը

Ուրբաթ օրը Հնդկաստանը դարձավ աշխարհում երրորդ երկիրը կորոնավիրուսի վարակակիրների վիճակագրությամբ՝ 1 միլիոն հաստատված դեպքերով, զիջելով միայն Միացյալ Նահանգներին և Բրազիլիային:

Հնդկաստան - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման համար հերթ Մումբայում, հուլիս, 2020թ.
Հնդկաստան - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման համար հերթ Մումբայում, հուլիս, 2020թ.

Փորձագետների գնահատմամբ՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանի բնակչությունը կազմում է 1 միլիարդ 300 միլիոն, 1 միլիոն վարակակիրների թիվը համեմատաբար մեծ չէ, սակայն առաջիկա ամիսներին իշխանությունները պլանավորում են մեծացնել թեստավորման ծավալները` վերհանելով ավելի մեծ թվով վարակակիրների, ինչը է'լ ավելի կվատթարացնի ծայրահեղ վիճակում հայտնված առողջապահական համակարգը:

Բրազիլիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատեց 2,5 միլիոնի շեմը

Բրազիլիա - Պաշտպանիչ արտահագուստներով ամուսնական զույգ Ռիո դե Ժանեյրոյում, հուլիս, 2020թ.
Բրազիլիա - Պաշտպանիչ արտահագուստներով ամուսնական զույգ Ռիո դե Ժանեյրոյում, հուլիս, 2020թ.

Բրազիլիայում կորոնավիրոուսի վարակակիրների թիվը հատեց 2,5 միլիոնի շեմը, միայն վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է ավելի քան 45 հազար նոր դեպք, մահացել է ավելի քան 1300 մարդ։ Իշխանությունները հույս ունեին, որ հուլիսին համաճարակային իրավիճակը կկայունանա, իսկ օգոստոսին նոր վարակակիրների թվի աճը կնվազի:

Վարակի հերթական ռեկորդային թիվը ԱՄՆ-ում

Մոտ 3,5 միլիոն վարակակիրների և 141 հազար մահացության ցուցանիշներով` աշխարհում առաջինը համարվող Միացյալ Նահանգներում հերթական ռեկորդային բարձր թվերն են արձանագրվում մեկ օրվա կտրվածքով։ Երկրում անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակի ևս 77 հազար նոր դեպք։ Հունիսին այդ ցուցանիշը մոտ 25 հազարի սահմաններում էր:

ԱՄՆ - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում կատարող բուժաշխատողը հոգնել է գերլարված աշխատանքից, Հյուսթոն, Տեքսաս, հուլիս, 2020թ.
ԱՄՆ - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում կատարող բուժաշխատողը հոգնել է գերլարված աշխատանքից, Հյուսթոն, Տեքսաս, հուլիս, 2020թ.

Նահանգներից առայժմ 38-ում է պարտադիր պաշտպանիչ դիմակներ կրելը: ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հետ հարցազրույցում Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի արձագանքը կորոնավիրուսի ճգնաժամին՝ պնդելով, որ այլ պետությունների համեմատ Միացյալ Նահանգներում իրավիճակը շատ ավելի ծանր է:

«Մեր կառավարությունը և այս վարչակարգը շատ ավելի նվազ արդյունավետությամբ են զբաղվել կորոնավիրուսի համաճարակով», - ասել է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի ղեկավարը:

Ի պատասխան՝ Ֆաուչին հիշեցրել է համաճարակի բռնկման սկզբնական շրջանում սոցցանցերում հայտնված անհաշիվ կեղծ, գիտությանը հակասող ու մարդկանց մոլորեցնող հրապարակումների մասին:

Իսպանիայում մայիսի 10-ից ի վեր վարակակիրների ամենաբարձր թիվն է արձանագրվել

Եվրամիության տարածքում համաճարակային իրավիճակը կրկին սրվել է Իսպանիայում, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 580 նոր դեպք՝ սա վատթարագույն ցուցանիշն է մայիսի 10-ից ի վեր: Վարակի բռնկման օջախը Կատալոնիան է, իշխանությունները քննարկում են Բարսելոնայում նոր սահմանափակումներ մտցնելու հարցը։ Թագավորությունում ընդհանուր առմամբ հաստատվել է 306 հազար վարակի դեպք, զոհվել է ավելի քան 28 հազար մարդ:

Եվրամիության գագաթնաժողովը Բրյուսելում, 17-ը հուլիսի, 2020թ.
Եվրամիության գագաթնաժողովը Բրյուսելում, 17-ը հուլիսի, 2020թ.

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարներն այսօր առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու տնտեսությունը վերականգնելու համար 750 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը: Գագաթնաժողովի մեկնարկին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ «եկել է Եվրամիության համար ճշմարտության պահը», կոչ անելով դաշնակիցներին համաձայնեցնել ծրագիրը՝ համաճարակի հետևանքով աննախադեպ ծանր վիճակում հայտնված տնտեսությունն առողջացնելու համար:

Ղրղըզստանում և Ղազախստանում վարակը սրընթաց տարածվում է

Կենտրոնական Ասիայում իրավիճակը ծայրաստիճան ծանր է հատկապես Ղազախստանում և Ղրղըզստանում։

Միայն հուլիսին Ղրղըզստանում Covid-19-ով հիվանդների թիվը մոտ 4,5 անգամ աճել է, մարտից գործող սահմանափակումների թուլացումից հետո համաճարակը կրկին սկսել է մեծ թափով տարածվել։ Մոտ 12 հազար վարակակիրներից յուրաքանչյուր վեցերորդը բժշկական ոլորտի աշխատող է՝ մոտ 2 հազար բուժաշխատող: Միայն անցած օրերին վարակը հաստատվել է մոտ հարյուր բժիշկների և բուժքույրերի մոտ։ Կարանտինային սահմանափակումների պատճառով երկիրը բախվել է 1990-ականներից ի վեր ամենածանր տնտեսական ճգնաժամին:

Ղազախստանում հուլիսի 13-ը սգո օր էր հայտարարված՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի
Ղազախստանում հուլիսի 13-ը սգո օր էր հայտարարված՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

Հարևան Ղազախստանում, չնայած ավելի բարենպաստ տնտեսական կացությանը, առողջապահական համակարգն այլևս չի դիմադրում:

Ղազախստանի իշխանությունները որոշել են կորոնավիրուսային վիճակագրությունում ներառել նաև թոքաբորբով հիվանդների թիվը։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չէր բացառել, որ Ղազախստանի հիվանդանոցներում բուժվող տասնյակ հազարավոր թոքաբորբով հիվանդները հենց կորոնավիրուսի վարակակիրներ են, պարզապես՝ սխալ ախտորոշմամբ:

Ավելի քան 18 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը շուրջ 70 հազար է, շուրջ 400-ը մահացել են։

Վերջին շրջանում երկրում արձանագրվում են թոքաբորբի մեծ թվով դեպքեր, հիվանդների մոտ, սակայն, կորոնավիրուսի թեստը բացասասական արդյունք է տալիս: Այս տարվա առաջին վեց ամիսներին գրանցվել է նման մոտ 100 հազար դեպք, որից մեկ երրորդը` հունիսին:

Պեկինում՝ զրո նոր վարակակիր

Չինաստան - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման համար հերթ Պեկինում, 30-ը հունիսի, 2020թ.
Չինաստան - Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման համար հերթ Պեկինում, 30-ը հունիսի, 2020թ.

Ղազախստանի մյուս հարևան՝ Չինաստանի մայրաքաղաքում 11-րդ օրն է կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել: Վարակի օջախը համարվող այս երկրում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է COVID19-ի ընդամենը 10 դեպք։



XS
SM
MD
LG