Մատչելիության հղումներ

ԵՄ լիդերները կարանտինի թուլացումից հետո առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում


Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստիադեսի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «կարանտինային ողջույնը», Բրյուսել, 17 հուլիսի, 2020թ.

Եվրոպական միության (ԵՄ) 27 անդամ պետությունների ղեկավարները կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ անցած ամիսներին բացառապես հեռավար կարգով անցկացրած քննարկումներից հետո այսօր առաջին անգամ հավաքվել են Բրյուսելում:

Եվրամիության լիդերները քննարկում են տնտեսությունը վերականգնելու համար 750 միլիարդ եվրոյի ֆինասական օգնության փաթեթը: Այդ գումարը հավասար է մոտ 855 միլիարդ ամերիկյան դոլարի:

Եվրոպական միության տնտեսությունը հավարարակի արդյունքում հայտնվել է հիմնադրումից ի վեր ամենածանր ճգնաժամում, և անդամ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է հնարավորինս արագ ձեռնարկել բարձրագույն աստիճանի ինտեգրված 27 տնտեսությունների վերականգնման միջոցներ:

Այդուհանդերձ, տեսակապով անցկացրած քննարկումների ընթացքում ի հայտ են եկել տարաձայնություններ տնտեսության վերականգնման հիմնադրամի և Եվրամիության ընդհանուր բյուջեի միջոցների հասցեական տրամադրման հարցերի շուրջ:

Բրյուսելում գագաթնաժողովի մասնակիցները հետևում են սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակ կրելու կանոնին:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, որ «եկել է Եվրամիության համար ճշմարտության պահը», և պաշտոնակիցներին կոչ է արել գնալ փոխզիջումների ու համաձայնեցնել ծրագիրը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն անցած շաբաթ առաջարկել է հաստատել 500 միլիարդ եվրոյի վարկերի և 250 միլիարդ եվրոյի դրամաշնորհների համամասնություն:

XS
SM
MD
LG