Մատչելիության հղումներ

Ռուսաստանին մեղադրում են կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութի գաղտնիքները գողանալու փորձերի մեջ


Միացյալ Նահանգների, Բրիտանիայի և Կանադայի անվտանգության ծառայությունները Ռուսաստանի հետախուզությանը մեղադրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող ընկերությունների կայքերի վրա հաքերային հարձակումներ կատարելու մեջ, փորձելով գողանալ ուսումնասիրությունների արդյունքները։

«ԱՄՆ-ի և Կանադայի մեր գործընկերների հետ մենք հստակ արտահայտվել ենք, հայտարարություն ենք տարածել՝ նշելով, որ մենք գիտենք՝ ռուսական հետախուզական ծառայությունները հաքերային հարձակումներով թիրախավորել են երեք երկրների, այդ թվում՝ Միացյալ Թագավորությանը, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու մշակումներ են կատարվում։ Դա վրդովեցուցիչ է։ Ամբողջ աշխարհը միավորվել է, մենք փորձում ենք պատվաստանյութ մշակել մեր ժողովուրդների և ամբողջ աշխարհի բնակչության համար, ինչը բոլորին օգտակար կլինի, ուստի անհրաժեշտ է՝ աշխարհն իմանա, թե ինչ գործողություններով է զբաղված Ռուսաստանի կառավարությունը», - ասել է Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը և ընդգծել. «Կարծում եմ՝ կարևոր է այդ մասին հայտնելը, մենք չենք պատրաստվում սպասել մինչև վնասներ կրելը։ Հակառակ միջազգային օրենքին, հակառակ Ռուսաստանի պարտավորություններին, որպես միջազգային հանրության անդամի, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի, այդ երկիրը հաքերային հարձակումներով թիրախավորել է ոչ միայն Բրիտանիան, այլև Կանադան, ԱՄՆ-ն՝ ուր փորձում են ամբողջ աշխարհին օգտակար պատվաստանյութ գտնել։ Եվ ես կարծում եմ՝ բացարձակ ճիշտ է այդ մասին տեղյակ պահել մեր միջազգային գործընկերներին»։

Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնը ևս հինգշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարության աջակցությունը վայելող հաքերները փորձում են COVID-19-ի դեմ պատվաստանյութի ուսումնասիրությունները գողանալ աշխարհով մեկ այդ գործին լծված դեղագործական ընկերություններից ու լաբորատորիաներից։

Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի համատեղ հայտարարությունում նշված է, որ հաքերային հարձակումները կատարվել են ART29 խմբի կողմից՝ հայտնի "Cozy Bear" անվանումով, որը մեծ հավանականությամբ գործում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կազմում։

Բրիտանիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, թե Ռուսաստանը փորձել է միջամտել անցած դեկտեմբերի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին, որտեղ համոզիչ հաղթանակ տարան Բրեքզիթին անվերապահորեն կողմ վարչապետ Բորիս Ջոնսոնի պահպանողականները։

Մոսկվան հերքել է հնչած մեղադրանքները։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրանք անհիմն է համարել։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այդ մեղադրանքները համարել է մշուշոտ և հակասական։

«Եթե տեղին չէ ասելը, ուրեմն մի ասեք։ Եթե ասում եք, ուրեմն փաստեր ներկայացրեք։ Ինչի՞ մասին է խոսքը, եկեք հասկանանք: Մի կողմից՝ ապացույցներ չկան, մյուս կողմից՝ խոսվում է պատասխան հավանական քայլերի մասին, սրանք միմյանց հակասում են», - ասել է Զախարովան։

Բրիտանիայում ակնկալվում է, որ շուտով հրապարակվելու է «Ռուսաստան» զեկույցը, որը խորհրդարանի հետախուզության և անվտանգության հարցերով հանձնաժողովը պատրաստել էր անցած տարեվերջին։ Զեկույցը նախատեսվում էր հրապարակել անցած դեկտեմբերին կայացած Բրիտանիայի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից առաջ, սակայն Բորիս Ջոնսոնի կառավարությունը որոշեց հետաձգել հրապարակումը, որպեսզի այն ազդեցություն չունենա ընտրությունների վրա։

XS
SM
MD
LG