Մատչելիության հղումներ

ԱՆ խոսնակ. Հակառակորդի հարվածից վիրավորած քաղաքացու վիճակը կայուն ծանր է


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Հակառակորդի հարվածից վիրավորված Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10 տոկոս այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Ըստ նրա` քաղաքացու վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր:

«Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Երեկ սահմանին հարաբերական անդորր էր, այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց նոր բախումների մասին: Հայկական կողմը հայտնել է, որ այդ մարտերի հետևանքով զոհեր և վիրավորներ չունի, կորուստներ ունի հակառակորդը:

XS
SM
MD
LG