Մատչելիության հղումներ

Դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել, հրետակոծվել են Բերդը, Այգեպարը, Մովսեսը. հայկական կողմը զոհեր չունի


ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է», - գրում է խոսնակը Ֆեյսբուքում:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները», - փոխանցում է Ստեփանյանը՝ նշելով, որ «սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»։

Կոնկրետ այս պահին ավելի հանգիստ է. մարզպետ

Առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում «Ազատության» հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը փոխանցեց. - «Առավոտյան վերսկսվել են հրետակոծությունները Բերդի գյուղական բնակավայրերի, այդ թվում՝ Բերդ քաղաքի ուղղությամբ, որևէ մարդկային հետևանք չկա, կան վնասված տներ, ենթակառուցվածքներ, այս պահին իրականացնում ենք հաշվառումը, որպեսզի հասկանանք հետևանքները ամենայն մանրամասնությամբ: Բնակիչները պատսպարված են նկուղներում, ապաստարաններում, մարդկանց վտանգ չի սպառնում, հուսանք, որ այդպես էլ կշարունակվի»:

«Տեղահանման, տարհանման որևէ կարիք չկա: Գիտեք, որ նախորդ օրերին, ըստ էության, կրկին նույն վիճակն էր, և մենք երեկվա դադարի ժամանակ զգոնությունը չենք կորցրել և պատրաստ էինք իրադարձությունների այս ընթացքին: Հուսով եմ, որ երկար չի տևի: Մեր Զինված ուժերը, ինչպես և ասել ենք նախկինում, լիարժեք իրենց առջև դրված խնդիրը լուծում են՝ հաստատ սահմանի վրա: Բնակիչները ուղղակի պատսպարված են, որպեսզի որևէ հետևանքներ չլինեն», - շարունակեց Չոբանյանը:

«Կոնկրետ այս պահին ավելի հանգիստ է: Հնարավոր է՝ որոշակի հրետակոծություններ կան, որոնք մեզանից ավելի հեռու են գտնվում և այս պահին չենք լսում, բայց մենք, ըստ էության, 15 րոպեն մեկ բոլոր համայքններից ստանում ենք տեղեկատվություն, բոլոր գյուղերից ստանում ենք տեղեկատվություն: Հույս ունենանք, որ այս պահի հարաբերական խաղաղությունը երկար կտևի», - ասաց Տավուշի մարզպետը:

Տոնոյանը կապվել է Կասպշիկի հետ, ներկայացրել իրավիճակը և հայտնել, որ ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր և վիրավորներ ունեն

Պաշտպանության նախարարի խոսնակը Ֆեյսբուքում մեկ այլ գրառմամբ հայտնեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, ներկայացրել է ժամը 3:40-ից Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

«Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են», - գրել է ՊՆ խոսնակը:


Քիչ անց էլ Շուշան Ստեփանյանը նույն սոցիալական ցանցում լուսանկարներ և տեսանյութ հրապարակեց՝ գրելով. - «Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան»։

Րոպեներ անց ՊՆ խոսնակը գրեց, որ «հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի»։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG