Մատչելիության հղումներ

Բերդ քաղաքում այսօր հարաբերական անդորր է


Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյան
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզի Բերդ քաղաքում, որը երեկ ենթարկվել էր հակառակորդի հրետակոծությանը, այսօր հարաբերական անդորր է տիրում: Քաղաքի բնակիչները «Ազատության» հետ զրույցներում փոխանցեցին, որ անցած գիշերն ու այսօր կրակոցներ չեն եղել: Քաղաքն ապրում է սովորական ռիթմով:

Ավելի վաղ Իջևանում Իջևանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 20 վիրավոր, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նա նաև նշեց, որ երեկ երեկոյան ՀՀ զինված ուժերը խոցել են հակառակորդի ևս երկու ԱԹՍ:

«Ազատության» հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմի հետ զինադադարի վերաբերյալ պայմանավորվածություն կա, Հովհաննիսյանն արձագանքեց. – «Ես, ճիշտն ասած, տեղեկություն չունեմ հրադադարի մասով հստակ պայմանավորվածության վերաբերյալ, բայց լինում է հաճախ, որ գիշերները ակտիվությունն ընկնում է: Եթե նման ինֆորմացիա ունենանք, անպայման կհայտարարենք: Կամ մենք կհայտարարենք, կամ կարող է բրիֆինգներից դուրս Արտգործնախարարությունը հայտարարել»:

«Ազատության» խնդրանքով Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների նախարարի երեկվա հայտարարությանը, որ իսրայելական Hermes 900 ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված ՕՍԱ-ների միջոցով. – «Ինչ վերաբերվում է երեկ մեր խոցած Hermes 900-ին, այո, հաստատում ենք` Hermes 900-ը, որը թանկարժեք, բարձրտեխնոլոգիական «թռչող ուղեղային կենտրոն» է, խոցվել է հայկական ստորաբաժանումներին ՀՕՊ միջոցների կողմից: Այո, ՕՍԱ-ԱԿՄ համալիրն է, որը տեղում արդիականացվում է: Մեր ռազմարդյունաբերական համալիրը, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է ՕՍԱ-ԱԿՄ-ների մոդեռնիզացիայի տեխնոլոգիաները: Պետք է ասեմ, որ վերջին տարիներին` ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ադրբեջանական դրոնների խոցման ամենալավագույն գործիքը մեր մոտ, կարելի է ասել, դա ՕՍԱ-ԱԿ, ՕՍԱ-ԱԿՄ համալիրներն են»:

«Ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում և սահմանապահ ծառայությունը, որը Տավուշի հատվածում սահմանապահ ծառայութունն է իրականացնում, թե' երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած գրեթե իրենց ողջ զինանոցը կիրառվել է` բացառությամբ մի քանի միջոցների: Մեր ՀՕՊ միջոցները, և գիշերը բնականաբար էդ թիվը է'լ ավելի է մոտեցել տասին, մոտավոր տասը միավոր ԱԹՍ-ներ են խոցել: Դրանց մեջ մտնում են ինչպես փոքր, հետախուզական, մարտավարական խնդիր կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ները, այնպես էլ թանկարժեք Hermes 900 ղեկավարման կենտրոն հանդիսացող ԱԹՍ-ն», - հավելեց Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG