Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի պնդմամբ՝ Վրաստանի կառավարությունը ռուսամետ է, և նրա հեռացումը բխում է նաև Ուկրաինայի շահերից


Ուկրաինա - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրուցում է լրագրողների հետ, Կիև, ապրիլ, 2020թ.
Ուկրաինա - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրուցում է լրագրողների հետ, Կիև, ապրիլ, 2020թ.

Վրաստանի «ռուսամետ» իշխանությունների հեռացումը բխում է նաև Ուկրաինայի շահերից: Նախօրեին «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միխեիլ Սաակաշվիլին։

«Կարծում եմ, որ Վրաստանի ռուսամետ կառավարության հեռացումը համապատասխանում է նաև Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերին։ Դա իմ անձնական կարծիքն է։ Սա Ուկրաինայի նախագահի կամ որևէ այլ պաշտոնյաի տեսակետը չէ, քանի որ ես ուկրաինացի պաշտոնյա չեմ համարվում», - հայտարարում էր Սաակաշվիլին, նշելով, որ չնայած ուկրաինական անձնագրի առկայությանը՝ «որևէ մեկը չի կարող արգելել ինձ վրացի մնալ»։

Սաակաշվիլիի այս հայտարարությանը նախորդեց Ֆեյսբուքում նախորդ շաբաթ նրա զետեղած տեսաուղերձը, որում նախկին նախագահը կոշտ քննադատության էր ենթարկում Վրաստանի գործող կառավարությանը։

«Իվանիշվիլին և նրա բիզնես գործընկերները այսօր երկրում քրեածին տարրերից և մարզիկներից կազմված խմբեր են ստեղծել, որոնք ահաբեկում են իրենց տնտեսական մրցակիցներին և քաղաքական հակառակորդներին։ Այսօր Վրաստանում այսպես կոչված «բեսպրեդելշչիկների» իշխանություն է, և ես չեմ ճանաչում այս կառավարության լեգիտիմությունը։ Վրաստանը լեգիտիմ կառավարություն չունի», - հայտարարում էր Սաակաշվիլին այս ելույթում։

Ուղերձում Միխեիլ Սաակաշվիլին անդրադառնում էր նաև Վրաստանի կառավարության համար ցավոտ մեկ այլ թեմայի՝ ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի նախորդ շաբաթ կայացրած որոշմանը։ Դրանով ամերիկացի օրենսդիրներն առաջարկում են սառեցնել Թբիլիսիին հատկացվող 132 միլիոն դոլար ընդհանուր ծավալի ամերիկյան ֆինանսական օգնության 15 տոկոսը։ Այդ գումարն, ըստ ամերիկյան կողմի, կապասառեցվի, երբ վրացական իշխանություններն արդյունավետ պայքար ծավալեն ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքական կյանքի վրա օլիգարխների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։

«Առաջին անգամ մեր պատմության մեջ ամերիկյան Կոնգրեսը Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում», - ասում էր Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահի այս հայտարարությունները նրա պատմական հայրենիքում աննկատ չմնացին։ Հաջորդ օրն արդեն Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը կանչվեց Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց դժգոհությունը փոխանցեցին Կիևին՝ պնդելով, որ Ուկրաինայում բարձր պաշտոն զբաղեցնող Սաակաշվիլիի այս հայտարարությունները վնասում են երկկողմ հարաբերությունների բնականոն զարգացումը։ Ուկրաինայի դեսպանի համոզմամբ, սակայն, «երկկողմ հարաբերությունների մասին խոսելու լիազորություն չունեցող անձանց հայտարարությունները պետության պաշտոնական տեսակետ համարվել չեն կարող»։

XS
SM
MD
LG