Վրաստանը կարող է զրկվել Վաշինգտոնի կողմից հատկացվող ֆինանսական օգնության մի մասից, եթե բարեփոխումների ուղղությամբ մոտ ապագայում հրատապ քայլեր չկատարի։
ԱՄՆ-ը որոշել էր Վրաստանին 132 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերել, ինչն աննախադեպ մեծ գումար է հարավկովկասյան այդ երկրի համար։ Բայց օգնության չափը հնարավոր է 15 տոկոսով կրճատվի ու Վրաստանը մոտավորապես 20 միլիոն դոլար քիչ ստանա։
Ներկայացուցիչների տան մի խումբ կոնգրեսականներ նախաձեռնել են արդեն ընդունված ու նախագահ Թրամփի կողմից ստորագրված արտաքին հատկացումների ակտում փոփոխություններ կատարել, ինչը կարող է հանգեցնել Վրաստանի ֆինանսավորման կրճատման։
Վրաստանի ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը՝ պնդելով, որ կառավարությունից և իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիից կոնգրեսականների դժգոհությունը Վրաստանի վրա 20 միլիոն դոլար է նստելու, չհաշված երկրի վարկանիշի անկումը։
Կոնգրեսականները արտաքին հատկացումների փոփոխությունները նախաձեռնել են Ներկայացուցիչների տան բյուջետային հարցերով հանձնաժողովում։
Բյուջետային հարցերով հանձնաժողովում կոնգրեսականների նախաձեռնած փոփոխություններով Վրաստանին հատկացվող օգնությունը 15 տոկոսով կրճատվում է, քանի դեռ պետքարտուղարը Կոնգրեսի հանձնաժողովին չի զեկուցի, որ Վրաստանի կառավարությունը էֆեկտիվ քայլեր է կատարում հետևյալ ուղղություններով.
Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում։
Կոռուպցիայի դեմ պայքար իշխանության ներսում, այդ թվում՝ հակակոռուպցիոն օրենսդրության և կանոնների կատարում։
Մասնավոր հատվածում օրենքի գերակայության ապահովում, միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան, ներառյալ արտասահմանյան ձեռնարկությունների իրավունքների պաշտպանություն, առանց հետապնդումների գործունեության ապահովում։
Ընդդիմադիր «Ազգային շարժումը» արդեն եզրակացրել է, որ Վրաստանին մեկուսացում, իսկ Բիձինա Իվանիշվիլիին պատժամիջոցներ են սպառնում։ Կուսակցության առաջնորդներից, պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ երկու երկրների հարաբերությունների ժամանակակից պատմության մեջ աննախադեպ պահ է ստեղծվել, նախկինում ևս Վաշինգտոնից քննադատություններ են հնչել, մասնավորապես Շևարդնաձեի իշխանության ժամանակ, մինչև 2003 թվականը՝ բայց այսպիսի վերաբերմունք երբեք չի եղել։ Քննադատությունը երբեք ֆինանսական պատժամիջոցների ձևով չի արտահայտվել, ասել է պատգամավորը:
«Դա տեղի է ունենում, որովհետև երկրում Իվանիշվիլիի ստեղծած կոռուպցիայի աննախադեպ չափերը հնարավորություն չեն տալիս շարքային քաղաքացիներին ստանալ այդ օգնությունը։ Կոռուպցիան խժռում է մեր ապագան, կլանում մեր բարեկամների օգնությունը: Ուստի ընտրությունների միջոցով Բիձիան Իվանիշվիլիի ռեժիմին վերջ տալը՝ կյանքի ու մահվան հարց է», - հայտարարել է Սալոմե Սամադաշվիլին։
«Մենք զգուշացնում էինք իշխանություններին», - ասել է անկախ պատգամավոր, իշխող «Վրացական երազանքի» նախկին անդամ Թամար Չուգոշվիլին։ Նա հայտարարել է, որ «Վրացական երազանքի» կառավարման վերջին տարիներին սուր հարց է դարձել կլանային դատական համակարգը։ Իսկ բոլորովին վերջերս ԱՄՆ-ի 13 կոնգրեսականներ իրենց զեկույցում Բիձինա Իվանիշվիլիին համարել են Պուտինի սերտ դաշնակիցը, որը Վրաստանում ապակայունացնում է իրավիճակը։
Թամար Չուգոշվիլին ասել է, որ մինչև հիմա իշխող կուսակցության ներկայացուցիչները քննադատություններին պատասխանում էին, թե դրանք միայն մասնավոր, սուբյեկտիվ կարծիքներ են հիմնականում հանրապետական կոնգրեսականների կողմից։ Բայց հիմա նման արդարացումները չեն անցնի, քանի որ Վրաստանին հատկացվող օգնության մի մասը սառեցնելու հատկացումների ակտի փոփոխությունը հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները համատեղ են նախաձեռնել։
Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Կախա Կուչավան ընդդիմադիրների մտահոգություններն ու մեղադրանքները ժպիտով է ընդունել։
«Լուրեր են տարածվում, թե իբր ինչ որ գումարներ են սառեցվել, Կոնգրեսը համապատասխան որոշում է ընդունել, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Խոսքը Կոնգրեսի ենթահանձնաժողովներից մեկում նախաձեռնած օրինագծի մասին է։ Դեռ շատ ամիսներ են անհրաժեշտ, որ այդ փաստաթուղթը հասնի լիագումար նիստ ու քվեարկության դրվի։ Իսկ մեզ մոտ տեղեկատվությունը մատուցվում է որպես Կոնգրեսի կողմից ընդունված որոշում, դա միայն ժպիտ է առաջացնում», - ընդդիմադիրներին հակադարձել է Կախա Կուչավան։
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը նախընտրական շրջանում միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում:
Իշխող կուսակցությանը հավանաբար նաև հուսադրում է փաստաթղթում տեղ գտած մեկ կետ՝ եթե պետքարտուղարը որոշի և կոնգրեսական հանձնաժողովին հայտնի, որ արտաքին հատկացումը կարևոր է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսակետից, ապա գումարի մի մասը չի սառեցվի։ Վերջերս, Մայք Փոմփեոն գովաբանել էր Վրաստանին։
Ընտրական կարգի բարեփոխմանն ուղղված սահմանադրական փոփոխությունները ընդունվելուց հետո պետքարտուղարը դա համարել էր ժողովրդավարական բազմակարծությանը միտված դրական քայլ։
«Ատլանտյան խորհուրդ-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին փոխնախագահ Բատու Կուտելիան Թբիլիսիին խորհուրդ է տվել այդքան ինքնավստահ չլինել Վաշինգտոնի հետ հարաբերություններում։
«Դա շատ տագնապալից ազդանշան է մեր պետականության անվտանգության, տնտեսական տեսանկյունից։ Ռազմավարական գլխավոր գործընկերը հարցեր է բարձրացնում ժողովրդավարության, կոռուպցիայի աճի և ինստիտուցիոնալ կառավարման մասին։ Սա արդեն կառավարությանն ուղղված բաց պատժամիջոցներ են հիմնական ռազմավական գործընկերոջ կողմից, որովհետև նշաններ կան, որ Վրաստանը հեռանում է այն սկզբունքներից, որոնց վրա հիմնված է վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը», - ասել է Բատու Կուտելիան:
ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում սա առաջին ուղղումը չէ, որը կարող է վերաբերել Վրաստանին։ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը հունիսի վերջերին փոփոխություն է նախաձեռնել ԱՄՆ-ի 2021 թվականի ռազմական բյուջեում։ Ըստ այս փոփոխության, գալիք տարի Վրաստանին հատկացվող ռազմական օգնության չափը կարող է կախված լինել երկրի ստանձնած կոնկրետ պարտավորությունների կատարումից և ժողովրդավարական վերափոխումների ընդհանուր գնահատականից։