Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի. Ուկրաինան Վրաստանի համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան Վրաստանը` Ուկրաինայի


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Գերագույն ռադայում զրուցում է լրագրողների հետ, Կիև, 24-ը ապրիլի, 2020թ.

«Ուկրաինան Վրաստանի համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան Վրաստանը` Ուկրաինայի», - նախօրեին ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Եթե Վրաստանը վերանա, ապա Ուկրաինայի վրա, այդ երկրի բնակիչների վրա այդ փաստը որևէ կերպ չի ազդի: Բայց եթե Ուկրաինան հանկարծ մի օր վերանա Վրաստանի կյանքից, դա մեր երկրի համար դատարկ խանութներ, զանգվածային սով և դժբախտությունների շարան կնշանակի: Պետք չէ մոռանալ, որ այն ամենը, ինչ գնում են Վրաստանի բնակիչները` մսամթերք, կաթ, երշիկ, հնդկաձավար, Ուկրաինայից է ներկրվում»,- հայտարարում էր Սաակաշվիլին:

Մեկնաբանելով Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում իր նշանակումը և դրան հետևած արձագանքները` Օդեսայի նախկին նահանգապետը հատուկ ընդգծում էր, որ դրան կտրականապես դեմ էին նախևառաջ ռուսական իշխանությունները:

«Ռուսաստանի համար սա շատ սկզբունքային հարց էր: Իմ նշանակումը հստակորեն ցույց տվեց Ռուսաստանին, որ Ուկրաինան անկախ պետություն է, և դրա նախագահը անկախ պետության արժանապատիվ ղեկավար է: Այդ հանգամանքը թե՛ Ռուսաստանին և թե՛ միջազգային հանրությանը պարբերաբար պետք է հիշեցնել», - ասում էր Վրաստանի նախկին նախագահը:

XS
SM
MD
LG