Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի․ Բարեփոխումների ձգձգման դեպքում Ուկրաինան կարող է մասնատվել


Ուկրաինա - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրուցում է լրագրողների հետ, Կիև, ապրիլ, 2020թ.

Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միխեիլ Սաակաշվիլիի համոզմամբ՝ արագ բարեփոխումներ չանցկացնելու դեպքում երկիրը կարող է հայտնվել մասնատման իրական վտանգի առջև։ Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է երեքշաբթի երեկոյան «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։

«Եթե մենք արագորեն փոփոխություններ չիրականացնենք, երկիրը կարող է դադարել գոյություն ունենալ։ Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Կենտրոնախույս ուժերը հզորացել են թե՛ Ուկրաինայի հարավում, թե՛ արևելքում, թե՛ արևմտյան ծայրամասերում, թե՛ հյուսիսում՝ ամենուր։ Պետք չէ ջայլամի պահվածք ցուցաբերել, պետք չէ պնդել, թե մենք որևէ տեղ չենք շտապում։ Ամեն ինչ շատ վատ է։ Ժամանակ չկա, բարեփոխումները հարկավոր էր անցկացնել դեռ երեկ», - պնդում էր Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ կենտրոնական իշխանության թուլացումից բացի, Ուկրաինան այսօր ևս մեկ լրջագույն մարտահրավերի է բախվում։ «Ուկրաինայում տնտեսական ճգնաժամ է։ Այսօր մարդիկ ծախսում են իրենց ձեռքին եղած վերջին գումարները։ Երբ դրանք վերջանան, տնտեսության վիճակն իրոք շատ վատ կլինի», - համոզված է Սաակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG