Մատչելիության հղումներ

Պուտինի մերձավոր դաշնակիցը և Վրաստանի ինքնիշխանության երաշխավորը


Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Ավելի քան մեկ տասնյակ ամերիկացի կոնգրեսականներ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են անում ուշադրություն դարձնել և նույնիսկ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ստվերային ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ որպես «Պուտինի մերձավոր դաշնակցի, ով ապակայունացնում է Վրաստանը»: 13 կոնգրեսականների այդ կարծիքը ծիծաղելի և անլուրջ է որակել Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

ԱՄՆ Կոնգրեսի Ազգային անվտանգության և արտաքին հարցերով հանրապետական հանձնաժողովի 13 ներկայացուցիչների այդ զեկույցը պետք է արտացոլի Միացյալ Նահանգների ազգային ռազմավարությունը։ 120-էջանոց փաստաթղթում, որը կոնգրեսականները վերնագրել են «Ամերիկայի հզորացումն ու պայքարը համաշխարհային սպառնալիքների դեմ», Ռուսաստանի նախագահի մերձավոր օլիգարխների ցանկում ներառված է նաև «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի անունը։ Զեկույցի հեղինակները Կրեմլին մոտ կանգնած օլիգարխներին թվարկել են ու շեշտել, որ ամերիկյան պատժամիջոցները Պուտինի ոչ բոլոր արտասահմանցի դաշնակիցների վրա են տարածվում, և ցանկալի է լրացնել այդ բացը: Մասնավորապես Վրաստանի փաստացի առաջնորդի մասին ամերիկացի օրենսդիրները գրում են. - «Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է, նա համարվում է Պուտինի դաշնակիցը և Ռուսաստանի անունից ապակայունացնում է Վրաստանը»։

Նման բան, ըստ նախարար Ծուլուկիանիի, կարող էին ասել միայն Միխեիլ Սաակաշվիլին և նրա «Միացյալ ազգային շարժումը»։ «Բիձինա Իվանիշվիլին, սա ես ասում են ամենայն լրջությամբ, Վրաստանի ինքնիշխանության, անկախության և կայունության առայժմ միակ երաշխավորն է», - հայտարարել է իշխող ուժի ներկայացուցիչ նախարար Ծուլուկիանին` պնդելով, որ ամերիկացի կոնգրեսականներն Իվանիշվիլիի մասին գրել են Սաակաշվիլիի օգնությամբ։

Ինքը Վրաստանի երրորդ նախագահը շտապել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակել քաղաքական հակառակորդի մասին այդ փաստաթուղթը, ինչպես նաև հանդես է եկել տեսաուղերձով ու կոշտ արտահայտություններ հնչեցրել Իվանիշվիլիի և նրա թիմակիցների հասցեին, որոնք, Սաակաշվիլիի պնդմամբ, թալանում են Վրաստանը: «Ես չեմ պատրաստվում հանգիստ նայել, թե ինչպես է կործանվում Վրաստանը, մենք պետք է բոլորս համախմբվենք, և ժամանակը չէ տեղերի բաշխման մասին խոսելու։ Ով ցանկանում է օգնել մեր ժողովրդին, պետք է միանա։ Ես ամեն դեպքում լինելու եմ այդ պայքարի առաջնագծում», - հայտարարել է Վրաստանի նախկին առաջնորդը:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ուկրաինայի կառավարության պաշտոնյայի այս հայտարարության կապակցությամբ մտադիր չէ բավարարվել միայն Կիևի հետ «դիվանագիտական պարզաբանումներով»։ Արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի խոսքերով՝ թեման կքննարկեն նաև ամերիկացի կոնգրեսականների հետ: «Ինչպե՞ս կարելի է ընդհանրապես խոսել այն մասին, որ «Վրացական երազանք»-ի առաջնորդը երկիրը տանում է ապակայունացման և դեպի Ռուսաստան։ Փաստերը հակառակի մասին են խոսում՝ երկիրը Եվրամիության ասոցացված անդամ է, մենք ունենք բազմաթիվ բանաձևեր, որոնցում ուղղակիորեն նշվում են Ռուսաստանի ապօրինի գործողությունները օկուպացված տարածքներում: Մենք անպայման կունենանք շփումներ բոլոր կոնգրեսականների հետ և անպայման կպարզենք, թե ինչպես և ում խորհրդով է այդ պարբերությունը հայտնվել այդ շատ կարևոր փաստաթղթում», - ասել է Վրաստանի արտգործնախարարը:

«Վարդերի հեղափոխությունից» հետո տարիներ շարունակ Վրաստանն օվկիանոսից այն կողմ աջակցության պակաս չի զգացել: Վաշինգտոնն ակտիվորեն աջակցել է Թբիլիսիին՝ լայնածավալ ծրագրեր իրականացնելով տնտեսությունից մինչև պաշտպանական ոլորտներում, զուգահեռաբար էլ առաջ է մղել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին Վրաստանի անդամակցության գաղափարը: Միացյալ Նահանգների և Վրաստանի մերձեցումը գագաթնակետին հասավ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք, ով 2005 թվականին բացառիկ այց կատարեց Թբիլիսի: Նա Սպիտակ տան միակ ղեկավարն է, ով այցելել է Վրաստան, և Միացյալ Նահանգների միակ առաջնորդը, ով պաշտոնավարման օրոք եղել է Հարավային Կովկասում:

Սակայն վերջին շրջանում Վաշինգտոնից հաճախ է Թբիլիսիի հասցեին քննադատություն հնչում՝ մասնավորապես երկրի ստվերային ղեկավարի պատճառով, ով այդպես էլ չի պատմել, թե ինչպես է միլիարդատեր դարձել Ռուսաստանում և ինչպես է Վրաստանի քաղաքական դաշտում հայտնվելուց առաջ, ըստ վրացական մամուլի, կարողացել «Գազպրոմ»-ում ունեցած բաժնեմասը շահեկան գնով վաճառել Ռուսաստանի կառավարությանը:

XS
SM
MD
LG