Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հաստատվել


Բրազիլիա - Նախագահ Ժաիր Բոլսոնարուն ողջունում է մայրաքաղաք Բրազիլիայում հավաք անցկացնող իր աջակիցներին, 31-ը մայիսի. 2020թ.
Բրազիլիա - Նախագահ Ժաիր Բոլսոնարուն ողջունում է մայրաքաղաք Բրազիլիայում հավաք անցկացնող իր աջակիցներին, 31-ը մայիսի. 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի վտանգավորությունը ամիսներ շարունակ ժխտող Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ Covid-19 է հաստատվել: Նրա հերթական՝ չորրորդ թեստավորման պատասխանն այս անգամ դրական է:

Բոլսոնարուն ստիպված էր բժիշկների օգնությանը դիմել, երբ արդեն ջերմությունը բարձրացել էր, և մկանների ցավեր ուներ: 65-ամյա քաղաքական գործիչը հավաստիացնում է, թե իրեն լավ է զգում, և հիվանդությունն ուղեկցվում է թեթև ախտանիշներով, թոքերը ևս մաքուր են: Այս մասին Բրազիլիայի նախագահը պատմել է լրագրողների հետ զրույցում. այս անգամ վարակակիր նախագահն արդեն դիմակով էր:

«Ամեն ինչ սկսվեց կիրակի օրը, երկուշաբթի արդեն վատ էի՝ հոգնածություն, մկանային ցավեր, բարձր ջերմություն», - ասել է Ժաիր Բոլսոնարուն և հերթական անգամ գովազդել իր և ամերիկացի պաշտոնակցի նախընտրած դեղորայքը՝ «Հիդրօքսիքլորիքին»-ը, որն, ինչպես նշել է, ընդունում է որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց: Մալարիայի դեմ նախատեսված այդ դեղամիջոցը, ըստ մասնագետների, ամենևին էլ արդյունավետ չէ կորոնավիրուսի բուժման համար, սակայն թե՛ Թրամփը, թե՛ Բոլսոնարուն շարունակում են հակառակը պնդել:

Աջակողմյան հայացքներով Բրազիլիայի առաջնորդը, չնայած երկրում ավելի քան երկու ամիս շարունակվող համաճարակային ծանր կացությանը, հրաժարվում էր դիմակ կրել, հաճախ ցուցադրաբար ձեռքով բարևում էր աջակիցներին, խախտում սոցիալական հեռավորությունը և շարունակաբար կրկնում, թե կորոնավիրուսային հիվանդությունն ընդամենը թեթև հարբուխ է, և որ իր մարզական անցյալն իրեն կպաշտպանի դրանից: Հանրահավաքներից մեկի ժամանակ լրագրողները նկատել են, թե ինչպես էր նա հազում առանց բերանը փակելու, իսկ մեկ այլ դեպքում՝ փռշտացել ձեռքի ափի մեջ և նույն ձեռքով բարևել մի տարեց կնոջ:

Անցած հանգստյան օրերին նախագահ Բոլսոնարուն մասնակցել է մայրաքաղաք Բրազիլիայում ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև երկրում Միացյալ Նահանգների դեսպանը, բրազիլացի նախարարներ, այլ պաշտոնյաներ։ Լուսանկարներում բոլորն առանց դիմակի են: Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս հաստատվելուց հետո ամերիկյան դեսպանատունը հայտարարել է, որ դեսպան Թոդ Չափմանը Covid19-ի ախտանիշներ չունի, բայց առաջիկայում կթեստավորվի:

Աշխարհում մեծությամբ վեցերորդ՝ 220-միլիոնանոց բնակչություն ունեցող Բրազիլիան համաճարակի բռնկման ամենաթեժ օջախներից է: Ավելի քան 65 հազար մարդ արդեն մահացել է, շուրջ մեկուկես միլիոն մարդ՝ վարակվել: Լատինամերիկյան երկիրը երկրորդն է աշխարհում վարակակիրների ու մահացածների թվով։ Չնայած այդ վիճակագրությանը՝ Բոլսոնարուն արգելափակել է օրենքը, որը պարտադիր էր դարձնում դիմակները մարդաշատ վայրերում։ Նա նաև կտրականապես դեմ էր երկրում վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակումներ ընդունելուն՝ պնդելով, թե տնտեսական ակտիվությունն ավելի կարևոր է:

XS
SM
MD
LG