Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 4,8 միլիոնը, մահացել է շուրջ 318,5 հազար, բուժվել՝ 1,8 միլիոն մարդ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հայտնում է, որ ամեն օր հիդրօքսիքլորոքին է ընդունում, Վաշինգտոն, 18-ը մայիսի, 2020թ.

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 4 միլիոն 800 հազարը, մահացել է շուրջ 318 հազար 500 մարդ, հիվանդությունից բուժվածների թիվը մոտենում է 1 միլիոն 800 հազարին:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ տեսագագաթնաժողով են անցկացրել, որի ընթացքում առաջարկել են Եվրահանձնաժողովին ընդունել տնտեսական աջակցության պլան այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել են COVID-19-ի համաճարակի ժամանակ:

Համատեղ հռչակագրում նշվում է, որ Եվրահանձնաժողովը կարող է 500 միլիարդ եվրոյի չափով հիմնադրամ ստեղծել, և որ օգնության այս ծրագիրը կբարձրացնի մրցունակությունը, կամրապնդի եվրոպական երկրների տնտեսությունների մերձեցումը, թույլ կտա ավելացնել ներդրումները, մասնավորապես՝ բնապահպանական և թվային ոլորտներում, գիտական հետազոտությունների և նորարարությունների բնագավառներում:

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել նախաձեռնությանը: Ավելի վաղ Եվրամիությունն արդեն ավելի քան 500 միլիարդ եվրո էր մոբիլիզացրել՝ ձեռնարկություններին, աշխատուժի շուկային աջակցելու և Եվրամիության՝ համաճարակից առավել տուժած երկրներին վարկեր տրամադրելու նպատակով:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ հիդրօքսիքլորոքին է ընդունում: Մալարիայի դեմ այդ դեղամիջոցը նա բազմիցս գովել է, չնայած դրա՝ որպես կորոնավիրուսի դեմ պրոֆիլակտիկ միջոց օգտագործման վերաբերյալ բժիշկների նախազգուշացումներին: «Արդեն մեկուկես շաբաթ է, ինչ ընդունում եմ այն: Օրական մեկ դեղահաբ», - ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին:

Շաբաթներ առաջ Թրամփը ներկայացրել էր դեղը որպես կորոնավիրուսի դեմ հավանական բուժման միջոց: Այնուամենայնիվ, հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն չի օգնում: 73-ամյա Թրամփը, ով ամեն օր ստուգվում է վիրուսի առկայության հետ կապված, հայտնել է, որ հարցրել է Սպիտակ տան բժշկին՝ կարո՞ղ է արդյոք դեղն ընդունել, բժիշկն էլ պատասխանել է. - «Եթե ուզում եք»:

XS
SM
MD
LG