Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանական խումբը հետ է վերցրել ՍԴ ներկայացրած դիմումը


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյան, արխիվ

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հետ է վերցրել մեկ տարի առաջ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը:

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրված երկրորդ նախագահի պաշտպանական խումբը դիմել են Բարձր դատարանին` պարզելու Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը:

Ինչպես այսօր Սահմանադրական դատարանի դիմաց հրավիրված ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, դիմումը հետ վերցնելու պատճառը Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումների հետ չնույնացվելն է:

Ազգային ժողովի կողմից նախօրեին ընդունված սահմանադրական փոփոխություններով, իրենց պաշտոնին պետք է հրաժեշտ տան 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորները, իսկ Հրայր Թովմասյանը զրկվում է ՍԴ նախագահի պաշտոնից:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնել էր այս փոփոխությունները Սահմանադրական դատարանում վիճարկելու գործընթաց: Դրա համար անհրաժեշտ էր, որ իրենց 25 ստորագրություններին միանային «Լուսավոր Հայաստանի» առնվազն երկու պատգամավոր:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց, որ իրենք չեն միանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը և ՍԴ կդիմեն հուլիսի 7-ից հետո` Բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննության ավարտից հետո:

«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտը քննարկում ունեցանք, նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պարլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն»:

Արամ Օրբելյանի խոսքով, եթե պարլամենտարիզմի կայացմանն իրենք են խոչընդոտում, ապա իրենցից հասնող ամեն ինչ անում են. – «Մենք տեսնում ենք, որ ֆրակցիաներից մեկը Սահմանադրության երաշխավորման և պարլամենտին տրված իրավունքներն ու պարտականությունները ապահովելու համար Սահմանադրական դատարան դիմելը չգիտեմ ինչի կապել է այսպես կոչված Քոչարյանի գործի քննության հետ: Եվ մենք ասում ենք, որ եթե պարլամենտարիզմի կայացմանը խոչընդոտում ենք մենք, մենք մեզնից հասնող բոլոր գործողությունները անում ենք: Բավարար են, բավարար չեն` իմ գնահատելիքը չէ: Սահմանադրության փոփոխությունների ապօրինի լինելու և դրա հետ կապված «Լուսավոր Հայաստան» խմբակցության և այլ պատգամավորների գործընթացին միանալ կամ չմիանալու հարցը չպիտի փոխկապակցվի մեր հետ: Եվ կրկնում եմ, խնդրում, պահանջում, հորդորում եմ բոլոր պատգամավորներին էս գործընթացը քննարկելու մեջ մոռանալ Ռոբերտ Քոչարյան, Արամ Օրբելյան, Արամ Վարդևանյան, Քոչարյանի փաստաբաններ և այլ ձևակերպումները»:

Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումից զատ, 300.1 հոդվածի սահմանադրականության հարցով Բարձր դատարան էր դիմել նաև առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից դիմումը հետ վերցնելուց հետո Սահմանադրական դատարանում կշարունակվի քննվել Գրիգորյանի դիմումը, Օրբելյանն արձագանքեց, թե չի կարող գուշակել Սահմանադրական դատարանի գործողությունները:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը նախորդ տարվա մայիսին կասեցրել էր Մարտի 1-ի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը ու նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը պարզելու համար: Սահմանադրական դատարանը իր հերթին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով: Երկու կառույցներն արդեն պատասխանել են Բարձր դատարանին:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության արձագանքը չուշացավ. պատգամավոր Տարոն Սիմոնյանը վստահեցրեց, որ նախօրեին Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները վիճարկելու հարցով իրենց առաջ քաշած պայմանն ուժի մեջ է, և անկախ Քոչարյանի կողմից դիմումը հետ վերցնելուց` Սահմանադրական դատարանը գործն ամեն դեպքում քննելու է:

«Իրենց կողմից դիմումի հետ վերցնելը չի նշանակում, որ գործը չի քննվելու այդ օրը: Հուլիսի 7-ին դեռևս այդ գործը քննվելու է: Սահմանադրական դատարանն է որոշում քննի թե չքննի», - ասաց Սիմոնյանը:

Նրա գնահատմամբ, Քոչարյանի փաստաբանների այս քայլը քաղաքական է և իրավաբանության հետ որևէ առնչություն չունի. – «Այսօրվա կատարած քայլը ինքնին քաղաքական կոմպոնենտ ուներ, որովհետև երկու փաստաբաններն էլ շատ լավ գիտեն, որ դիմումը հետ վերցնելով գործը չի դադարում քննվել Սահմանադրական դատարանում հուլիսի 7-ին: Հետևաբար իրենց կատարած քայլը, այն էլ հրապարակային քայլը, և այն էլ մարտահրավերը, որ ասեցիք, որ նետվել է մեր դաշտը, սա քաղաքական քայլ էր, իրավաբանության հետ որևէ կապ չուներ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, Քոչարյանի փաստաբանների քայլը սխալ էր ու անիմաստ. – «Նախ դա սխալ քայլ ա, որովհետև ամեն դեպքում գործը քննվելու է, և իրենց դիմումը կարևոր էր, որ մնար էդ գործում: Եվ մենք նույնպես կարծում ենք, որ պետք է անպայման էդ գործով որոշում լինի»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը վստահեցրեց, թե դիմումը հետ վերցնելու ՍԴ կազմում ակնկալվող փոփոխությունների հետ որևէ առնչություն չունի: Նրա գնահատմամբ, այդպիսով ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործով գործընթացը դադարում է. – «Ռակուրսը, որով մենք դիտարկել էին հարցը, շատ ավելի խորքային էր, բազմակողմանի էր, և իմ դիտարկմամբ, չափազանց հիմնավոր դիմումներ էին: Եվ իհարկե, դրանք տարբերվում էին միմյանցից: Դավիթ Գրիգորյանի դիմումը դա դատարանի դիմում է դատարանի կողմից բարձրաձայնված հարցերի տիրույթում, որոնք որևէ կերպ նույնական չեն մեր կողմից ներկայացված դիմումի հետ»:

Սահմանադրական դատարանի աշխատակազմից «Ազատությանը» փոխանցեցին, որ դատարանը պետք է աշխատակարգային նիստ անցկացնի, որպեսզի քննի Քոչարյանի փաստաբանների` հայցը հետ վերցնելու մասին դիմումը և որոշի, թե արդյոք կայանալու է հուլիսի 7-ին նշանակված նիստը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG