Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն սպասում է ԼՀԿ-ի պատասխանին՝ ՍԴ-ում վիճարկելու ընդունված սահմանադրական փոփոխությունները


ԲՀԿ խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խորհրդարանական խմբակցությունը սպասում է «Լուսավոր Հայաստան»-ի (ԼՀԿ) պատասխանին: Կմիանա արդյոք ԼՀԿ-ն Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, առայժմ պարզ չէ:

«Բարգավաճ Հայաստան»-ը մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար՝ առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չի լինի։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրենք արդեն իսկ ԲՀԿ 25 պատգամավորների ստորագրությամբ դիմումը ներկայացրել են ԼՀԿ-ին, ինչից հետո քննարկում են ունեցել «Լուսավոր»-ի իրենց գործընկերների հետ և այժմ սպասում են նրանց պատասխանին:

«Այս պահի դրությամբ մենք ունենք 25 ստորագրություն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, բնականաբար, մեզ անհրաժեշտ է մեր գործընկեր «Լուսավոր Հայաստան»-ի աջակցությունը՝ առնվազն երկու ստորագրություն «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներից, եթե շատ ավելին լինի, իհարկե, շատ ավելի լավ կլինի: Իրենք իրենց ներսում քննարկումներ կունենան և մեզ կպատասխանեն պատշաճ ժամկետում և պատշաճ կերպով», - նշեց Զոհրաբյանը:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ է կարծում, կմիանա՞ ԼՀԿ-ն իրենց, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Մենք ներկայացրեցինք մեր փաստարկները, իրենք ներկայացրել են իրենց տեսակետը, մնացածը ցույց կտա ժամանակը»:

Հիշեցնենք, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ պնդել էր՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք պատգամավորները չունեն։ Մարուքյանը գնդակն ուղարկել էր նախագահ Արմեն Սարգսյանի դաշտ՝ ընդգծելով, թե փոխարենը նախագահը դեռևս հնարավորություն ունի իր իրավասությունները սահմանափակող Ազգային ժողովի ընդունած օրենքի սահմանադրականության հարցով դիմել բարձր դատարան։

Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, ընդգծում է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար իրենք բերել են այն հիմնավորումները, որոնք ներկայացրել են շատ լուրջ սահմանադրագետներ՝ առ այն, որ պատգամավորներն իրավունք ունեն հիշյալ հարցով դիմել ՍԴ:

«Մենք կարծում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանում, դա սահմանադրական հեղաշրջման փորձ էր, մենք կարծում ենք, որ երկիրը մտել է շատ վատ փուլ, երկիրը մտել է քաղաքական հաշվեհարդարների, ուրեմն, քաղաքական ռեպրեսիաների փուլ, երկիրը մտել է իրավական անարխիայի փուլ, որ խորհրդարանում, օգտվելով իրենց բացարձակ մեծամասնությունից, ինչ ուզում անում են: Ես հույս ունեմ, որ բոլոր ադեկվատ, առողջ ուժերը թույլ չեն տա, որ Հայաստանը գլորվի ավտորիտարիզմի փոսը», - հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Ազատություն». - Իսկ այսօր կհասցնե՞ք դիմել ՍԴ:

Զոհրաբյան. - Եթե մեր գործընկերները հասցնեն մեզ պատասխանել, մենք կհասցնենք դիմել»:

«Ազատություն». - Իսկ նախագահ Արմեն Սարգսյանը եթե ստորագրի իր լիազորությունների հետ կապված օրենսդրական այդ փոփոխությունը, եթե դա ստորագրեց, արդեն ուշացած չի՞ լինի ձեր այս գործընթացը:

Զոհրաբյան. - Ես կարծում եմ՝ ոչ, ես կարծում եմ, որ մենք նախագահ չունենք, Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի, ես շատ ցավում եմ, որ Արմեն Սարգսյանը իր քաղաքական պատասխանատվությունը կրելու է այսօրվա իր անդեմ պահվածքի և կեցվածքի համար:

Հավելենք՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահին դեռևս որոշում չունեն, քննարկումների մեջ են, այսօր ուշ երեկոյան ևս մեկ ժողով պետք է հրավիրեն։ Իսկ վաղն արդեն ասուլիս կտան և կասեն՝ արդյոք կիմանան Սահմանադրական դատարան դիմելու ԲՀԿ -ի նախաձեռնությանը։ Մեր հարցին, թե ինչպիսի՞ տրամադրություններ կան խմբակցությունում, արդյոք հակվա՞ծ են միանալ, Մարուքյանը հրաժարվեց մանրամասնել։

XS
SM
MD
LG