Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն դատապարտում են ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումը


ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր են ստորագրում, 11-ը մայիսի, 2017թ.

Տեղի ունեցածը «իշխանության յուրացում է, քանի որ Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին», - հայտարարում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ մեկնաբանելով խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումը:

«Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա», - ասված է նախկին իշխող կուսակցության գործադիր մարմնի՝ երեկ ուշ երեկոյան հրապարակած հայտարարությունում:

Հանրապետականը պնդում է, որ սույն քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը։

«Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից», - վստահեցնում է նախկին իշխող կուսակցությունը:

Արձանագրելով, որ «երկրի բարձրագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը ոչ միայն նահանջ են իրավական պետության արժեքներից, այլև անիշխանություն տանող վտանգավոր ճանապարհ», ՀՀԿ-ն պնդում է. - «Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը ոչ միայն թույլ է տալու մեկ քաղաքական ուժի կողմից Սահմանադրական դատարանի ձևավորում, այլև երկարատև տարիների համար քաղաքականացնելու է Սահմանադրական դատարանը»:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև արտախորհրդարանական մեկ այլ կուսակցության՝ ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը:

«Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը», ըստ Դաշնակցության, փաստում են, որ «օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը»:

«Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը», - ասված է հայտարարությունում:

Դաշնակցությունը դիմում է Հայաստանի նախագահին՝ «որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիրքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»:

«Իմ քայլ»-ի մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանը երկուշաբթի օրն ընդունեց 89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի:

Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը կուղարկվեն թոշակի։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախագծի քննարկմանը և քվեարկությանը չմասնակցեցին:

XS
SM
MD
LG