Մատչելիության հղումներ

Ըստ Մնացականյանի` հետախուզվողներին չարտահանձնելը հայ-ռուսական հարաբերությունների վրա չի ազդել


Այն, որ Ռուսաստանը մերժում է Հայաստանին արտահանձնել հետախուզման մեջ գտնվող մի շարք նախկին պաշտոնյաների, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ 2 երկրների հարաբերությունների վրա չի ազդում։

Հիշեցնենք` այս պահին Ռուսաստանում են հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Հանրապետական նախկին պատգամավոր, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը։ Ռուսաստանը տարբեր պատճառաբանություններով արդեն մերժել է հանձնել Միքայել Հարությունյանին, Վահագն Հարությունյանին և Միհրան Պողոսյանին։

Հարցին, թե արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը դիվանագիտական խողովակներով փորձո՞ւմ է ետ վերադարձնել նախկին պաշտոնյաներին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, թե դրանք դատաիրավական բնույթի հարցեր են.- «Դրանք դատաիրավական բնույթի են: Հասկանանք` ինչպես է, եթե մենք դրան առնչվում ենք որպես քաղաքական հարց` արտաքին հարաբերություններին առնչվող, դա ուրիշ բան, բայց դրանք դատաիրավական բնույթի հարցեր են և համապատասխան հարթակներում իրականացվում է դա»:

Հարցին, թե դրանք չե՞ն ազդում երկու երկրների հարաբերությունների վրա, նախարարը պատասխանեց.- «Կոնկրետ դա չի ազդում մեր հարաբերությունների վրա»:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ


Ի դեպ, այս հարցին այսօր անդրադարձել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Մասնավորապես պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի վերադարձնում տարբեր քրեական մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող հայաստանցի նախկին պաշտոնյաներին, արդյո՞ք Ռուսաստանը պաշտպանում է նախկին կառավարության ներկայացուցիչներին, Սերգեյ Կոպիրկինն ասաց, թե արտահանձնման հարցն իր համար ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթության մեջ է։

Վերադառնալով Հայաստանի արտգործնախարարի ճեպազրույցին` նշենք, որ Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող խնդիրներին: Նախարարը շեշտեց՝ ճգնաժամային խնդիրներ 2 երկրների հարաբերություններում չկան, բայց պետք էլ չէ ձևացնել ու ասել, թե որևէ խնդիր չկա, եթե խնդիրներ չլինեին, հարաբերություններ էլ չէին լինի։ Եվ Հայաստանի իշխանությունը հանրության հետ բաց և թափանցիկ խոսում է այդ մասին.- «Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, և երբ որ ասում ենք` սա խնդիր է, որը խորքային պրոբլեմ է, որը ճգնաժամային է, ոչ, նման հարցեր մենք չունենք»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը` Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ համավարակի պայմաններում շատ կարևոր է սահմանին բացառել լարվածության աճը։ Բնականաբար համավարակով պայմանավորված` կողմերի միջև հանդիպումներ տեղի չեն ունենում: Ինչպես տեղեկացրեց նախարարը, կորոնավիրուսի տարածման ընթացքում համանախագահների մասնակցությամբ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ ընդամենը մեկ տեսակոնֆերանս է ունեցել։ Հայկական կողմը նաև մշտական կապի մեջ է համանախագահների հետ, մինչև որ իրավիճակը թույլ կտա վերականգնել աշխատանքները: «Ներկայիս պայմաններում հիմնական կարևոր գերակայությունը պահպանելն է այն միջավայրը, այն անհրաժեշտ պայմանները, որոնք չեն խոչընդոտի մեր աշխատանքների շարունակությանը: Առաջին հերթին հարցը վերաբերում է որևէ ռիսկերի, էսկալացիայի բացառմանը»,- ասաց նա:

Հարցին, թե այս պահին կա՞ խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկվող փաստաթուղթ, ինչի մասին խոսել էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Զոհրաբ Մնացականյանն ասաց, թե առավել քան հստակ այդ հարցին պատասխանել է և չգիտի, թե էլ ինչպես բացատրի։

Հիշեցնենք` այս տարվա ապրիլին Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են: Ի պատասխան` Հայաստանի արտգործնախարարն էլ ասել էր, թե «ղարաբաղյան բանակցություններում որևէ հայկական կողմ նույնիսկ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել պաշտպանական գծերը՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»:

Անդրադառնալով արդեն Հայաստանի արտգործնախարարությունում կորոնավիրուսով վարակված անձանց թվին` նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ 2 աշխատակցի մոտ է վարակը հաստատվել, մի քանիսն էլ վարակակիրների հետ շփման պատճառով ինքնամեկուսացել են։ Ըստ Զոհրաբ Մնացականյանի` այժմ իրենց ամենամեծ խնդիրն է կանխել վարակի տարածումն ու իրենց աշխատանքի խափանումը.- «Ընդհանուր առմամբ, փառք Աստծո, չկա իրավիճակ, և սա ուղղակի մարտահրավեր է, որ գոնե, դրա համար եմ ասում, որ զգույշ լինենք: Նորմալ է, նորմալ է, որևէ բան չի եղել»,- վստահեցրեց նախարարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG