Մատչելիության հղումներ

Ըստ Լավրովի՝ Մնացականյանի և Մամեդյարովի քննարկումների հիմքում փուլային կարգավորման սկզբունքներն են


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 15-ը ապրիլի, 2019թ.
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 15-ը ապրիլի, 2019թ.

Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ավելին, Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են:

«Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ», - ասել է Լավրովը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք միջազգային հանրությունն այսօր ունի արդյունավետ մեխանիզմներ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը կյանքի կոչելու հարցում: Ի պատասխան, Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այդ բանաձևերն ընդունվել են ռազմական թեժ գործողությունների ժամանակ` առաջին հերթին կոչ անելով դրանք դադարեցնել ու անցնել խաղաղ բանակցությունների:

«Վստահ եմ, որ եթե մենք որոշման հանգենք այժմ քննարկվող փաստաթղթերը ստորագրելու հարցում, դա կարևորագույն քայլ կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործման ուղղությամբ, որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմն ու գալ համաձայնության: Հիմա պետք է պայմանավորվել, և հենց դրան ենք մենք ձգտում ԵԱՀԿ համանախագահների հետ», - ասել է Սերգեյ Լավրովը Ալեքսանդր Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր երեկոյան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հեռակա տեսակապ կանցկացնեն, որին ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սա կողմերի առաջին շփումն է Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո:

XS
SM
MD
LG