Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյանը պայմաններ է առաջադրում վերադառնալու համար. ՀՔԾ-ն արձագանքում է


Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կրկին կոչ է անում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն՝ անդրադառնալով ավելի վաղ Գևորգ Կոստանյանի արած հայտարարությանը։

ՀՔԾ-ի հաղորդագրությունում նախ հիշեցում է արվում, որ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի քրեական գործով ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, համաձայն որոնց` «մեղադրյալի, տվյալ դեպքում` Գ. Կոստանյանի կամ նրա պաշտպանի խնդրանքը` ուղղված վարույթն իրականացնող մարմնին, պետք է ունենա միջնորդության ձև, որը դատավարական ընթացակարգերին համապատասխան ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի վարույթն իրականացնող մարմնի կողմից»:

«Այսինքն` առնվազն տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Գ. Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ», - հայտարարում է ՀՔԾ-ն:

Ինչ վերաբերում է Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել Մարտի 1-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ապա Հատուկ քննչական ծառայությունը նկատում է՝ նման հնարավորություն նախկին դատախազն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ:

«Չնայած դրան եթե նա իսկապես ազնիվ է քրեական գործի նախաքննությանն աջակցելու իր նպատակներում, ապա Հատուկ քննչական ծառայությունը կրկին կոչ է անում վերջինիս ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով», - փոխանցում են ՀՔԾ-ից:

Ավելի վաղ նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր. «Չնայած այն հանգամանքին, որ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին»։

Գևորգ Կոստանյանը, ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը, Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։

Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու հոդվածներով։

Կոստանյանն առաջարկել է կազմակերպել հրապարակային քննարկում վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ, ինչպես նաև որ քննարկմանը հրավիրվեն Հայաստանում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ։

Հարցերին հրապարակային պատասխանելու Կոստանյանի պահանջը պայմանավորված է երկու հիմնական պատճառով, ինչպես նշել է նա.

«1. Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումը ընդգծված և միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրների դեսպանների մակարդակով,

2. իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով առանց որևէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչն եղավ նաև իմ դեպքում»:

Կոստանյանի հայտարարությունում ասված է նաև. «Իմ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ես անգամ պատրաստ եմ վերադառնալ՝ լավ գիտակցելով, որ այդ խորհրդակցությունից հետո ինձ կալանավորելու են, բայց մեր հասարակությանը պետք է հարց և պատասխանի միջոցով տեղեկացնել ոչ միայն ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերի և պատճառների, այլև՝ Մարտի 1-ի գործի հատկապես կարևոր այն հանգամանքները, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ: Հետևաբար, ես առաջարկում և պնդում եմ, որ իրենց որդեգրած սկզբունքով (բաց և թափանցիկ) Ձեզ պետք է հիմնավորեն իրենց հրապարակած փաստաթղթերի բովանդակությունը, քանի որ առանց որևէ ապացույցի կարելի է անել ցանկացած հայտարարություն և մեղադրել ցանկացածին և ամեն ինչում։ Ընդ որում, այս իմաստով, իրավապահ մարմինների նախկին «բաց, թափանցիկ, ժողովրդական և հրապարակային» գործելաոճը փոխվեց «նախաքննական գաղտնիք»-ի անվան տակ: Սակայն այս հարցով նախաքննության գաղտնիք այլևս չկա, քանի որ ՀՔԾ հաղորդագրությամբ հրապարակվել են ոչ միայն գործի հանգամանքները, այլև՝ անգամ վկաների անունները և իրենց ցուցմունքներն ըստ էության: Իսկ թե ինչ ցուցմունքներ են տվել այդ վկաները և ինչի դիմաց, ես կհայտնեմ հրապարակային խորհրդակցության ընթացքում»:

Նախկին գլխավոր դատախազը շեշտել է, որ եթե նշված հրապարակային քննարկման ընթացքում իրավապահ մարմիններին կհաջողվի ներկայացնել իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում, ապա պատրաստ է կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ:

Դիմելով Մարտի 1-ի բոլոր տուժողներին, նրանց հարազատներին, ինչպես նաև այս գործի բացահայտմամբ իսկապես մտահոգ քաղաքացիներին՝ նա նշել է. «Մի՞թե պարզ չէ, որ ճանապարհը, որով այս պահին գնում է մեր իրավապահ համակարգը, չի պատասխանում այն կարևորագույն հարցին, թե ի վերջո ինչ հանգամանքներում զոհվեցին և վիրավորվեցին Ձեր հարազատները, ովքեր էին իրականում մեղավոր նրանց մահվան մեջ:

Սահմանադրական կարգի տապալման համար 12 տարի առաջ մեղադրվում էին այլ անձինք, հիմա՝ բոլորովին այլ անձինք, վաղը, վստահ եմ, պարզվելու է, որ 2008թ սահմանադրական կարգը տապալել են ուրիշները»:

Գևորգ Կոստանյանը շեշտել է՝ քրեական գործում տարբեր հնչեղ անուններ «ներգրավելով ուղղակի փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել Մարտի 1-ի սպանությունների իրական մեղավորներին գտնելու իրենց անկարողությունից կամ ցանկության բացակայությունից»։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ այս պահին չեն արձագանքում՝ արդյո՞ք գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել Գևորգ Կոստանյանի առաջարկը, թե ոչ։

XS
SM
MD
LG