Մատչելիության հղումներ

Դատախազություն. Ըստ ՌԴ օրենսդրության` Վահագն Հարությունյանին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է


Վահագն Հարությունյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազությունը դեռևս չի մեկնաբանում ռուս գործընկերների որոշումը, ըստ որի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանն օրեր առաջ ազատ արձակվեց ձերբակալությունից։ Հարությունյանը մինչև 2011 թվականը Երևանում 2008-ի հետընտրական իրադարձությունների գործը քննող քննչական խմբի ղեկավարն էր:

Գլխավոր դատախազությունը, վկայակոչելով ռուս իրավապահներին, նշում է՝ 1 տարուց ավելի Ռուսաստանում գտնվող Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել, քանի որ, ըստ ռուսական օրենսդրության, նրան մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է։ Մարտի 1-ի քրեական գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը հետախուզվում է դեռևս 2018 թվականից:

Հարությունյանը մեղադրվում է ծանր հանցագործությունների համար։ Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նրան մի շարք մեղադրանքներ է առաջադրել՝ ապացույցները կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ Ռուսաստանի այս որոշումը իրավական չէ։ Թեև երկու երկրներն առաջնորդվում են, այսպես կոչված, Մինսկի կոնվենցիայով, դա չի նշանակում, որ Վահագն Հարությունյանի մեղադրանքի ժամկետն անցնելու վերաբերյալ դիրքորոշում պիտի հայտնի ռուսական կողմը, շեշտում է իրավապաշտպանը։

«Դա բոլորովին էլ իրավական չէ, և իրավական որոշում ակնկալել Ռուսաստանից այս գործով` հետապնդվողների հետ կապված, այդքան էլ տրամաբանական չէ, որովհետև Ռուսաստանը նրանց ուղղակի պատսպարում է, Ռուսաստանի նպատակը նրանց պաստպարելն է, ոչ թե նրանց արտահանձնելը, ինչ վերաբերում է իրավաբանական ձևակերպմանը, ապա դա որևէ քննադատության չի ենթարկվում, քաղաքացին հետապնդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ոչ Ռուսաստանի, և նրանք պետք է ընդամենը նրան և նրանց արտահանձնեն, ոչ թե փորձեն իրենց օրենսդրությամբ լուծել Հայաստանի տարածքում, Հայաստան երկրում տեղի ունեցող իրավական ակտերը», - նշեց իրավապաշտպանը:

Նա հիշեցնում է` Ռուսաստանն ապաստան է տվել Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնց շարքում են Վահագն Հարությունյանից բացի, Մարտի 1-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, տարբեր գործերով մեղադրյալներ, հանրապետականներ, Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Միհրան Պողոսյանը և «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը:

«Ռուսաստանը հայտնի է որպես տարբեր այդ կարգի հանցագործություններ գործած կամ այդ կարգի հանցագործություններում մեղադրվող մարդկանց պատսպարող երկիր, և այստեղ իմաստ էլ չունի խոսել իրավական գործընթացներից, այստեղ մենք պետք է ելնենք միայն Ռուսաստանի դերից ու նշանակությունից: Ռուսաստանը չի ընդունել, չի ընդունում և չի էլ ընդունելու մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը», - նկատեց Վարդան Հարությունյանը:

Մինսկի կոնվենցիայի 57 հոդվածի համաձայն` քաղաքացու հանձնումը տեղի չի ունենում, եթե հանձնող երկրի օրենսդրությամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։ Վահագն Հարությունյանին մեղսագրվող արարքը պատկանում է ծանր հանցագործության շարքին։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 78 հոդվածի համաձայն` ծանր հոդվածների դեպքում քրեական հետապնդումը դադարեցվում է 10 տարի հետո։

Մինչև մեղադրյալ ներգրավվելը բուժման նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք մեկնած Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում: «Ազատության» հետ զրույցում նա պնդել է՝ քրեական գործն ապօրինի է, անհիմն և շինծու։ Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ևս չի մեկնաբանում ազատ արձակման որոշումը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ռուսաստանում ձերբակալումից հետո ՀՔԾ-ն դիմել էր դատարան՝ խնդրելով Հարությունյանին կալանավորելու որոշում կայացնել, դատարանը, սակայն, մերժել է այն:

Արդյո՞ք մի քանի հոդվածներով մեղադրվող Վահագն Հարությունյանի նկատմամբ Հայաստանի քրեական օրենսգրքի համաձայն պետք է դադարեցվի հետապնդումը։ Այս հարցին գործը քննող ՀՔԾ-ն դեռևս չի անդրադառնում։

Վահագն Հարությունյանը մինչև 2011 թվականը Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավարն էր։ 2011-ից հետո նա նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հեղափոխությունից հետո ազատվեց այդ պաշտոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2018-ի հուլիսի 17-ին։ Դրանից 3 ամիս անց էլ՝ հոկտեմբերին, մեղադրյալ ներգրավվեց Մարտի 1-ի գործով։

XS
SM
MD
LG