Մատչելիության հղումներ

Դեռևս պարզ չէ` կմասնակցե՞ն արևմտյան լիդերները և Լուկաշենկոն մոսկովյան զորահանդեսին


75 տարի առաջ Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը, որին մասնակցել են նրանք, ովքեր անձամբ էին հաղթել ֆաշիստներին, նրանք, ում հաջողվել էր չզոհվել այդ սարսափելի պատերազմում:

2020 թվականի հունիսի 24-ին` Հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված զորահանդեսն անցնելու է ոչ միայն Կարմիր հրապարակում, այլ նաև Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում, բացառութամբ Բելգորոդի, Պերմի, Օրյոլի և Օմսկի մարզերի, որոնց ղեկավարները հայտարարել են, թե համաճարակային իրավիճակն իրենց մարզերում բարդ է, և նրանք տոնական միջոցառումները կանցկացնեն ավելի ուշ:

Կորոնավիրուսի համաճարակը մեծամասամբ ինքնամեկուսացման մեջ անցկացրած Վլադիմիր Պուտինի կողքին Կարմիր հրապարակում լինելու են հետխորհրդային երկրների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տոնական շքերթին մասնակցելու հրավերն արդեն ընդունել են Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, չճանաչված Հարավային Օսիայի և Աբխազիայի ղեկավարները, ինչպես նաև Սերբիայի, Պաղեստինի առաջնորդները: Ամենայն հավանականությամբ զորահանդեսին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահը, եթե իհարկե համաճարակային իրավիճակն այդ երկրում էլ ավելի չվատանա: Չի բացառվում նաև Թուրքիայի նախագահի մասնակցությունը, հատկապես որ նախօրեին Էրդողանը հայտարարել էր Լիբիայի հարցով առաջիկայում Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու իր պլանների մասին: Հիմնական ինտրիգներից է` ովքեր են արևմտյան լիդերներից ներկա լինելու զորահանդեսին, և արդյոք Կարմիր հրապարակում կլինի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում հրամանով չնայած համաճարակին մայիսի 9-ին Մինսկում անցել էր տոնական շքերթը, որին չէր մասնակցել ԱՊՀ լիդերներից և ոչ մեկը:

Զորահանդեսը հունիսի 24-ին անցկացնելու մասին Ռուսաստանի նախագահը հայտարարեց մայիսի 26-ին, և այդ օրվանից սկսած կորոնավիրուսը պաշտոնապես սկսեց նահանջել Ռուսաստանում դանդաղ, բայց նահանջեց, կամ գոնե համաճարակի հետ կապված իրավիճակը կայունացել է, ինչպես հայտնել են Ռուսաստանի իշխանությունները: Թեև թվերը շատ չեն փոխվել. ինչպես և մայիսի սկզբին, այսօր էլ օրական մոտ 9 հազար նոր դեպք է արձանագրվում, օրական 150-200 մարդ է մահանում կորոնավիրուսից, բայց այս թվերն իշխանությունները նորմալ են համարում, այնքան նորմալ, որ պատրաստվում են մի շարք բազմահազարանոց միջոցառումներ անցկացնել առաջիկա շաբաթներին: Բացի հունիսի 24-ին անցկացվելիք զորահանդեսից, հունիսի 26-ին Ռուսաստանի քաղաքներում անցնելու է ավանդական «Անմահների գունդ» բազմահազարանոց երթը, իսկ հուլիսի 1-ին Պուտինի նախագահական ժամկետները զրոյացնող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Երեկվանից Ռուսաստանում և մասնավորապես Մոսկվայում հանվել են կարանտինային գրեթե բոլոր սահմանափակումները, հավանաբար արդեն 1-2 շաբաթից կբացվի նաև Ռուսաստանի սահմանը, և կվերսկսվեն ավիաընկերությունների բնականոն չվերթները: Ռուսաստանցի ընդդիմադիրները պատրաստվում են բողոքի ակցիաների, և զորահանդեսից հետո իշխանությունները չեն կարող արգելել բազմամարդ բողոքի ակցիաները համաճարակի պատրվակով:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին արդեն հայտարարել է հունիսի 27-ին բողոքի հավաք անցկացնելու մտադրության մասին: «Յաբլոկո» կուսակցության առաջնորդներից մեկը` Լև Շլոսբերգն ասում է, որ համաճարակի պայմաններում նման զորահանդես անցկացնելը պետք է միայն մեկ մարդու, և այդ մեկ մարդը Պուտինն է:

«Այս զորահանդեսը Մեծ հաղթանակի հոբելյանի համար չէ, Պուտինին հարկավոր են նման շքերթներ, նրա` Պուտինի անձնական հզորացման և հավերժության համար է այս զորահանդեսը: Զորահանդեսի հաջորդ քայլը կլինի համառուսաստանյան հանրաքվեն, որը Պուտինի հավերժ կառավարման ուղիղ ճանապարհն է: Այս զորահանդեսը հակառակվում է մարդկային արժեքներին, ցանկացած կյանքի կարևորության սկզբունքին»,- ասված է «Յաբլոկո» կուսակցության տարածած տեսահոլովակում:

Ռուսաստանցի փորձագետներից շատերը համոզված են որ Կրեմլը համաճարակի ժամանակ հաղթանակի զորահանդես է անցկացնում մի նպատակով` բարձրացնել Պուտինի նվազող ռեյտինգը:

XS
SM
MD
LG