Մատչելիության հղումներ

Համաճարակը ՌԴ իշխանություններին թույլ է տալիս քվեարկությունը մի շարք վայրերում կազմակերպել հեռավար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը տեղի կունենա հունիսի 25-ից հուլիսի 1-ը: Այս մասին երեկ հայտարարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և աշխատանքային խմբի համանախագահների հեռավար խորհրդակցության ժամանակ:

Սխեման առաջարկել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Էլլա Պամֆիլովան: Պուտինին առաջարկը դուր է եկել, և այսօր երկիրը պատրաստվում է Պուտինին նախագահական ժամկետները զրոյացնող և նրան 2024-ին նորից նախագահ ընտրվելու իրավունք տվող փոփոխությունների քվեարկությանը:

Կորոնավիրուսի համաճարակը թույլ է տալիս Ռուսաստանի իշխանություններին քվեարկությունը մի շարք վայրերում կազմակերպել հեռավար և անցկացնել այն ոչ միայն հուլիսի 1-ին, այլ սկսել հունիսի 25-ից: Իշխանութունները հայտարարում են, որ նման ձևով կխուսափեն տեղամասերում մարդկանց կուտակումներից և վարակի տարածումից:

Ընդդիմությունն ու իրավապաշտպաններն էլ պնդում են, որ իշխանությունները սահմանադրական քվեարկությունը կեղծելու նոր մեխանիզմներ են մշակել և անպայման դրանք կիրառելու են:

Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը պետք է տեղի ունենար ապրիլի 22-ին, սակայն համաճարակի պատճառով այն հետաձգվել էր անորոշ ժամանակով:

Փորձագետները կարծում են, որ իշխանությունները հիմնովին պատրաստվել են այդ ընթացքում և մտադիր են ընթացակարգը կազմակերպել որքան հնարավոր է անթափանց, ինչի հետևանքով քվեարկության արդյունքները հեշտ կլինի կեղծել: Օրինակ՝ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրել առանց նրանց անձնագրային տվյալները գրանցելու: Բացի սա, նաև Պամֆիլովան առաջարկում է առանց հարգելի պատճառների անցկացնել նախնական և արտահերթ քվեարկություն, նույնիսկ հեռավար քվեարկություն, ինչպես ինքն է ասել, 2-3 մարզերում:

Նոր կանոնների համաձայն, քվեարկությունը կարող է կազմակերպվել, օրինակ, բացօթյա տարածքում, օրինակ, դպրոցների բակում: Իսկ երբ քվեարկությունը կազմակերպվում է բնակարաններում, հանձնաժողովի անդամները չեն կարողանա մտնել բնակարան:

Ընտրողների շահերը պաշտպանող «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի կարծիքով՝ քվեարկության կարգի բոլոր այս փոփոխություններն արդյունքում կհանգեցնեն վերահսկողության կորստին: Ըստ նրա, մասնավորապես՝ շատ դժվար կլինի նույնականացնել ընտրողին: «Այն, որ անձնագրային տվյալներն այժմ չեն ներառվի քվեարկողների ցուցակում, ուղղակի ահավոր է: Բացի այդ, քվեարկության ընթացքը այսպես, թե այնպես անցնում է համաճարակի պայմաններում, ի՞նչ է սա նշանակում, մարդիկ քվեարկում են դիմակներով, բոլորը միմյանցից հեռու են, այդ թվում՝ դիտորդները: Արդյունքում քվեաթերթիկները, փաստաթղթերը քվեատուփերը փաստացի կմնան առանց վերահսկողության», - ասել է նա:

Ռուսաստանցի իրավապաշտպանն ասում է, որ իշխանությունները գիտակցված են գնում այս քայլին, քանի որ հավանաբար գիտեն, որ ռուսաստանցիների մի զգալի մասը գալու է և զանգվածային դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին:

«Ամեն ինչ արվում է, որ եթե նույնիսկ մարդիկ դեմ քվեարկեն, հանրությունն այդ մասին չիմանա», - «Ազատության» ռուսական ծառայության ասել է «Գոլոս» շարժման համանախագահը:

Տնտեսության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, իրավագետ Իլյա Շաբլինսկին համոզված է, որ իշխանությունները հրահանգել են հնարավորինս նկարել անհրաժեշտ արդյունքը, ընդ որում, հանրային վերահսկողության հնարավորությունը նվազագույն է:

«Այս հանրաքվեի բոլոր արդյունքները գրոշի գին ունեն: Եթե իշխանությունն ի սկզբանե խնդիր է դնում հեշտացնել այդ մանիպուլյացիաները, ուրեմն արդյունքի նկատմամբ վերաբերմունքը կլինի համապատասխան», - նշել է նա՝ շարունակելով. «Այս հանրաքվեի անցկացումը Վլադիմիր Պուտինի անձնական ցանկությունն է, անշուշտ նա դա քննարկել է իր մերձավոր շրջապատի հետ: Ես կարծում եմ, որ վախենում են թե՛ Պուտինի, թե՛ ընդհանրապես իշխանությունների նվազող ռեյտինգից և որոշել են ցանկացած գնով անցկացնել այս հանրաքվեն և չսպասել մինչև աշուն, քանի որ կա մտավախություն, որ աշնանն իշխանությունների վարկանիշն էլ ավելի ցածր կլինի»:

Հավելենք՝ դե յուրե քվեարկությունը որևէ ուժ չունի. Ռուսաստանում սահմանադրական փոփոխություններն արդեն անցել են Սահմանադրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը՝ Պետդուման ընդունել է, Դաշնային խորհուրդը հաստատել է, նախագահն էլ արդեն ստորագրել է, սակայն Պուտինը հայտարարել էր, դեռ մինչև կորոնավիրուսը, որ անհրաժեշտ է՝ ռուսաստանցիները համառուսաստանյան քվեարկության ժամանակ «այո» ասեն փոփոխություններին:

XS
SM
MD
LG