Մատչելիության հղումներ

«Լևադա»․ Ռուսաստանցիների շուրջ 28 տոկոսը պատրաստ է մասնակցել բողոքի հավաքների


Ոստիկանները բերման են ենթարկում Իլյա Ազարին։

«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, այսօր ռուսաստանցիների շուրջ 28 տոկոսը պատրաստ է մասնակցել բողոքի հավաքների:

Կորոնավիրուսի համաճարակը լուրջ հարված է հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, մարդկանց զգալի մասի եկամուտները կրճատվել են, մի մասը համալրել է գործազուրկների բանակը:

Ըստ «Լևադա»-ի հարցման արդյունքների, այդուամենայնիվ բողոքի զանգվածային հավաքների հավանականությանն այսօր հավատում ռուսաստանցիների միայն 27 տոկոսը: Շուրջ 61 տոկոսն ասել է, որ բողոքի հավաքները քիչ հավանական են:

Ռուսաստանում թեև արտակարգ դրություն չի հայտարարվել, բայց առայսօր երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններում, այդ թվում մայրաքաղաքում գործում է կարանտինի խիստ ռեժիմ, որը ենթադրում է նաև բողոքի ցանկացած ակցիայի արգելք: Մինչդեռ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում անցած շաբաթ մի քանի օր շարունակ անցել են միանձնյա պիկետներ, որոնք իրականացրել են լրագրողներ, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներ, փաստաբաններ: Նրանց բոլորին բերման են ենթարկել, իսկ «Նովայա գազետա»-ի լրագրող Իլյա Ազարին 15 օրով ձերբակալել են:

Իշխանությունները փաստարկում են, որ պիկետներն արգելված են կարանտինի ժամանակ, իսկ ձերբակալված լրագրող Ազարի փաստաբան Լեոնիդ Սոլովյովը, հղում անելով Սահմանադրությանը, հակաճառում է` պնդելով, թե միանձնյա պիկետները կարանտինը չեն խախտում, հատկապես որ Ազարը եղել է դիմակով, ձեռնոցով և պահպանել է սոցիալական հեռավորությունը: Փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալի ձերբակալության որոշումը, և դատարանն այսօր կքննարկի բողոքը:

Նշենք, որ ռուսաստանյան խոշոր քաղաքներում միանձնյա պիկետներըն սկսվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մայիսի 7-ին ձերբակալվել է իրավապաշտպան, «Ոստիկանության օբմուդսմեն» հարթակի հիմնադիր Վլադիմիր Վորոնցովին, ում դեմ երկու քրեական գործ են հարուցել:

Ռուսաստանցի անկախ լրագրողները համարում են, որ իրավապաշտպանի ձերբակալությունը օրինական չէ, և պահանջում են ազատ արձակել նրան:

Լրագրող Ազարի ձերբակալությանից հետո անցած շաբաթ և կիրակի օրերին պիկետներին էին միացել նաև Մոսկվայի քաղաքային դումայի որոշ պատգամավոր, որոնց նույնպես բերման էին ենթարկել:

Լրագրող Տատյանա Ուսմանովան, որը նույնպես անցած շաբաթ բերմանէր ենթարկվել պիկետ անցկացնելու համար, ասում է, որ Ազարի ձերբակալությունը, տասնյակ մարդկանց բերման ենթարկելը ապօրինի է:

«Ես այստեղ մենակ կանգնած իմ բողոքն եմ արտահայտում, ոչ մեկի համար վտանգ չեմ ներկայացնում: Ես կարո՞ղ եմ որևէ մեկին վարակել: Ավելի վտանգավոր է մետրոյում կամ մեծ խանութներում, որոնք այսօր գործում են: Ստացվում է, որ ինչ ուզես կարող են մեզ անել, իսկ մենք նույնիսկ միանձնյա պիկետ անցկացնելու իրավունք չունենք», - «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է Ուսմանովան:

Մինչև հունիսի 14 Ռուսաստանի ռեգիոններից շատերում կարանտինի ռեժիմը գործելու է: Նախագահ Պուտինը, մինչդեռ, անցած շաբաթ հայտարարել է, որ հունիսի 24-ին անցկացվելու է Հաղթանակի 75-ին նվիրված զինվորական շքերթ: Իսկ նախագահի խոսնակ Պեսկովը շաբաթավերջին ասել է, թե մինչ այդ վարակի տարածման տեմպերը զգալիորեն կնվազեն և կարանտինային սահմանափակումները կչեղարկվեն:

Նշենք նաև, որ ռուսաստանյան աղբյուրները գրել են, որ երկրի իշխանությունները մտադիր են հուլիսի 1-ին կամ 8-ին անցկացնել սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, ինչի մասին առաջիկա օրերին կհայտարարի Վլադիմիր Պուտինը:

Ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսը Ռուսաստանում առայժմ չի նահանջում. այսօր արձանագրվել է վարակման 9 հազարից ավելի նոր դեպք, որից ավելի քան 6 հազարը Մոսկվայում: Աճում է մահացածների թիվը. վերջին մեկ օրում մահացել է 162 մարդ:

XS
SM
MD
LG