Մատչելիության հղումներ

Ռուսաստանում չեղարկվել են կարանտինային սահմանափակումների մեծ մասը


Սահմանափակումների չեղարկման առաջին օրը Մոսկվայի մետրոյում։

Երեկ Ռուսաստանում կորոնավիրուսից 171 մարդ է մահացել, 8 հազար 595-ը` վարակվել: Այս պաշտոնական թվերը վկայում, որ թեև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում կայունացել է, սակայն կորոնավիրուսը դեռ չի նահանջում: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից 6 հազար 142 մարդ է մահացել:

Ռուսաստանի իշխանությունները երեկ հայտարարել են, որ այսօրվանից չեղարկում են կարանտինային սահմանափակումների մեծ մասը: Մոսկվայում, օրինակ, այսօրվանից այլևս չկա ազատ տեղաշարժի սահմանափակում, չեղարկվել է անցագրային ռեժիմը, բացվել են գեղեցկության սրահները: Մեկ շաբաթից էլ կբացվեն ամառային սրճարանները, խաղահրապարակները, թանգարանները:

Անկախ փորձագետները համոզված են, որ կարանտինի հրատապ չեղարկման իրական պատճառը ոչ թե համաճարակի հետ կապված իրավիճակի կայունացումն է, այլ Կրեմլի հայտարարած բազմահազարանոց միջոցառումները` Հաղթանակի շքերթը հունիսի 24-ին, որին հրավիրվել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հունիսի 26-ին կանցկացվի ամենամյա «Անմահների գունդ» բազմահազարանոց երթը, իսկ հուլիսի 1-ին` սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քվեարկությունը: Այս փոփոխությունները, հիշեցնեմ, զրոյացնում են գործող նախագահի նախագահական բոլոր չորս ժամկետները, և 2024-ին Պուտինը հնարավորություն է ստանում առաջադրվելու նախագահական ընտրություններին:

Փորձագետ Անդրեյ Կոլեսնիկովը «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է, որ ռուսաստանցիները, այդ թվում մոսկվացիները, այն ժամանակվանից, երբ Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի շքերթը անցկացվելու է հունիսի 24-ին, արդեն դադարել էին մեծամասամբ հետևել կարատինի կանոններին` զբոսնում էին այգիներում, երեխաները զվարճանում էին մինչև այսօր պաշտոնապես փակ խաղահրապարակներում, և իշխանություններին այլ բան չէր մնում, քան հայտարարել կարանտինի չեղարկման մասին:

«Առաջին միտքը, որ գալիս է. կարանտինը հանում են բազմամարդ միջոցառումները` հանրաքվեն ու տոնական շքերթը անցկացնելու համար», - ասել է Կոլեսնիկովը: - «Սրա հետ մեկտեղ, բժշկական ցուցանիշները խոսում են այն մասին, որ կարանտինը հանելը դեռ վաղ է, համաճարակային իրավիճակը թե' Մոսկվայում, թե' ամբողջ Ռուսաստանում այնպիսին չէ, որ պետք է հանել սահմանափակումները»:

Երեկ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է հունիսի 27-ին նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացման դեմ հանրահավաք անցկացնելու հնարավորության մասին:Թվիթերյան իր էջում Նավալնին գրել է, թե Մոսկվայում հակահամաճարակային սահմանափակումները չեղյալ հայտարարելուց հետո հունիսի 24-ին մայրաքաղաքում Հաղթանակի շքերթի անցկացումը նշանակում է, որ զանգվածային բողոքի հանրահավաքի անցկացումը նույնպես հնարավոր է. – «Ուրեմն բոլորս կարող ենք հանդիպել Պուտինի ժամկետների զրոյացման դեմ հանրահավաքի ժամանակ»:

Մոսկվայի իշխանություններն առայժմ չեն արձագանքել Նավալնու այս նախաձեռնությանը:

Ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ մոտեցում կորդեգրեն Ռուսաստանի իշխանությունները բողոքի բազմամարդ ակցիաների հարցում: Անկհայտ է որ ռուսաստանցիների մի զգալի մասը այսօր դեմ է 2024 թվականին Պուտինի վերընտրվելու գաղափարին։

Սրանից բացի, համաճարակի պատճառով այսօր Ռուսաստանում ծանր սոցիալ-տնետեսական իրավիճակ է, մարդկանց մեծ մասը կորցրել են իրենց եկամուտների մի զգալի մասը: Իսկ ռուսաստանցիների շուրջ տասը տոկոսը, վերջին հարցումների համաձայն, ընդհանրապես կորցրել են աշխատանքը: Այս իրավիճակում փորձագետները կանխատեսում են բողոքի մարդաշատ ակցիաներ Ռուսաստանում արդեն այս ամռանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG