Մատչելիության հղումներ

«Իմ դիմակը պաշտպանում է քեզ, քո դիմակը՝ ինձ»


Չեխիա - Պրահայի փողոցներից մեկում, ապրիլ, 2020թ.

Պրահայում բացվել է ինքնագործ պաշտպանիչ դիմակների ցուցահանդես: Ազգային թանգարանում ներկայացվել են տնային պայմաններում կարված տարատեսակ դիմակներ, որոնք, ըստ չեխական իշխանությունների, մեծապես նպաստել են երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու գործին:

Չեխիան Եվրոպայում համաճարակի դեմ պայքարի հարցում հաջողած երկրներից է: 10 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակվածների թիվն ընդամենը 9 հազար 50 է, օրական վարակակիրների թիվը շաբաթներ շարունակ մի քանի տասնյակի սահմաններում է: 9 հազար վարակակիր չեխ համաճարակաբանները կանխատեսում էին մարտի վերջերին, մինչդեռ այդ ցուցանիշն արձանագրվել է միայն մայիսի վերջերին:

Չեխիան բացի հակահամաճարակային սահմանափակումներից առանց վարանելու պարտադիր դարձրեց դիմակ կրելը՝ տրանսպորտում, փակ տարածքներում, փողոցում, այդ քայլին դիմելով ի հեճուկս այդ ժամանակ հնչող մասնագիտական պնդումների, թե դիմակների արդյունավետությունն ապացուցված չէ:

«Իմ դիմակը պաշտպանում է քեզ, քո դիմակը՝ ինձ»

Չեխերն իշխանության որոշմանը չհակադարձեցին, ավելին՝ քանի որ այդ ժամանակ աշխարհում դիմակների աննախադեպ պահանջարկ և պակաս կար, մարդիկ սկսեցին իրենց ձեռքով պատրաստել դրանք՝ հաճախ առանց կարի մեքենայի օգնության և ձեռքի տակ եղած սովորական կտորներով` վզկապներից, վերնաշապիկներից, շապիկներից, սրբիչներից, նույնիսկ՝ գուլպաներից:

Դիմակների հարցում չեխերի ոգևորությանը միացան երկրի քաղաքական գործիչներն ու հայտնի դեմքերը՝ էկրաններին հայտնվելով բացառապես դիմակով, ընդ որում՝ ինքնագործ դիմակներով, հաճախ կրկնելով «Իմ դիմակը պաշտպանում է քեզ, քո դիմակը՝ ինձ» կարգախոսը: Չեխ համաճարակաբանները միաբերան պնդում էին՝ դիմակը գուցե լիովին չի պաշտպանում, բայց և այնպես պաշտպանում է:

Չեխիա - Զբոսաշրջիկներ Պրահայի Կարլի կամրջի վրա, ապրիլ, 2020թ.
Չեխիա - Զբոսաշրջիկներ Պրահայի Կարլի կամրջի վրա, ապրիլ, 2020թ.

Հետզհետե Չեխիայի օրինակին սկսեցին հետևել աշխարհի շուրջ հարյուր երկրներ, դիմակների արդյունավետության հարցի շուրջ վիճաբանությունները տարբեր երկրներում, այդուհանդերձ, առայսօր չեն մարում: Մասնագետները չեն էլ հերքում դիմակներին ընդդիմացողների պնդումները դրանց անհարմարության մասին՝ շեշտելով, սակայն, որ կորոնավիրուսով վարակելն ու վարակվելը շատ ավելի անհարմար է:

Համաճարակի բռնկման առաջին օրերին, երբ մինչ օրս էլ լիովին չբացահայտված COVID-19-ի մասին քիչ բան էր հայտնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առողջ մարդկանց խորհուրդ չէր տալիս դիմակ կրել, նույնը կրկնեցին բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ այդ թվում Հայաստանում: Ամիսներ անց վարակի վերաբերյալ նորանոր հետազոտությունների արդյունքների ի հայտ գալուն զուգահեռ կտրուկ փոխվեցին նաև դիմակի կարևորության հարցով կարծիքները: Դիմակի արդյունավետությունը և այն կրելու անհրաժեշտությունը կասկածի տակ դնող հայտարարությունները հնչելու պահին հայտնի չէր մի կարևոր փաստ՝ վարակակիրների շրջանում ասիմպտոմների մեծ թիվը, ովքեր կորոնավիրուսի որևէ ախտանշան չունեն, ինչը նշանակում է, որ նրանք կարող են դիմացինին հեշտությամբ վարակել՝ չիմանալով այդ մասին: Գիտնականներն այսօր արդեն վստահ են մի հարցում՝ COVID-19-ը տարածվում է նախ և առաջ շնչառական կաթիլների միջոցով, երբ վարակված անձը հազում է, փռշտում կամ խոսում:

Դիմակը կանխում է կամ նվազեցնում մարդու բերանից դուրս նետվող կաթիլների փոխանցումը

Մասնագետների հաջորդ քայլն էր պարզել՝ հնարավո՞ր է արդյոք է կանխել կամ գոնե նվազեցնել մարդու բերանից դուրս նետվող կաթիլների փոխանցումը: Բազմաթիվ գիտական

հաստատություններում արված այդ փորձարկումներն այսօր հասանելի են համացանցում, դրանցում հստակ երևում է, թե խոսելիս, հազալիս, անգամ ցածր կամ բարձր ծիծաղելիս քանի կաթիլ է արձակվում: Լազերային լուսավորությունը հստակ ցույց է տալիս, թե այդ կաթիլները որքան հեռու են տարածվում դիմակով և առանց դիմակի։ Տարբերությունը ցնցող է՝ սովորական կտորն ի վիճակի է արգելափակել կաթիլների մեծ մասը, հետևաբար՝ նույնիսկ վարակակրից դիմակի միջով փոխանցվող կաթիլները վարակի ավելի նվազ չափաբաժին են հասցնում դիմացինին, քան առանց դիմակի արտանետվելու դեպքում, իսկ կորոնավիրուսի դեպքում վարակակրի առողջական վիճակը մեծապես կախված է նաև ստացած վարակի չափաբաժնից, փաստում է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի առաջատար գիտաշխատող Ջերեմի Հովարդը, ով այժմ գլխավորում է #Masks4All ` «Դիմակներ բոլորի համար» արշավը:

«Երբ ինչ-որ մեկի հետ շփման ընթացքում ձեր բերանը փակում եք մի քանի շերտ բամբակյա կտորով կամ սրբիչով, ապա այդ կտորները ներծծում են բերանի կաթիլները, և դրանք չեն հասնում դիմացինի դեմքին», - հեղինակավոր «Գարդիան» պարբերականում գրել է Հավարդը, հիշեցնելով, որ դիմակն ի սկզբանե հենց այդ նպատակով էլ ստեղծվել է՝ շրջապատին պաշտպանելու հնարավոր վարակից՝ ներծծելով միկրոկաթիլները հազի, փռշտոցի կամ զրույցի ընթացքում։

Ամերիկացի գիտնականն ընդգծում է՝ դիմակը կարող է աննախադեպ արդյունավետ լինել հատկապես այն դեպքում, երբ կրում են բոլորն անխտիր:

Ինչու ԱՀԿ-ն ի սկզբանե խորհուրդ չէր տվել դիմակներ կրել

Հավարդին ուղղել են այս օրերի թերևս ամենատարածված հարցը՝ ինչո՞ւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և բազմաթիվ քաղաքական գործիչներ ի սկզբանե խորհուրդ չէին տվել դիմակներ կրել, ինչը հետագայում մոլորեցրել է մարդկանց և խառնաշփոթ ստեղծել դիմակի գործոնի շուրջ:

Ռուսաստան - Բուժաշխատողները հոսպիտալացնում են կորոնավիրուսով վարակվածին, ապրիլ, 2020թ.
Ռուսաստան - Բուժաշխատողները հոսպիտալացնում են կորոնավիրուսով վարակվածին, ապրիլ, 2020թ.

«Նրանք փորձել են առաջնագծի բուժաշխատողներին պաշտպանել դիմակների պակասից», - պատասխանել է Հավարդը՝ շարունակելով. - «Երբ մենք հայտնաբերեցինք, որ անվտանգության գոտին ապահովում է մարդկանց անվտանգությունը, պահանջեցինք, որպեսզի մարդիկ օգտագործեն դրանք: Երբ հասկացանք, որ պահպանակները կարող են պաշտպանել հիվանդություններից, մարդկանց հորդորեցինք խուսափել չպաշտպանված սեռական հարաբերություններից: Եթե կա մի բան, որը կարող է կտրուկ կրճատել հիվանդությունների փոխանցումը, ապա մենք պետք է ասենք այդ մասին, եթե նույնիսկ դա չի համընկնում քաղաքական որոշումներին»։

XS
SM
MD
LG