Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են վեճը կորոնավիրուսի շուրջ


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայեն, 24-ը մայիսի, 2020թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Չինաստանը մեկմեկու մեղադրում են աշխարհում կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Ամերիկացիները պնդում են, որ վիրուսը դուրս է եկել Ուհանի բիոքիմիական հետազոտությունների լաբորատորիայից։

Ավելին, Վաշինգտոնում ասում են, թե չինացիները ծավալել են լրտեսական ակտիվ գործունեություն, որի նպատակն է գողանալ վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ամերիկյան գիտական կենտրոնների հետազոտությունների արդյունքները և դառնալ աշխարհում առաջին արդյունավետ վակցինայի հեղինակը։

Ուհանի բիոքիմիական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Շի Ժենլին «Չինաստանի համաշխարհային հեռուստացանց» ընկերության թղթակցի հետ զրույցում քննադատել է ամերիկացիներին` ասելով, թե կորոնավիրուսի ծագման հարցը քաղաքականացնելու, COVID-19 հիվանդության մասին դավադրապաշտական թեզեր և ապատեղեկատվություն տարածելու գործելակերպը մեծ վնաս է հասցնում համավարակը զսպելու ամբողջ գիտական աշխարհի առաքելությանը, որը թափանցիկության և անկեղծության կարիք ունի։

«Կարծում եմ` հիմա փորձում են գիտությունը միացնել քաղաքականությանը, դրա արդյունքում գիտությունը քաղաքականացվում է։ Սա շատ ցավալի երևույթ է։ Վարակիչ հիվանդությունների հետազոտությունները պետք է լինեն բաց և թափանցիկ։ Միջազգային համագործակցությունը կարող է նպաստել այս նոր վարակի դեմ պայքարին, ինչը ոխում է ամբողջ մարդկության շահերից, ուստի ես շատ մեծ ցավ եմ ապրում այսօրվա զարգացումների կապակցությամբ»,- ասել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ենթակայության տակ գտնվող Ուհանի վիրուսոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Շի Ժենլինը։

Այս տարվա ապրիլին նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սառեցնել ԱՄՆ-ի կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը` ասելով, թե ԱՀԿ-ն կորոնավիրուսի հարցում դանդաղկոտություն է դրսևորել և ի սկզբանե սատարել է վիրուսի ծագման ու տարածման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը։

Միջազգային գիտական համայնքը դատապարտել է Թրամփի այդ քայլը` նշելով, որ չի կարելի դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումը հատկապես այս դրամատիկ ժամանակահատվածում։ Մինչդեռ, ամբողջ աշխարհում ծավալվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ մի իսկական գիտա-քաղաքական մրցավազք։

Ըստ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի` չինացիները ցանկանում են գողանալ ամերիկյան գաղտնիքներն ու մոլորակին զեկուցել առաջինը գործող վակցինա ստեղծելու մասին։ Այդ մասին Օ՛Բրայենն ասել է երեկ CBS News հեռուստակայանի Face the Nation հաղորդաշարի թողարկման ընթացքում.- «Չինացիները տարիներ շարունակ մեր տեխնոլոգիաներն են գողացել, հիմա էլ ցանկանում են կորզել վակցինայի և դեղամիջոցների մասին տեղեկություններ, բայց մենք շատ լավ առաջընթաց ենք ապահովել, կստեղծենք վակցինա, որից կօգտվի աշխարհը»,- Օ՛Բրայանը։

Չինացիները հերքում են գիտական գրագողության մեղադրանքը և աշխարհին են փոխանցում տեղեկություններ չինական լաբորատորիաների, այդ թվում` Ուհանի կենտրոնի հետազոտությունների մասին։

Ենթադրվում է, որ նոր կորոնավիրուսը մարդուն փոխանցվել է չղջիկից։ Կորոնավիրուսներն առաջացնում են SARS հապավումով հայտնի «ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ»։ Բնականաբար, դրանք գրեթե նույն մեթոդով են ազդում օրգանիզմի վրա։

Ուհանի լաբորատորիայի տնօրեն Վան Յանյինի փոխանցմամբ` նոր կորոնավիրուսն ու SARS համախտանիշն ունեն տարբերություններ.- «Լաբորատորիան 2004 թվականից է հետազոտում չղջիկների տարածած վիրուսները։ Մենք արդեն գիտենք, որ COVID-19 հարուցող վիրուսի գենոմը միայն 79 տոկոսով է համընկնում SARS-ի վիրուսի գենոմի հետ»,- ասել է Ուհանի լաբորատորիայի տնօրեն Վան Յանյինը։

Այդ 20 տոկոսի տարբերությունն, իհարկե, լրացուցիչ բարդություններ է ստեղծում աշխարհի գիտնականների համար, սակայն նրանք հուսով են, որ վաղ թե ուշ կկարողանան բացահայտել կորոնավիրուսի գաղտնիքները և առաջիկա ամիսներին ստեղծել և՛ վակցինա, և՛ դեղամիջոց։ Ի վերջո, ախտահարվածի համար միևնույն է, թե որ երկիրն առաջինը կհայտարարի այդ սպասված հայտնագործության մասին։

XS
SM
MD
LG