Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը սառեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը


Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանը Ժնևում, արխիվ

Միացյալ Նահանգները սառեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը: Այս մասին նախօրեին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ կառույցին մեղադրելով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ:

«Իրականությունն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճիշտ ժամանակին բավարար չափով, թափանցիկ ձևով չի ստացել, չի ստուգել և չի տարածել կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը», - հայտարարել է նախագահ Թրամփը՝ հավելելով, որ վիրուսի բռնկումից հետո էլ կազմակերպությունը ձախողել է անհապաղ ուսումնասիրություն անցկացնելն ու չի կարողացել արագ շարժվել տագնապի ձայն բարձրացնելու համար:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձախողել է հիմնական պարտավորությունը և պետք է հաշվետու լինի», - նաև պնդել է ԱՄՆ-ի նախագահը՝ ՄԱԿ-ի գործակալությունը մեղադրելով չինական ապատեղեկատվություն տարածելու մեջ, ինչն էլ իր հերթին, ըստ նրա, հանգեցրել է համաճարակի ավելի լանածավալ հետևանքների:

Միացյալ Նահանգները շվեյցարական Ժնևում տեղակայված և 195 երկրներ միավորող Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշորագույն ֆինանսավորողն է, միայն անցած տարի ամերիկյան հանգանակությունը կազմել է 400 միլիոն դոլար, ինչը կառույցի ընդհանուր բյուջեի 15 տոկոսն է կազմում: Չինաստանի ֆինանսական լուման, օրինակ, մոտ տասն անգամ ցածր է:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թրամփն աննախադեպ որոշումը կայացրել է՝ հիմնվելով հեղինակավոր փորձագետների կարծիքների վրա, ովքեր պնդում են, որ համաճարակի սկզբնական փուլում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կուրորեն վստահել է Չինաստանի ներկայացրած տվալներին և հիմնվել չինական գնահատականների վրա՝ ըստ էության անտեսելով, օրինակ, Թայվանից ստացված տեղեկատվությունը այն մասին, որ կորոնավիրուսը կարող է մարդուց մարդուն փոխանցվել: Վարակի տարածման սկզբնական պահին այդ տեղեկատվության վրա հիմնվելը կարող էր փոխել կորոնավիրուսի տարածման ընթացքը, մինչդեռ, ինչպես հիշեցրել է Թրամփը, ԱՀԿ-ն Վաշինգտոնին էր քննադատում Չինաստանում բռնկված վարակի ֆոնին այդ երկրի հետ օդային հաղորդակցությունը դադարեցնելու համար:

ՄԱԿ-ի համակարգում գործող կառույցն առայժմ չի արձագանքել Սպիտակ տան որոշմանն ու Վաշինգտոնից հնչող մեղադրանքներին:

Համաճարակի ամենաթեժ պահին աշխարհում առողջապահական ոլորտը համակարգող կառույցը ֆինանսավորումից զրկելու ԱՄՆ նախագահի որոշումը խորը մտահոգությունների տեղիք է տվել միջազգային հանրության շրջանում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հիմա ժամանակը չէ կրճատելու վարակի դեմ պայքարող կազմակերպության համար նախատեսված ռեսուրսները: «Հիմա միասնականության, միջազգային հանրության հետ համերաշխ աշխատելու ժամանակն է՝ հանուն վարակը և դրա աղետալի հետևանքները արմատախիլ անելու», - շեշտել է Գուտերեշը:

Սպիտակ տան ղեկավարն այս աղմկահարույց որոշումն ընդունեց երկրում համաճարակի սրընթաց տարածման և վարակի դեմ պայքարի հարցում ամերիկյան իշխանությունների հասցեին հնչող կոշտ քննադատության ֆոնին: Ընդդիմախոսները, իրենց հերթին, Թրամփին են մեղադրում համաճարակին ուշ արձագանքելու, անարդյունավետ պայքարի համար:

Վարակակիրների և զոհերի թվով Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում առաջին երկիրը, հիվանդների թիվն այստեղ առնվազն մոտ երեք անգամ ավելի է, քան որևէ այլ երկրում: Վերջին տվյալների համաձայն՝ Նահանգներում վարակվածների թիվն ավելի քան 600 հազար է, զոհերի թիվը հասել է 26 հազարի:

Ընդհանուր առմամբ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 2 միլիոնից ավելի, զոհերի թիվը մոտենում է 127 հազարին, համաճարակն ընդլայնվում է հատկապես Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և Հնդկաստանում:

Եվրոպայում վարակի տարածման տեմպերի աճի որոշակի նվազման միտում է նկատվում, մի շարք երկրներ` այդ թվում համաճարակից մեծապես տուժած Իտալիան, Իսպանիան, սկսել են թուլացնել կարանտինային ռեժիմը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այդուհանդերձ, նախազգուշացնում է՝ կորոնավիրուսի տարածումը դեռևս չի հասել գագաթնակետին:

XS
SM
MD
LG