Մատչելիության հղումներ

ԱՀԿ. «Վիրուսը բնական ծագում ունի»


ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը, գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերկովը, Ժնև, արխիվ

Կորոնավիրուսի ծագման և տարածման հարցի շուրջ Վաշինգտոնի և Պեկինի սուր վեճը շարունակվում է: Կիրակի օրը պետքարտուղար Մայք Փոմփեոն պնդել է, թե ըստ հավաստի տվյալների, վիրուսը դուրս է եկել Ուհանում չինական լաբորատորիայից:

Ամերիկացիներին միացել են բրիտանացիները` Չինաստանից պահանջելով տեղեկություններ տրամադրել համավարակի բռնկման մասին, այնուամենայնիվ բրիտանացիները ձեռնպահ են մնացել չինացիներին համաշխարհային դավադրության մեջ ուղղակի մեղադրելուց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Մայքլ Ռայանը երեկ ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է կայացնի վիրուսի ծագման մասին ինֆորմացիայով ուրիշների հետ կիսվելու որոշումը:

«Մենք ԱՄՆ կառավարությունից վիրուսի ծագման մասին ապացույցներ չենք ստացել, ուստի, մեր տեսակետից՝ այս պահին հայտնի պնդումները սպեկուլյատիվ բնույթ ունեն, մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ վիրուսը բնական է»,- ասել է ԱՀԿ-ի գործադիր տնօրենը:

Նույնը կրկնել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կերկովը:

«Վիրուսի գենոմի հերթականությունների վերլուծությունը, իսկ մենք շուրջ 15 հազար ստուգում ենք անցկացրել, ցույց են տալիս, որ դա բնական ծագման վիրուս է»,- ասել է Մարիա վան Կերկովը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն այդ մեկնաբանություններով արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Փոմփեոյի պնդումներին այն մասին, որ կորոնավիրուսը գիտական հետազոտությունների կանոնները չպահպանելու կամ ինչ-որ այլ միջադեպի արդյունքում դուրս է եկել Ուհանում գործող կենսաբանական ստուգումների լաբորատորիայից:

Ըստ այդ թեզի, վիրուսը տեղում ժամանակին չի լոկալացվել, քանի որ չինացիները կամ չեն կարողացել դա անել, կամ ինչ-ինչ պատճառներով չեն ցանկացել դա անել:

Ամենասուր մեղադրանքը, որը Միացյալ Նահանգները և արևմտյան մի շարք երկրներ հասցեագրում են Պեկինին, այն է, որ Չինաստանի իշխանությունները մեծ ուշացումով են աշխարհին տեղեկացրել վիրուսի ահավոր վարակիչ ունակության մասին, ինչի արդյունքում վատնվել է ցանկացած համավարակի դեմ պայքարի ամենահզոր ռեսուրսներից մեկը՝ ժամանակը: Չինացիները հերքում են այդ բոլոր մեղադրանքները:

Մինչդեռ, Մայքլ Ռայանի փոխանցմամբ, աշխարհը պետք է դրվատանքով խոսի համավարակի դեմ Չինաստանի պայքարի մասին:

«Մենք պետք է հասկանանք, որ կարող ենք սովորել չինացի գիտնականներից, մեկս մյուսից, գիտելիք փոխանակել, միասին գտնել պատասխաններ, մենք տեսնում ենք, որ չինացիները համագործակցում են աշխարհի հետ այս համավարակի ամբողջ ընթացքում, այս ոգին պետք է պահպանենք»,- ասել է Ռայանը:

Աշխարհում մեծ թվով գիտնականներ համաձայն են ԱՀԿ-ի մասնագետների հետ և համոզված են, որ այս վիրուսը բնական ծագում ունի:

ԱՄՆ հետախուզական կառույցները նույնպես ենթադրում են, որ աշխարհը պատուհասած վիրուսը մարդու կողմից ստեղծված կամ գենետիկորեն մոդիֆիկացված չէ:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտարարել է, որ հետաքննում է Ուհանի լաբորատորիայի և կորոնավիրուսի միջև կապի վարկածը:

Դոկտոր Էնթոնի Ֆաուչին, ով ղեկավարում է ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի Սպիտակ տան թիմից է, դեռ ապրիլի կեսերին է կարծիք հայտնել, որ այդ վիրուսն, ամենայն հավանականությամբ, կենդանուց է փոխանցվել մարդուն, նոր միջավայրում զարգացել և դրանից հետո մարդուց մարդուն է փոխանցվել:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը միջազգային համայնքին կոչ է արել համավարակի խնդիրը քաղաքականացնելու փոխարեն համագործակցել, կասեցնել կորոնավիրուսի տարածումը և ստեղծել աշխարհին անհրաժեշտ պատվաստանյութեր ու դեղամիջոցներ:

Ի դեպ, ուշագրավ զուգադիպությամբ այս օրը՝ մայիսի 5-ն աշխարհում Ձեռքի հիգիենայի օր է, այն սահմանվել է ԱՀԿ-ի որոշմամբ:

Այսօր աշխարհի բոլոր բժիշկները վերստին հայտարարում են, որ բոլոր վիրուսներից պաշտպանվելու զինատեսակների թվում ամենահզորներից մեկը ձեռքերը կանոնավոր և հաճախ լվալալն է:

XS
SM
MD
LG