Մատչելիության հղումներ

Թրամփը 30 օր ժամանակ է տվել ԱՀԿ-ին բարեփոխվելու համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերջնագիր է ներկայացրել, որ եթե կազմակերպությունում հրատապ և էական բարեփոխումներ չանցկացվեն, ապա ԱՄՆ-ն ընդմիշտ կհրաժարվի ֆինանսավորել այդ կազմակերպությանը և կվերանայի իր անդամակցությունը:

Անցած ապրիլին Թրամփը ժամանակավորապես էր սառեցրել ֆինանսավորումը:

Թրամփը հիմա նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսին, որտեղ նա կազմակերպությունում էական բարեփոխումներ կատարելու համար 30 օր ժամանակ է հատկացրել: Այս մասին Թրամփը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ` երկուշաբթի երեկոյան Թվիթերի իր էջում տեղադրելով նաև նամակի տեքստը: ԱՄՆ նախագահի պնդմամբ` իր վարչակազմի ուսումնասիրությունը հաստատել է նախկին մտահոգությունները և բացահայտել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեության այլ թերությունենր:

Թրամփը նամակում թվարկել է այդ կազմակերպության թույլ տված սխալները: Դեռ 2019-ի դեկտեմբերին ԱՀԿ-ն անտեսել է Ուհանում վիրուսի տարածման մասին ուշադրության արժանի, արժանահավատ տեղեկությունները, անկախ հետաքննություն չի անցկացրել` չհակառակվելով Չինաստանի ղեկավարության դիրքորոշմանը: Կազմակերպությունը գիտակցել է, թե ինչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսը, բայց ամբողջ աշխարհի հետ ժամանակին այդ մտահոգությունները չի կիսել` ելնելով քաղաքական դրդապատճառներից: Կազմակերպությունը Չինաստանից անկախ չի գործում, բազմաթիվ անգամ հանդես է եկել ոչ ճշգրիտ կամ թյուրիմացության մեջ գցող հայտարարություններով: Հավանություն է տվել Չինաստանի ներսում մարկանց տեղաշարժի սահմանափակումներին, բայց դեմ էր, որ ԱՄՆ-ն փակի սահմանները, ուղևորներ չընդունի Չինաստանից:

Անգամ կորոնավիրուսի բռնկումն արտակարգ իրավիճակ համարելուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի պնդել, որ Չինաստանն անմիջապես ընդունի միջազգային մասնագետներին, նրանք Չինաստան են մեկնել երկու շաբաթ անց: Չի բողոքել, երբ Չինաստանի իշխանություններն ամերիկացի մասնագետներից երկուսին չեն թույլատրել մտնել երկիր:

Կորոնավիրուսի վտանգավոր հատկության՝ մարդուց մարդուն փոխանցվելու մասին առաջինը զգուշացրել են Թայվանի իշխանությունները, իսկ Չինաստանն ու ԱՀԿ-ն այդ մասին զգուշացրել են ավելի ուշ:

Թրամփը անհատապես քննադատել է նաև կազմակերպության գլխավոր տնօրենին` պնդելով, որ եթե նա իր նախորդի պես ճշգրիտ գործեր, հնարավոր կլիներ շատ կյանքեր փրկել:

ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տարեկան հատկացնում էր 500 միլիոն դոլար, դա կազմակերպության բյուջեի 15 տոկոսն է, իսկ Չինաստանը` մոտավորապես 40 միլիոն դոլար: Թրամփը նշել է, որ չի թույլատրի ամերիկացի հարկատուների ֆինանսավորումը մի կազմակերպության, որն անտեսում է Միացյալ Նահանգների շահերը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույն օրը հայտնել է, թե կորոնավիրուսի տարածումն ուսումնասիրելու անկախ հետաքննությունը կմեկնարկի որքան հնարավոր է շուտ, ինչպես նաև նշել է, որ Չինաստանը խոստացել է երկու միլիարդ դոլարի չափով ծանրակշիռ օգնություն ցուցաբերել ԱՀԿ-ին:

Պաշտոնական Պեկինը, անդրադառնալով Թրամփի քննադատությանը, ասել է, թե Վաշինգտոնը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ձախողումները փորձում է բարդել ուրիշների վրա:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լի Ցզյանն այսօր Պեկինում կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե Միացյալ Նահանգները փորձում է վարկաբեկել Չինաստանին` խուսափելու համար սեփական պատասխանատվությունից:

«Անհիմն պնդումներով ու շահարկումներով լի` ԱՄՆ-ի ղեկավարության բաց նամակը փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը, անորոշ տեղեկությունների միջոցով վարկաբեկել կորոնավիրուսի համավարակը վերահսկելու և կանխելու Չինաստանի ծանր աշխատանքը, իսկ իր վրայից գցել սեփական անարդյունավետության պատասխանատվությունը: Դա չի ստացվի»,- այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը:

Միացյալ Նահանգները կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է: Այսօրվա դրությամբ մեկուկես միլիոնից ավելի ամերիկացիներ են վարակվել, մահացածների թիվը մոտենում է 92 հազարի: Բուժվել է ավելի քան 350 հազար մարդ:

Իսկ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են հինգ միլիոնի, մահացել է 320 հազարից ավելի մարդ, կորոնավիրուսից բուժվել է շուրջ 2 միլիոն հիվանդ:

XS
SM
MD
LG