Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 4 մլն 450 հազարի, բուժվածներինը՝ 1 մլն 600 հազարի, մահացել է շուրջ 302 հազար մարդ


ԱՄՆ - Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաքում Novavax ընկերության լաբորատորիայում Covid-19-ի դեմ պատվաստանյութ են մշակում, արխիվ

Կորոնավիրուսի համաճարակի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 302 հազարը: Վարակի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 4 միլիոն 450 հազարի, բուժվածներին՝ 1 միլիոն 600 հազարի, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

ԱՄՆ-ում, որտեղ վարակվածների և զոհերի թիվը ամենաբարձրն է, մահվան դեպքերի թիվը մոտենում է 86 հազարի: Միացյալ Նահանգների Կոնգրեսը լսել է Առողջապահության նախարարության մի աշխատակցի, ով հեռացվել է աշխատանքից այն պատճառով, որ բողոք է ներկայացրել օրենսդիր մարմնին՝ իշխանությունների անգործության մասին: Նախկին պաշտոնյան կանխատեսում է համաճարակի երկրորդ ալիք և «մռայլ ձմեռ»:

Այսօր Մոսկվայում սկսում են զանգվածային անվճար թեստավորում իրականացնել նոր կորոնավիրուսի համամարմինների առկայության վերաբերյալ: Երկրում նախորդ օրը մայիսի սկզբից ի վեր առաջին անգամ 10 հազարից մի փոքր պակաս նոր դեպքեր են գրանցվել: Սակայն լրատվամիջոցներում շարունակվում են քննարկումները համաճարակի զոհերի գրանցման վերաբերյալ:

Այդուհանդերձ, աշխարհը կարծես վերակենդանանում է՝ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրամիության երկրներին հունիսի կեսին բացել ներքին սահմանները: Ճապոնիայի մեծ մասում հանվել է արտակարգ դրությունը:

Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսի պանդեմիայի զոհ է դարձել 351 մարդ: Մարտի 1-ից ի վեր մահացության ընդհանուր ցուցանիշը երկրում մոտենում է 27.5 հազարի: Ֆրանսիայի հիվանդանոցներում դեռ ավելի քան 20 հազար մարդ բուժվում է այս հիվանդությունից՝ այս թիվը 3 հազարով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ:

Իտալիայում իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահվան 262 նոր դեպքի մասին: Սա երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է վերջին օրերին ՝ մայիսի 7-ից ի վեր: Այնուամենայնիվ, վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը շարունակում է նվազել:

Մեծ Բրիտանիայում, որը մահվան դեպքերի թվով առաջինն է Եվրոպայում, անցած օրվա ընթացքում ևս 428 մարդ է մահացել: Մահացածների ընդհանուր թիվն անցել է 33 հազարը:

XS
SM
MD
LG