Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հակադարձում է բրիտանական և ամերիկյան հեղինակավոր պարբերականների հրապարակումներին


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բրիտանական Financial Times և ամերիկյան The New York Times պարբերականներից պահանջում է հերքել Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի վիճակագրության մասին իրենց հրապարակած տեղեկությունները։

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում, ըստ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, այն հրապարակումներն անվանել են «անհիմն շահարկումներ» և «հերթական սենսացիոն հակառուսաստանյան ֆեյքեր»։

Ավելի ուշ Զախարովան ասել է, որ նշված պարբերականների նկատմամբ հետագա քայլերը կախված կլինեն այն բանից, թե արդյոք նրանք կհերեն իրենց հրապարակումները։ Այսպես ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Պետդումայի Ռուսաստանի գործերին միջամտելու դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությունը, որով պատգամավորները դիմել են արտգործնախարարություն՝ խնդրելով քննարկել երկրում Financial Times-ին և The New York Times-ին հավատարմագրումից զրկելու հնարավորությունը։

The New York Times-ում արդեն հայտարարել են, որ իրենց հրապարակումը հիմնված է եղել պաշտոնական տվյալների վերլուծության վրա․ - «Մեր հոդվածում բերված ոչ մի փաստ չի վիճարկվում»։

Financial Times-ի և The New York Times-ի հրապարակումներում խոսքն այն մասին էր որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսային վարակից մահերի թիվը կարող է 70 տոկոսով ավելի լինել պաշտոնական վիճակագրությունից։

Պարբերականները պարզապես վերլուծել են ապրիլ ամսվա մահացության պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ՝ ապրիլին Մոսկվայում մահերի թիվը մոտ երկու հազարով գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը։

Ռուսաստանի իշխանությունների տվյալներով, կորոնավիրուսը Մոսկվայում ապրիլին 640 մարդու մահվան պատճառ է դարձել։ Քաղաքապետարանի առողջապահության դեպարտամենտը երեկ հայտարարություն է տարածել՝ հերքելով ամերիկյան և բրիտանական թերթերի հրապարակումները։ Միաժամանակ, Մոսկվայի քաղաքապետարանի հայտարարության մեջ ասված է, որ կորոնավիրուսով հիվանդների մահերի շուրջ 60 տոկոսը հաշվի չի առնվում վիճակագրության մեջ, քանի որ մահվան պատճառ են դարձել այլ հիվանդությունները՝ ինսուլտներ, ինֆարկները, ուռուցքներ և այլն։

Ստացվում է, որ Ռուսաստանը չի հետևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոններին, որոնք ենթադրում են, որ կորոնավիրուսային վարակը պետք է նշել որպես մահվան պատճառ գրեթե միշտ, եթե այն հայտնաբերվել է հիվանդի մոտ՝ բացառությամբ վնասվածքների, օրինակ, եթե մարդը վրաերթի է ենթարկվել։

Առողջապահության դեպարտամենտը նաև նշել է, որ նույնիսկ եթե հաշվի առնեն այդ բոլոր մահերը, կորոնավիրուսից մահացության ցուցանիշը Մոսկվայում միևնույն է ավելի ցածր կլինի, քան Լոնդոնում և Նյու Յորքում։ Շեշտել են, որ այդ քաղաքներում նույնպես կա տարբերություն Covid-19-ի մահացության ընդհանուր աճի և պաշտոնական վիճակագրության միջև։

Պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսային վարակից մահացությունը Ռուսաստանում այսօր մոտ 0,9 տոկոս է, ինչը զգալիորեն ավելի ցածր է, քան այլ երկրներում, որտեղ նույնպես մեծ է վարակվածների թիվը։

Անցած մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է վարակի 9974 նոր դեպք։ Մայիսի 2-ից ի վեր առաջին անգամն է, որ մեկ օրում արձանագրվել է 10 հազարից պակաս դեպք։ Անցած օրվա ընթացքում մահացել է 93 հիվանդ, որոնցից 58-ը Մոսկվայում։

XS
SM
MD
LG