Մատչելիության հղումներ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային բարձր ցուցանիշ, արտակարգ դրությունը կերկարաձգվի


Երևանյան փողոցները, 12-ը մայիսի, 2020թ.

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ օրում գրանցված դեպքերի աննախադեպ բարձր թիվ՝ 180: Կեսօրից հետո շրջելով Երևանի փողոցներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ արտակարգ դրության երկարաձգումը անխուսափելի է, միայն թե սահմանափակումների ռեժիմը կմեղմացվի։

Մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը պետք է ավարտվի վաղը՝ 17։00-ին, և երկարաձգվելու պարագայում Հայաստանը, փաստորեն, թևակոխելու է արտակարգ դրության երրորդ ամիսը։

«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք մենք ուղղակի, բայց սահմանափակումների ռեժիմն ուրիշ կլինի, ավելի մեղմ կլինի: Այսօր առավոտ խորհրդակցություն ենք ունեցել, թե ինչ պետք է անենք, պետք է, այո, խստացնենք միջոցները` կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու: Եթե պարզվի, որ պետք է դիմակ կրելը փակ տարածքներում պարտադիր լինի, պետք է պարտադիր լինի: Բայց չենք կարող կիսատ կյանքով ապրել, պետք է լիարժեք կյանքով ապրենք, ինչը չի նշանակում, որ պետք է անկաշկանդ բոլորս վարակվենք և վարակենք ուրիշներին»,- ասաց վարչապետը:

Հայաստանում վարակվածների ընդհանուր քանակը հասել է 3 հազար 718-ի: Նախորդ օրը գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, պացիենտը 65 տարեկան տղամարդ էր, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն: Մահացածների ընդհանուր թիվը 48-ն է, այսօր «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Մինչ այժմ մեկ օրում հաստատված վարակակիրների ամենամեծ թիվը Հայաստանում մայիսի 5-ին էր՝ 163 նոր դեպք.- «Այսօր ժամը 11-ի դրությամբ ունենք հաստատված կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 հազար 718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 149 պացիենտ, և եթե թեստերն էլ ասենք, ընդհանուր առմամբ կատարել ենք 34 հազար 766 թեստավորում: Եթե օրվա կտրվածքով թվերը ֆիքսենք, ապա ունեցել ենք հիվանդության հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացածներ»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս ռեկորդային աճը, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց.- «Հաստատված դեպքերի կոնտակտավորներին այսպես ասած` թեստավորումը մասսայական է կատարվում, նրանք ընտանիքներ են, այսինքն` թիվը նաև դրանով է մեծ: Երկրորդը նա է, որ չեն պահպանվում շատ կանոնները, և դեպքերն ավելանում են, այսինքն` բացի այդ օջախներից, լինում են նաև արդեն առանձին դեպքեր, որ ուղղակի թեստավորվում են, ու ստացվում է, որ դրական է, բայց հիմնական թելը, որ գնում է մեզ մոտ, հաստատված դեպքերի սերտ կոնտակտներն են, որոնք թեստավորվում են, հետո այդ սերտ կոնտակտների կոնտակտներն են թեստավորվում, ու այդպես շղթայական դրական դեպքերը հաստատվում են»:

Այն, որ համաճարակի պայմաններում անվտանգության կանոնները չեն պահպանվում, առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարծես կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնացել.- «Արդեն մի քանի օր հարյուրից ավելի կորոնավիրուսային դեպքեր են արձանագրվում, սիրելի՛ հայրենակիցներ, ինչը նշանակում է` հակահամաճարակային պայմանները մեր երկրում, ցավոք սրտի, համատարած կերպով չեն պահպանվում»:

Արցախի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու ևս վեց դեպ դեպք։ Առայսօր Լեռնային Ղարաբաղում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 20 դեպք, 8 մարդ արդեն ապաքինվել է, մահեր չկան։

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ելքն ու մուտքը պարետի որոշմամբ փակ է մայիսի 6-ից 10 օրով։ Այստեղ էլ վարակի օջախ էր դարձել հուղարկավորության արարողությունը, որի հետևանքով կորոնավիրուսի ավելի քան 40 դեպք է արձանագրվել, «Ազատությանը» փոխանցել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարդիկ փակվել են տներում, գրեթե դուրս չեն գալիս, այսօր հեռախոսով փոխանցեց Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը.- «Եկել, գնացել էին տունը, տենց էլ վարակել էին էլի»:

Հարցին, թե հիմա բնակիչները սոցիալական հեռավորություն պահպանո՞ւմ են, դիմակներ կրո՞ւմ են, նա պատասխանեց.- «Միանշանակ, համարյա տներից դուրս չի էլ գալիս ժողովուրդը»: Ավետիսյանը հավելեց, որ համայնքի բնակիչներն իրենց գյուղատնտեսական աշխատանքներն արդեն արել են:

Այս պահի դրությամբ Հայաստանում փակ է միայն Դդմաշենը։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG