Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով, բուժվածներինը՝ 70-ով, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով՝ հասնելով 3 հազար 718-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 70-ով և հասել 1500-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 34 հազար 766 է:

Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ պացիենտը 65 տարեկան տղամարդ էր, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - նաև ասված է հաղորդագրությունում:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 48-ի, կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 149 մարդ:

Մինչ այժմ մեկ օրում հաստատված վարակակիրների ամենամեծ թիվը Հայաստանում մայիսի 5-ին էր՝ 163 նոր դեպք:

«Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում», - այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG