Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը ջնջեց նաև մայիսմեկյան տոնակատարությունները


Կորոնավիրուսը պարալիզացրեց նաև մայիսի մեկը: Շատ երկրներում մայիսի մեկը տոն է համարվում, բայց աշխարհով մեկ կորոնավիրուսի համավարակը իր պայմաններն է թելադրում՝ զանգվածային միջոցառումները արգելված են, Ձախակողմյան ուժերը մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, մայիսի 1-ը նշել են համավարակի շրջանին բնորոշ վիրտուալ կերպով, հեռավար ուղերձներով:

Բայց կան բացառություներ: Հունասատանում կոմունիստական արհմիություններն անտեսել են տեղաշարժը սահմանափակող կառավարության հրահանգները և ցույց են կազմակերպել խորհրդարանի դիմացի հրապարակում, բայց չեն անտեսել կորոնավիրուսի վտանգը, ցուցարարները կարմիր գույնի դիմակներ են կրել, կանգնել ու դրոշները ծածանել են` պահպանելով սոցիալական հեռավորություն:

Հունաստանում կորոնավիրուսի տարածումը համեմատաբար քիչ է, փետրվարի վերջերից սկսած մինչև հիմա արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 2 հազար 500 դեպք, մահացել է 140 հիվանդ: Պահպանողական կառավարությունը մտադիր է մայիսի 4-ից աստիճանաբար վերացնել սահմանափակումները: Առանց այդ էլ պարբերաբար ֆինանսական դժվարությունների մեջ ընկնող Հունաստանի տնտեսությունն այս անգամ էլ վնասներ է կրում կորոնավիրուսի պատճառով:

Վիեննայում նույնպես ցուցարարները դիմակներով են և կանգնել են միմյանցից որոշակի տարածության վրա: Ավստրիացի ցուցարարները դժգոհել են կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումների դեմ:

Փարիզը, որտեղ մայիսի մեկին անցած տարիներին հազարավոր մարդիկ էին դուրս գալիս փողոցներ, հիմա դատարկ է: Ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ փորձել են ցույց անել, ոստիկանները նրանց ցրել են: Արհմիություններն իրենց ակտիվիստներին կոչ են արել պատշգամբներին պաստառներ ամրացնել ու այդ կերպ նշել Աշխատավորի տոնը: Նախագահ Էմանյուել Մակրոնը Թվիթերյան գրառմամբ միասնության ու համերաշխության կոչ է արել դժվարին այս օրերին:

Մոսկվայում մայիսի մեկն անցել է առանց կոմունիստների ավանդական ցույցերի ու պլակատների, բավարարվել են Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի տեսաուղերձով:

Ռուսաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի տարածումը նոր հակառեկորդներ է սահմանել: 24 ժամվա ընթացքում արձանագրվել է մոտ 8 հազար նոր դեպք, 96 հազար մարդ է մահացել: Այդպիսով Ռուսաստանում ընդհանուր առմամբ մինչ այժմ արձանագրվել է կորոնավիրուսի 114 հազարից ավելի դեպք, մահացել է 1169 մարդ:

Ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 3 միլիոն 300 հազար դեպք, մահացածների թիվն անցել է 234 հազարը, բուժվել է շուրջ մեկ միլիոն 50 հազար հիվանդ: Վարակվածների և մահացության ամենաբարձր թվերը Միացյալ Նահանգներում են, որտեղ կորոնավիրուսի առաջին դեպքերն արձանագրվել են ավելի քան 100 օր առաջ: Այսօրվա տվյալներով` աշխարհում արդեն կորոնավիրուսով վարակվածներից 3-ից 1-ը, իսկ մահացածներից 4-ից 1-ը ամերիկացի է: ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են 1 միլիոն 100 հազարի, իսկ մահվան դեպքերն անցել են 63 հազար 800-ը:

ԱՄՆ-ից հետո ամենաշատ դեպքերը և մահացությունը եվրոպական երկրներում են` Իսպանիա, Իտալիա, Բրիտանիա, Ֆրանսիա: Covid-19-ի օջախ Չինաստանը 11-րդ տեղում է, իսկ Իրանը, որը ժամանակին Չինաստանից հետո 2-րդն էր, հիմա 9-րդն է կորոնավիրուսի տարածման և մահվան դեպքերի առումով: Ամեն դեպքում որքան էլ կորոնավիրուսի տարածման վերջը չի երևում, ապաքինվածների թիվը ևս բավականին բարձր է: Աշխարհում կորոնավիրուսից բուժվածների թիվն անցել է մեկ միլիոնից, այսինքն` հիվանդներից յուրաքանչյուր 3-րդն արդեն բուժվել է:

Ամերիկյան մայրցամաքից մինչև Եվրոպա և Հեռավոր Արևելք ընդհանուր միտում կա թուլացնել կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները, վերաբացել տնտեսությունը և բիզնեսը: Նման պահանջով նաև ցույցեր, բողոքի ակցիաներ են անցկացվում: Միչիգանում հարյուրավոր մարդիկ, որոնց թվում նաև զենք կրողներ կային, երեկ հավաքվել էին նահանգի մայրաքաղաք Լանսինգում` բողոքելով արտակարգ իրավիճակը երկարաձգելու` նահանգապետի որոշման դեմ: Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում ընկած Միչիգան նահանգը երկրի արդյունաբերական հիմնական շրջաններից մեկն է:

Եվրոպական մի շարք երկրներ դիտարկում են սահմանափակումները վերացնելու հնարավորությունները, քանի որ վիրուսի տարածման կորագիծը թեքվել է ցած: Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը հայտարարել է, որ հինգշաբթի օրը գրանցվել է կորոնավիրուսից բուժվածների ամենաբարձր ռեկորդային թիվը անցած փետրվարից ի վեր:

Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլլանը նշել է, որ կորոնավիրուսի տարածման դեպքերը կրճատվել են արտակարգ դրության շնորհիվ: Ֆրանսիան մտադիր է սահմանափակումները թուլացնել մայիսի 11-ից: Նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ասել է, թե դա չի նշանակում մայիսի 11-ից վերադառնալ հին կյանքին, սահմանափակումները կթուլացվեն աստիճանաբար: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, թե այստեղ հիվանդության պիկն անցել է:

Բորիս Ջոնսոնը կորոնավիրոսով վարակվել ու ապաքինվել է` հիվանդանոցում անցկացնելով նաև ծանր օրեր: Ապրիլի 5-ին հոսպիտալացվելուց հետո երեկ նա առաջին անգամ երևաց հանրությանը: Վարչապետը կանգնել էր Դաունինգ սթրիթի կառավարության շենքի մուտքի մոտ և ծափահարում էր Երկրորդ աշխարհամարտի վետերան Թոմ Մուրին, ով դարձավ 100 տարեկան: Թոմ Մուրի ջանքերի շնորհիվ միլիոնավոր ֆունտ ստեռլինգի հանգանակություն է կատարվել Ազգային առողջապահական կազմակերպության համար: Բրիտանիայում միլիոնավոր մարդիկ երեկ դուրս էին փողոցներ` ծափահարելու COVID-19 վիրուսի դեմ պայքարող առաջամարտիկներին` Ազգային առողջապահական ծառայության աշխատակիցներին ու վետերան Թոմ Մուրին:

Կորոնավիրոսի դեմ պայքարողներին նվիրված հանրային ծափահարությունները Բրիտանիայում դարձել են շաբաթական հուզիչ արարողություններ:

XS
SM
MD
LG