Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսն աշխարհում. Նյու Յորքի քաղաքապետն ընդդեմ հրեական համայնքի, Մեծ Բրիտանիայում մահերի թիվը գերազանցում է Իտալիայի ցուցանիշը


Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսի վարակակիրների թիվը աշխարհում գերազանցել է 3 միլիոն 220 հազարը, մահացել է 228 հազար մարդ, մոտ մեկ միլիոնը` ապաքինվել:

Համաճարակի գլխավոր էպիկենտրոններից մեկը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Այստեղ կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն հաստատված դեպք է գրանցվել, որոնցից շուրջ 300 հազարը` Նյու Յորքում:

Համաճարակի նման տարածման ֆոնին քաղաքային իշխանությունները և անձամբ քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն իրենց գործունեության հիմնական շեշտը դնում են կարանտինային պայմանների խիստ կատարման` նախևառաջ մարդկային մեծ կուտակումները կանխելու վրա: Ասել, թե դա նրանց միշտ է հաջողվում, սխալ կլիներ:

Նախօրեին այս հողի վրա սուր կոնֆլիկտ ծագեց քաղաքապետի և Նյու Յորքի խոշորագույն ազգային-կրոնական համայնքներից մեկի` Բրուկլինում բնակվող ուղղափառ հրեաների` հասիդների միջև: Հակամարտությունը ծագեց այն բանից հետո, երբ քաղաքային իշխանություններին հայտնի դարձավ, որ հազարավոր հրեաներ պատրաստվում են մասնակցել համայնքի ամենահեղինակավոր կրոնական գործիչներից մեկի` ռաբբի Խաիմ Մերցի հուղարկավորությանը: Հրեական համայնքի այդ ծրագրերին ի պատասխան` Նյու Յորքի քաղաքապետը Twitter-ում հանդես եկավ կտրուկ մի գրառմամբ, որում մասնավորաբար նշված էր․ - «Դիմում եմ հրեական համայնքին, մյուս համայնքներին ևս: Նախազգուշացումների ժամանակն անցել է: Ես հրահանգել եմ Նյու Յորքի ոստիկանությանը անհապաղ գործողությունների դիմել, ոստիկանական բաժանմունքներ հրավիրել, նույնիսկ ձերբակալել այն անձանց, որոնք կհավաքվեն մեծ խմբերով»։

Նյու Յորքի քաղաքապետի այս գրառումը սուր քննադատության է արժանացել: Դե Բլազիոյին մեղադրում են մեկ մասնավոր դեպքը ողջ համայնքի վրա տարածելու և, որպես հետևանք, քաղաքում հակասեմական տրամադրություններ տարածելու համար:

Նյու Յորքի քաղաքապետն ի վերջո ստիպված էր ներողություն խնդրել` ասելով, թե հրեաներին շատ է սիրում, բայց մարդկային մեծ կուտակումները կանխելու հարցում քաղաքային իշխանությունների դիրքորոշումն անփոփոխ է:

«Ինձ համար անընդունելի է այն գաղափարը, որ մարդիկ կարող են մեծ խմբերով հավաքվել և անգամ եթե որևէ վատ մտադրություն չունեն, նրանց այդ քայլը ի վերջո կարող է հանգեցնել համայնքի որոշ անդամների մահվան: Այնպես որ, մենք նման հավաքների անցկացում թույլ չենք տա ոչ մի համայնքում», - նշել է Դե Բլազիոն:

Օվկիանոսից այն կողմ` Արևմտյան Եվրոպայում իրադրությունը շարունակում է բավական ծանր մնալ հատկապես Մեծ Բրիտանիայում: Երեկ երեկոյան հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից մահվան 26 հազար դեպք է արձանագրվել:

Այս ցուցանիշով երկիրը աշխարհում արդեն երկրորդ տեղում է` առաջ անցնելով կորոնավիրուսի բռնկման այնպիսի օջախներից, ինչպիսին են Իտալիան, Իսպանիան կամ Չինաստանը:

Կարանտինային խիստ միջոցառումները դեռ պահպանվում են, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավարների պնդմամբ, երկիրը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև սահմանափակումների վերջնական վերացումը:

«Որոշ սահմանափակումներ վերացնելուց առաջ մենք պետք է շատ մեծ զգուշավորություն և լուրջ բծախնդրություն ցուցաբերենք: Կիրառված միջոցները մեղմացնելու ընթացքում մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ կորոնավիրուսի երկրորդ ալիք միանշանակորեն լինելու է», - հայտարարել է Առողջապահության փոխնախարար Ջոնաթան Վան-Տամը:

Իրավիճակը անհամեմատ ավելի բարվոք է Գերմանիայում: Թեև այստեղ էլ զոհերի թիվը քիչ չէ` ավելի քան վեց հազար, այնուհանդերձ, երկրի իշխանություններին հաջողվել է զգալիորեն զսպել համաճարակի տարածման տեմպերը` միաժամանակ լրջորեն ընդլայնելով թեստավորման ծավալները:

«Վիրուսի տարածման ցուցանիշը շարունակում է մնալ 0,76 մակարդակի վրա, ինչը նշանակում է, որ Գերմանիայի տարածքում մեկ հիվանդը միջինում մեկից էլ քիչ մարդու է վարակում: Դա շատ դրական զարգացում է, և եթե մենք ցանկանում ենք, որ այս միտումը պահպանվի, ապա պետք է շարունակենք հետևել սոցիալական տարածության պահպանման պահանջներին», - այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Կոխի անվան Հիվանդությունների վերահսկման ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը:

Իսկ կորոնավիրուսի տարածման ասիական գլխավոր օջախներից մեկում` Հարավային Կորեայում իշխանությունները հայտարարում են համաճարակի հանդեպ տարած գրեթե լիակատար հաղթանակի մասին:

«Վերջին 24 ժամերին երկրում կորոնավիրուսի չորս նոր դեպք է հայտնաբերվել: Այդ բոլոր դեպքերը արձանագրվել են օդանավակայաններում, արտերկրից ժամանածների մոտ: Ներքին վարակման որևէ դեպք չկա: Ամենակարևորը թերևս այն է, որ օրերս կայացած համապետական ընտրությունների ընթացքում, որոնց 29 միլիոն մարդ է մասնակցել, վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել», - այսօր Սեուլում հայտարարել է Հարավային Կորեայի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յուն Տա Հոն:

XS
SM
MD
LG