Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետ Միշուստինի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, նա ինքնամեկուսացվել է


Ռուսաստան - Վարչապետ Միխայիլ Միշուստինը տեսակապով խորհրդակցություն է անցկացնում կառավարության անդամների հետ, Մոսկվա, 30-ը ապիլի, 2020թ.

Երեկ երեկոյան հայտի դարձավ, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե նա որտեղ կարող էր վարակվել՝ կառավարությունո՞ւմ, թե՞ անձնական շփումներում:

Իր մոտ կորոնավիրուս հայտնաբերելու մասին Միշուստինն անձամբ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հետ տեսակապի ընթացքում: «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը հեռարձակել է այդ հատվածը, որտեղ Միշուստինն ասում է. - «Հենց նոր հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի իմ տված թեստի պատասխանը դրական է»:

Միշուստինն ասել է, որ պետք է ինքնամեկուսանա, և առաջարկել է վարչապետի պաշտոնակատար նշանակել իր առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովին: Պուտինն ընդունել է այդ առաջարկը և դեռ երեկ երեկոյան ստորագրել է Բելոուսովին վարչապետի պաշտոնակատար նշանակելու հրամանագիրը:

Միխայիլ Միշուտինը հայտնել է, որ ինքնամեկուսանում է, հետևելու է բժիշկների բոլոր խորհուրդներին, որպեսզի նաև վտանգի չենթարկի իր գործընկերներին: Նա հավաստիացրել է, որ կառավարությունը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով, խոստացել է հեռախոսով կամ տեսակապի միջոցով բոլոր հիմնական հարցերի հետ կապված ակտիվ շփումների մեջ լինել:

Պուտինը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել, նշել, որ նման բան կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Նա ասել է, թե կորոնավիրուսի համավարակի պատճառով քաղաքացիներին ու տնտեսության տուժած ճյուղերին աջակցելու վերջնական որոշումները չեն ընդունվի առանց Միշուստինի մասնակցության, առանց նրա կարծիքը հարցնելու:

Միխայիլ Միշուստինը ռուսաստանցիներին կոչ է արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսի համավարակին, մնալ տանը և պահպանել բոլոր սահմանափակումները:

54-ամյա Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի բարձրաստիճան առաջին պաշտոնյան է, որ վարակվեց COVID-19 վիրուսով: Նա Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր համակարգողներից մեկն էր:

Վերջին օրերին Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումն արագ տեմպերով աճում է, Միշուստինի վարակվելու մասին հայտնի դարձավ ժամեր անց այն բանից հետո, երբ վարակվածների թիվը երկրում անցավ 100 հազարը: Բայց մահվան դեպքերը Ռուսաստանում քիչ են այլ երկրների համեմատ, որտեղ վիրուսը լայնորեն տարածված է:

Ապրիլի 30-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 106 հազար դեպք է արձանագրվել, մահացել է 1073 մարդ:

XS
SM
MD
LG