Մատչելիության հղումներ

Երբ վարչապետն ասում էր՝ անջատումներ չեն լինի, պետք է իմանար հետևանքները. Մանե Թանդիլյան


Շուրջ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրության ժամանակ ջրի, գազի և էլեկտրաէներգիայի չվճարումների հետևանքով անջատումներ չեն լինի: Վերջին օրերին, սակայն, քաղաքացիները բողոքներ են ներկայացնում անջատումների հետ կապված:

Երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով որոշ բաժանորդների հոսանքի և գազի անջատումհերին՝ Փաշինյանն ասաց, որ չվճարելու հնարավորությունից օգտվել են նաև սոցիալապես ապահով քաղաքացիները, չի հետևանքով էներգետիկ համակարգը կարող էր կոլապսի մեջ հայտնվել: Վարչապետի խոսքով՝ դա է պատճառը, որ Կառավարությունը համաձայնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, նաև մատակարար ընկերությունների կոշտ դիրքորոշմանը, որ կոմունալները վճարել է պետք:

Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 25-ին հայտարարել էր, որ գազ, ջուր, էլեկտրականություն մատակարարող ընկերություններն արտակարգ դրության պայմաններում իրավասու չեն դադարեցնել մատակարարումները սպառողներին : Սակայն անցած շաբաթ, չնայած գործող արտակարգ դրությանը, հանձնաժողովը կոմունալ ծառայություների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը վերացված համարեց:

Թեմայի շուրջ Կարլեն Ասլանյանը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ: Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Որքանո՞վ է հիմնավոր վարչապետի բացատրությունը, որ ՀԷՑ-ը, «Գազպրոմ»-ը կոլապսի կենթարկվեին, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն չվերացներ այդ ֆորս մաժորը, որովհետև համատարած չէին վճարում:

Մանե Թանդիլյանը. – Իսկ ինչո՞ւ միայն ՀԷՑ-ը և «Գազպրոմ»-ը՝ ֆինանսական կառույցները նույնպես, երբ որ մենք վարկային արձակուրդի ակնկալիք ձևավորեցինք, նույնպես պետք է կանգնեին նման խնդրի առաջ: Եվ երբ որ նման հայտարարություն է անում որևէ պաշտոնյա, ու հատկապես՝ վարչապետը, նա պետք է իմանա, որ դրա արդյունքում, այո, բազմաթիվ քաղաքացիներ՝ անգամ նրանք, ովքեր վճարունակ են, կարող են և չվճարել: Հետևաբար՝ նման արտահայտություն անելուց առաջ պետք է համապատասխան պաշտոնյաները նախապես վարչապետի հետ աշխատանք տանեին և բացատրեին, որ նման իրավիճակ ոչ միայն կարող է ստեղծվել, այլև դրա հավանականությունը 100-ին մոտ է:

Հետևաբար՝ պետք էր լինել պատրաստ, իմանալ, որ եթե կստեղծվի, ուրեմն, մենք, օրինակ, այս պարագայում նորից գալու եմ բյուջեին, բյուջեից հատկացում անենք, կմարենք այդ պարտավորությունները, որից հետո քաղաքացիները երբ որ սկսեն մարումներ անել կամ վերադարձնել, կամ մենք կմարենք, քաղաքացիները երկու ամիս հետո կմարեն, որը նշանակում է՝ գերավճար կառաջանա:

Այսինքն՝ էդ արտահայտությունները պետք է նախապես մտածված լինեն: Եթե մենք իմանում ենք, որ էդպես կլինի, բայց նման արտահայտություն ենք անում, ի՞նչ ասեմ, ուրեմն՝ պետք է իմանան, որ դրա արդյունքում վարքագիծ է փոխվելու, որը դառնալու է Կառավարության, պետության խնդիրը, այս պարագայում՝ պետության, այո, և հնարավոր էր նման իրավիճակ:

Հետևաբար, նորից գալով այն հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէր մարդկանց տրամադրել գումար, որով իրենք կվճարեին իրենց էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը, այլ ոչ թե ասեր՝ «մի վճարեք», այլ ոչ թե ասեր՝ «արտակարգ դրության պայմաններում եթե չվճարեք, չի անջատվի», որի արդյունքում բազմաթիվ մարդիկ չվճարեցին: Ու նորից, արդյունավետության մասին էինք խոսում՝ մենք պետք է հասկանանք, որ դա, երբեմն, այո, որոշ ընտանիքներ կարող է մի քիչ, մի փոքր շահեին, սա մեր ընտանիքներն են, մեր քաղաքացիներն են արդյունքում և մեր տնտեսությունն է, որը, ի վերջո, նորից իր աշխուժացման ընթացքում պետք է վերականգնվի նաև այս միջոցներով:

Հետևաբար, ես հասկանում եմ՝ ինչ է ասում վարչապետը, բայց ես չեմ կարող համաձայնել, որ այսօր հիշել այդ մասին՝ նորից դա տեղին է, և պետք է նման հայտարարությունից հետո պատրաստ լիներ Կառավարությունը, որ պետք է որոշակի փոխհատուցում անի այդ համակարգերը չփլուզվելու, կոլապսի չենթարկվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG