Մատչելիության հղումներ

«Մենք փողի տեղը ցույց ենք տվել. ինչո՞ւ ժողովրդի կուտակած հարկերի գումարով չեք աջակցում ժողովրդին». Էդմոն Մարուքյան


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, 28-ը ապրիլի, 2020թ.
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, 28-ը ապրիլի, 2020թ.

«Ինչո՞ւ կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերջին երկու տարիների խնայողություններից, որտեղ վստահաբար կա 100 միլիարդ դրամ որևէ պարտավորությունով չծանրաբեռնված փող, չի ուզում աջակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ նրանք վճարեն համապատասխան կոմունալների՝ գազի, լույսի, ջրամատակարարման վարձերի համար», - ասաց «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը երկրորդ օրն է՝ այս հարցով դիմում է կառավարությանը և պատասխանից դժգոհ է։ Այսօր էլ Ազգային ժողովի նիստին հարցն ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է կառավարությանը 500 հազար ընտանիքի 100 հազար դրամ միանվագ աջակցություն տրամադրել համաճարակի սոցիալական հետևանքները վերացնելու համար։

«Ինչո՞ւ ժողովրդի կողմից կուտակած, գեներացված հարկային լավ տարվա և ձեր կողմից չիրականացված կապիտալ շինարարությունների թերի կատարման մյուս տարիների կուտակած խնայողությունների գումարից չեք անում այդ առաջարկության իրագործումը», - հարց ուղղեց Մարուքյանը:

«Վստահ չեմ, որ Դուք նպատակ եք հետապնդում պատասխանը ստանալ, որովհետև պատասխանն, իմ կարծիքով, ստացել եք», - պատասխանեց Ջանջուղազյանը:

«Միջազգային փորձն էլ, փողի տեղն էլ ցույց ենք տվել, կառավարությունն ինչո՞ւ չի գործում», - շարունակեց պնդել Մարուքյանը։ 100 միլիարդ դրամ կառավարության տրամադրության տակ չկա, հակադարձեց ֆինանսների նախարար Ջանջուղազյանը։

«Իրականում այդ չկատարումները կապիտալ ծախսերի ծրագրերի այն պարզ պատճառով, որ դրանց զգալի մասն արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրեր են, եթե չասենք բացարձակ մեծամասնությունը, չէին կարող մաս լինել այդ, պայմանական ասած, ազատ մնացորդի, որովհետև այդ միջոցները հասանելի են դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության համար այն ժամանակ, երբ այդ ծրագրերն իրականացվում են», - նշեց ֆինանսների նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանն ասաց՝ կառավարության միջոցառումները հասցեական են, թիրախները՝ ճշտված։ Էդմոն Մարուքյանը վրդովվեց՝ իր առաջարկն է ալ անհասցե չէ։

«Ո՞նց եք ասում, որ թիրախային է աջակցությունը, երբ որ վարչապետն իր ուղիղ եթերում երեկ ասում է՝ «չենք կարողանում տեղորոշենք կարիքավորին»: Իրար հետ գոնե քննարկեք, որ գոնե ձեր խոսքերը համընկնի իրար հետ: Դուք հիմա եկել եք ասում եք՝ «մենք թիրախային ենք աշխատում, Դուք անհասցե առաջարկ եք անում»: Ես անհասցե առաջարկ չեմ անում, ես 500 հազար հասցեով ընտանիքի մասին եմ խոսում և 470 հազար թոշակառուի», - նշեց ԼՀԿ ղեկավարը:

Էդմոն Մարուքյանի առաջարկը պոպուլիստական է, դահլիճից ընդդիմադիր պատգամավորի և նախարարի հարցուպատասխանին արձագանքեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։ Գուցե ոչ ֆինանսիստ քաղաքացիներին առաջարկը տրամաբանական է թվում, ասաց իշխանական պատգամավորը և խնդրեց կառավարության ներկայացուցչին հասկանալի բացատրել, որ տրամաբանական չէ։

«Համոզված եմ, որ եթե այսօր մենք պարոն Մարուքյանի առաջարկը իրականացնենք և մի քանի ամիս անց կոլապսի առաջ կանգնենք, պարոն Մարուքյանը շատ համոզիչ ձևով կբացատրի, թե ինչքան մեղավոր ենք մենք», - ասաց նա:

Իշխանական մեկ այլ պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներին թուղթ ու գրիչով հրավիրեց Տնտեսական հարցերի հանձնաժողով՝ հաշվարկելու՝ որտեղ է այդ հարյուր միլիարդ դրամը, որը կառավարությունը հրաժարվում է բաժանել մարդկանց։

XS
SM
MD
LG