Մատչելիության հղումներ

Սոցիալական աջակցության նոր ծրագիր է քննարկվում, որը ևս կոմունալ վճարումներին է վերաբերում


Գազի և էլեկտրաէներգիայի փետրվար ամսվա վարձավճարները 50 տոկոսով փոխհատուցելու կառավարության երեկ ընդունած որոշումից օգտվող բաժանորդների թիվը 222 հազար է: Ընդհանուր առմամբ աջակցությունից կօգտվի շուրջ 600 հազար մարդ, այսօր հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` հավելելով, որ սա կարևոր աջակցություն է:

«Կարևոր աջակցություն է հատկապես ավելի խոցելի և սոցիալապես դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների համար, որովհետև նախ վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրենք նաև ամենապարտաճանաչ վճարողներից են բաժանորդներից, և երկրորդը` սա կարող է նաև շատ կարևոր կանխավճար լինել հետագա ամիսների համար»,- նկատեց նա:

Ըստ կառավարության որոշման` այս աջակցությունից օգտվում են այն բաժանորդները, որոնց փետրվար ամսվա գազի սպառման վարձը չի գերազանցել 10 հազար դրամը, էլեկտրաէներգիայի դեպքում այդ սահմանաչափը 5 հազար դրամ է:

Կառավարության այդ որոշումը շատերի դժգոհությունը հարուցեց: Քննադատողները սոցցանցերում պնդում էին` գումարային սահմանաչափերը շատ փոքր են:

«Տվյալները մենք վերցրել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, այսինքն` իրենց հետ համագործակցության արդյունքում, ինչ վերաբերում է կոմունալների վճարելուն, ես նշեմ, որ բաժանորդների բավականին մեծ մասը, եթե չասեմ գերակշռող մասը այն ոլորտներից են, որտեղ աշխատանքը չի սահմանափակվել պարետի որոշմամբ, խոսքը կրթության, առողջապահության և այլ ոլորտների մասին է»,- նշեց նախարարը:

Բաթոյանը հայտնեց` այս պահին սոցիալական աջակցության հերթական ծրագիրն են քննարկում, որը նույնպես կոմունալ վճարումներին է վերաբերում: Նա այլ մանրամասներ չհայտնեց.- «Բնականաբար, բավարար չեմ համար ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական միջոցառումները, որ կարող են ամբողջությամբ մեղմել կամ խնդիրը լուծել: Սա իրավիճակային աջակցություն է, որը պետք է պարզապես օգնի իրավիճակը հաղթահարել, մեղմացնել, մեղմել, և իհարկե դրա ավելի կայուն աջակցությանն ուղղված ծրագրերը կամ միջոցառումները և իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը ավելի համակարգային պետք է լինեն»:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը քննադատողներին պատասխանում է` եթե մարդիկ իրենց շրջապատում պոտենցիալ շահառուներ չեն տեսնում, չի նշանակում, որ այդպիսիք չկան.- «Եվ մի շատ կարևոր հանգամանք կա` պետք չէ յուրաքանչյուր միջոցառումը առանձին իզոլացված դիտարկել: Ինչպես տեսնում եք, կառավարությունն ամեն շաբաթ նոր աջակցության գործիքներ է տրամադրում, և այդ գործիքը նույնպես կունենա իր շարունակությունը, այսինքն` մեկ առանձին դրվագ պետք չի վերցնել և ասել` ես նայում եմ, շատ քիչ մարդ է օգտվում»:

Կարապետյանն ընդգծում է` առաջիկայում կառավարությունը կներկայացնի նոր ծրագրեր, որոնք կներառեն ավելի մեծ թվով մարդկանց.- «Այս շաբաթ կհայտարարվեն նորերը, մյուս շաբաթ կհայտարարվեն նորերը, և ավելի լայն, ավելի շատ մարդիկ համանման աջակցություն կստանան»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` իրենք մանրամասնորեն ուսումնասիրել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղման կառավարության սոցիալական աջակցության բոլոր ծրագրերը և առաջարկում են ընդլայնել դրանց շրջանակը.- «Փաթեթների մեջ ամենակարևորներից առանձնացնում եմ օրավարձով աշխատողների փոխհատուցման մեխանիզմները և գործիքները, որ ասում են` բա ո՞նց մենք գնահատենք, եթե ինքը ֆորմալ տնտեսություն չի, հա, իսկ ո՞վ է ասել, որ այդ աշխատատեղերը պետությունն է ստեղծել, այդ աշխատատեղերը պետությունը չէր ստեղծել, իրենք իրեն համար գտել են, բայց այսպես, երբ որ համախառն ներքին արդյունքի աճի համար պետք է աղմուկ-աղաղակ առաջացնեն, թե մենք այսքան աճ ունենք, այդ բոլորը մտնում է դրա մեջ»:

XS
SM
MD
LG