Մատչելիության հղումներ

«Ժողովրդի փողը չեն ուզում տալ ժողովրդին, որ կոմունալները վճարի». Մարուքյան


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, 28-ը ապրիլի, 2020թ.
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, 28-ը ապրիլի, 2020թ.

«Ժողովրդի փողը չեն ուզում տալ ժողովրդին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով առաջարկում է կառավարությանը 500 հազար ընտանիքների 100 հազար դրամ միանվագ աջակցություն տրամադրել, ինչպես նաև կրկնապատկել թոշակները, և այդ կերպ մեղմել կորոնավիրուսի հետևանքով առաջած սոցիալական խնդիրները։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ի պատասխան, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ գումար չունեն։

Էդմոն Մարուքյանը հակադարձում է՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ չի ասում, բյուջեում փող կա, այն էլ՝ ավելի քան 380 միլիարդ, իսկ ինքն առաջարկում է մարդկանց 100 միլիարդի աջակցություն տրամադրել։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան, արխիվ
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան, արխիվ

«Կարող եմ ենթադրել, որ խոսքը վերաբերում է գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 միլիարդ դրամին: Եթե խոսքը դրան է վերաբերում, ապա պիտի նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Մենք չունենք 300 միլիարդ դրամ ազատ մնացորդ, ավելին, դա շատ տրամաբանական չի լինի այդքան ազատ մնացորդ մեր ունեցած մոտավորապես 1,8 տրիլիոնանոց բյուջեի պայմաններում ունենալը», - ասաց Ջանջուղազյանը:

«Ֆինանսների նախարարը ամբիոնից ստում է՝ ասելով, որ չկա այդ գումարը, և այդ գումարը պարտավորությունների տակ է: Ուրեմն այդ գումարը՝ 385 միլիարդ դրամը հենց հիմա հաշվի վրա է, այդ գումարից մոտավորապես 150 միլիարդի կարգի գումար է, որ պարտավորություններով ծանրաբեռնված է, մնացած գումարը անցյալ տարիների կապիտալ շինարարությունների չիրականացրած թերակատարման փողերն են, որոնք մնացել են», - արձագանքեց Մարուքյանը՝ շարունակելով, - «Դա խնայողություն է: Այսինքն՝ սա բանակի փողը չի, սա թոշակների փողը չի, սա աշխատավարձերի փողը չի, սա առանձին փող է, և սրա տեղը կա, բոլորը գիտեն: Բայց իրենք չեն ուզում ժողովրդի փողերը, ժողովրդի փողն է, ժողովուրդն է գեներացրել, չեն ուզում տան մի քիչ էս ժողովրդի փողից ժողովրդին, որ ժողովուրդը գնա իր կոմունալները վճարի»:

«Ազատության» հարցին՝ եթե 100-հազարական դրամները պետությունը տա, դա խնդիրը լուծելո՞ւ է, Մարուքյանը պատասխանեց. «Կա կարծիք կառավարությունում, որ «եկեք սպասենք՝ պոլը տեսնենք, այսինքն՝ ինչքան սուզվելու է, սուզվի, հետո տեսնենք՝ ում ենք օգնում», դա սխալ մոտեցում է, որովհետև երբ որ դու սպասես, որ պոլը տեսնես, էդ պոլը շուտ է գալու վերև: Հետևաբար պետք է այն պահին աջակցել, որ պահին ինքը դրա կարիքն ունի, այլապես հիմա գողություններն է ավելանալու, հազար ու մի վատ բան է ավելանալու: Ինչ վերաբերում է, որ կարող է սա ձգվի, այո, կարող է սա ձգվի, հետևաբար նաև պետությունը պարտքեր է վերցնելու: Տեսեք՝ հիմա ամբիոնից խոսում է, ասում՝ պետական պարտքն ավելացնելու են, էդ պարտքը որ վերցնում է, ո՞ւմ պարտքն է, հո վարչապետի պարտքը չի՞, մեր ժողովրդի պարտքն է: Այդ պարտքը, որ վերցնում են, պետք է ժողովրդին տան էդ փողը, որ ժողովուրդն ապրի այդ ընթացքում: Այո, կարող է ձգվի, ուրեմն էլի պետք է տան 100 հազար դրամ, բա ի՞նչ եք մտածում, մտածում եք, որ պետք է հազարավոր ՀՀ քաղաքացիների լույսը, գազը անջատեն, մթին նստեն, տեսնեն՝ իրենց հարևանը լույս ունի, ինքը՝ չունի: Ստանալ 1,5 միլիոն աշխատավարձ, ոնց որ հենց հիմա Ջանջուղազյանն է ստանում, ու ամբիոնից ասել, որ մարդկանց պետք չի դա տալ, դա սխալ քաղաքականություն է: Ասում է՝ հարուստն աղքատին մանր է փրթում, էս էդ պատմությունն է»:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան, 28-ը ապրիլի, 2020թ.
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան, 28-ը ապրիլի, 2020թ.

Մինչդեռ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը պոպուլիզմ է որակում Էդմոն Մարուքյանի առաջարկը, ընդգծելով, որ գումարները բաժանելուց հետո կառավարությունը կանգնելու է աշխատավարձեր տալու, բանակի ծախսերը հոգալու խնդրի առջև։

«Դա պոպուլիզմ է, շատ լավ է հնչում, ես էլ առաջարկում եմ 150 հազար բաժանենք, այլ ոչ թե 100 հազար, և երեք անգամ այդ փողը տանք, էդ իր նշած փողը նաև դրան է հերիքում: Ես հասկանում եմ, որ հիմա տեսախցիկների առաջ էն, ինչ որ ես ասում եմ, ավելի լավ կլիներ, որ ես ասեի, այո, ճիշտը հիմա մարդկանց փող բաժանելն է», - ասաց Սիմոնյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ Մարուքյանն ասում է՝ եթե մարդը հիմա կարիք ունի, պետք է հիմա մարդուն օգնել, և պաշտոնյաներին շատ հեշտ է խոսել՝ իրենց աշխատավարձը ստանում են, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Մենք գրեթե մեր ամբողջ աշխատավարձը բաժանում ենք տարբեր առիթների հետ կապված տարբեր մարդկանց: Հազարավոր մարդիկ են դիմում օգնության, հազարավոր հարցեր են լինում: Եկեք այլևս չկախվենք իրար աշխատավարձի մասին խոսակցություններից»:

XS
SM
MD
LG