Մատչելիության հղումներ

Նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ դարձավ բացասական


ԱՄՆ - Նավթահանք Տեքսասում, արխիվ

Երեկ ամերիկյան նավթի գինը հաշվված ժամերի ընթացքում ռեկորդային` մոտ 300 տոկոսի անկում արձանագրեց. պատմության մեջ առաջին անգամ WTI ապրանքանիշի մեկ բարելը սկսեց վաճառվել -(մինուս) 37, անգամ` -40 դոլարով: Այլ կերպ ասած` արտադրողներն սկսեցին իրենք վճարել գնորդներին՝ նավթը տանելու համար, մտավախություն ունենալով, որ առաջիկայում պահեստարաններն այլևս կարող են չբավարարել:

Պատմության մեջ երբևէ չտեսնված ու չլսված այս պատկերն արձանագրվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որը մի քանի շաբաթ է` կաթվածահար է արել տնտեսությունն ու ավիահաղորդակցությունը ողջ աշխարհով մեկ: Եվ քանի դեռ արդյունաբերությունը կանգնած է, վերագործարկման մասին հստակ կանխատեսումներ էլ չկան, գործարարները չեն շտապում վառելիք գնել, որպեսզի հավելյալ վճարեն այն պահետավորելու համար: Արդյունքում՝ առաջարկը ի քանի անգամ գերազանցում է պահանջարկը, բացատրում է էներգետիկ շուկայում մասնագիտացած հետազոտական կենտրոններից մեկի` Commodity Research Group-ի ավագ գիտաշխատող Էնդրյու Լիբոուն, հավելելով. - «Հիմա, կարծում եմ, ամենից կարևոր է որոշել` ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից, ինչպես ենք տեղ ազատելու պահեստարաններում, որովհետև նավթի պահանջարկը առաջիկա ամիսներին, ցավոք, նույն մակարդակի վրա է մնալու, քանի դեռ մենք չենք վերսկսել մեքենա վարել ու ինքնաթիռ նստել»:

Արձագանքելով աննախադեպ գնանկմանը, նախագահ Դոնալդ Թրամփը պնդեց` Վաշինգտոնը կդիտարկի Սաուդյան Արաբիայից նավթի ներմուծումը դադարեցնելու հարցը, մինչ այդ ամերիկյան կառավարությունն ինքը կսկսի վառելիք գնել` նավթի ռազմավարական պաշարները համալրելու համար:

«Նավթ գնելու իսկական ժամանակն է, և մենք ցանկանում ենք, որ Կոնգրեսը հավանություն տա, և մենք լցնենք մեր պաշարները, որոնց թողունակությունը հասնում է 75 միլիոն բարելի՝ սա հսկայական թիվ է: Այնպես որ, մենք կդիմենք Կոնգրեսին` կա՛մ նավթը գնելու, կա՛մ պահեստը ժամանակավորապես արդյունահանողներին տրամադրելու հարցով», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը:

Նախագահի այս հայտարարությունների ֆոնին իրավիճակը սկսեց փոքր-ինչ կայունանալ, մի քանի ժամ անց արդեն մայիսյան ֆյուչրսները` մատակարարման պայմանավորվածությունները ձեռք էին բերվում բարելի դիմաց մոտ 1,5 դոլարով, հունիսյանը` ավելի քան 20:

Այդուամենայնիվ, երկարաժամկետ կտրվածքով շուկայում անորոշությունը դեռ պահպանվում է: Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումներով` այս ամիս աշխարհում նավթի պահանջարկը կհասնի վերջին 25 տարվա մեջ ամենացածր ցուցանիշին, իսկ տարվա կտրվածքով` կնվազի մոտ մեկ երրորդով:

Շուկայում ի հայտ եկած հսկայական ավելցուկի պատճառով OPEC-ը` Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն ու մյուս խոշորագույն խաղացողները, այդ թվում`Ռուսաստանն ու Ադրբեջանը, անցած շաբաթ համաձայնել էին նվազեցնել արտահանումը մոտ 9,7 միլիոն բարելով: Փորձագետները, սակայն, դեռ այն ժամանակ էին զգուշացրել` կրճատման այդ ծավալն աննախադեպ է, բայց` ոչ բավարար: Արդյունքում, մի քանի օր է` կտրուկ նվազում են նաև ռուսական ու ադրբեջանական նավթի գները:

Նավթի այս գները կարող են բերել չափազանց լուրջ ճգնաժամի Ռուսաստանում, որի բյուջեի եկամուտների շուրջ 40 տոկոսը ապահովում են էներգակիրները։ Կրեմլում, սակայն, «սպեկուլյատիվ և զուտ առևտրային պահ» են համարում WTI նավթի ֆյուչերսների անկումը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր կոչ է արել դրան «ապոկալիպտիկ» երանգավորում չտալ։ Նա հայտարարել է, թե նավթի գները, ի տարբերություն ֆյուչերսների, ենթակա չեն փլուզման։

Այսօր Brent տեսակի նավթը համաշխարհային շուկայում վաճառվում է բարելի դիմաց 23 դոլարից պակաս, իսկ ռուսաստանյան ռուբլին սկսել է արժեզրկվել․ ամերիկյան դոլարն այսօր արժե 77 ռուբլուց ավելի, իսկ եվրոն՝ 83 ռուբլի։

XS
SM
MD
LG