Մատչելիության հղումներ

OPEC+ երկրները, այդ թվում` Ադրբեջանը, աննախադեպ ծավալով կկրճատեն նավթի արտահանումը


Վերջ նավթային պատերազմին, կամ պատմական գործարք` համաճարակի պահին. այսպես են արևմտյան լրատվամիջոցները բնորոշում OPEC-ի` նավթ արտահանող երկրների կազմակերպության, Ռուսաստանի և շուկայի մյուս խոշոր դերակատարների միջև երեկ ձեռք բերված համաձայնությունը:

Չորս օր շարունակված թեժ բանակցություններից հետո աշխարհի նավթային պաշարների խոշորագույն մասը տնօրինող պետությունները, այդ թվում` Ադրբեջանը, համաձայնեցին գնալ արտահանման ծավալների աննախադեպ նվազեցման:

Մի քանի շաբաթից փաստաթղթի տակ ստորագրած երկրներից յուրաքանչյուրը շուրջ քսան տոկոսով կնվազեցնի արդյունահանումը, ընդհանուր առմամբ, մայիս֊հունիսից արդեն համատեղ արտահանումը կկրճատվի օրական 9,7միլիոն բարելով: Այս ծավալի կրճատում պատմության մեջ երբևէ չէր եղել, անգամ 2008 թվակային ֆինանսական ճգնաժամից հետո համաշխարհային շուկա էր արտահանվել չորս անգամ ավելի շատ:

Գործարքն ուժի մեջ կլինի երկու տարի՝ մինչև 2022 թվականի ապրիլը:

Ռուսաստանը, որ շաբաթներ առաջ հրաժարվել էր առաջարկից, այսօր ողջունել է գործարքը: Կրեմլի խոսնակը պնդել է․ - «Սա թույլ կտա խուսափել քաոսից ու նավթի գների հետագա անկումից»:

Մասնավոր ընկերությունները, մինչդեռ, ավելի բաց տեքստով են մեկնաբանում։ «Սա ծանր ու նվաստացուցիչ հաշտություն էր Ռուսաստանի համար, բայց`անհրաժեշտ», - ՌԲԿ-ին ասել է խոշորագույն ընկերություններից մեկի` «Լուկոյլի» փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը:

Փաստացի, խաղի այս կանոնները Ռուսաստանին պարտադրվեցին ՕՊԵԿ֊ի ու դրա առաջնորդ Սաուդիան Արաբիայի կողմից: Անցած ամիս, երբ Կրեմլը չէր համաձայնել կրճատումներին, կազմակերպության` տարիներ առաջ ձեռք բերած համաձայնությունը հօդս էր ցնդել, և անդամներից յուրաքնայուրը հնարավորություն էր ստացել շուկա արտահանել այնքան, որքան կկամենա: Եվ սա այն դեպքում, երբ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ողջ աշխարհում արտադրության ծավալներն օր-օրի ընկնում էին, տնտեսությունները` կանգնում, նավթի պահանջարկը` նվազում:

Գնորդներ գտնելու համար արաբական երկրները սկսել էին զգալի զեղչեր առաջարկել, արդյունքում նավթի գինը կտրուկ նվազել էր` հասնելով երեսուն տարի առաջ` Պարսից ծոցի պատերազմի ժամանակ արձանագրված ցուցանիշին: Իրավիճակն է՛լ ավելի էր սրվել, երբ կորոնավիրուսի համաճարակը տարածվել էր աշխարհով մեկ: «Նավթային արդյունաբերությունը հայտնվել է մի այնպիսի շոկային իրավիճակում, որը պատմության մեջ երբևէ չի տեսել», - օրերս փաստել էր Միջազգային էներգետիկ գործակալությունը:

Հետագա գնանումը կանխելու և շուկայւմ կայունություն ապահովելու համար վիճաբանությանը միջամտել էր Միացյալ Նահանգների նախագահը:

«Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդիան Արաբիայի թագավոր Սալմանի հե։ Սրանք շատ արդյունավետ քննարկումներին էին, որոնք թույլ կտան լավ վիճակում պահել նավթարդյունաբերությունը: Մենք չենք ուզում, որ այս ոլորտում աշխատատեղեր կրճատվեն», - մի քանի օր առաջ հայտարարել էր նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Կողմերի հետ հեռախոսազրույցներից բացի, Թրամփը նաև սպառնացել էր, որ եթե Մոսկվան ու Էլ Ռիյադն ի վերջո համաձայնության չգան, Վաշինգտոնը զգալի մաքսատուրքեր կսահմանի Ամերիկա ներմուծվող նավթի վրա: Ռուսաստանի նախագահը հաջորդ օրը պնդել էր, որ Մոսկվան կողմ է կրճատումներին, բայց`դաշնակցային սկզբունքով: Ավելին, Պուտինը հայտարարել էր, թե իրականում Սաուդիան Արաբիան է հրաժարվել գործարքից, ինչը Էլ Ռիադը բացահայտ սուտ էր որակել:

Ավելի ու ավելի սրվող այս տարաձայնություններից հետո, երեկ, երբ հայտարարվեց համաձայնության մասին, Միացյալ Նահամգների նախագահը Թվիթերում գրեց․ - «Սա փայլուն համաձայնություն է բոլորի համար, այն հնարավորություն կտա պահպանել հարյուր հազարավոր աշխատատեղեր»:

Գործարքը ողջունել են նաև OPEC+ի անդամ մյուս պետությւոնները, այդ թվում` Ադրբեջանը, որը պարտավորվել է 164 հազար բարելով կրճատել արտահանումը` օրական ցուցանիշը հասցնելով մոտ կես միլիոն բարելի: «Սա թույլ կտա կայունացնել գները», -հայտարարել է պաշտոնական Բաքուն:

Վերլուծաբանները, սակայն, զգուշավոր լավատեսությամբ են խոսում գործարքի մասին՝ փաստելով, որ շոշափելի արդյունքների հասնելու համար կրճատումները պետք է ավելի վաղ սկսվեին և ավելի մեծ ծավալներով արվեին: Bloomberg-ը, հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին, պնդում է, որ ի սկզբանե նավթային կարտելի ղեկավարները հորդորել են ոչ թե 9,7 միլիոն, այլ դրա կրկնապատիկը կրճատել, քանի որ, ըստ հաշվարկների, այսօր համաշխարհային շուկայում նավթի ավելցուկը հասնում է 20-25 միլիոն բարելի:

«Այսպիսի իրավիճակ երբեք չի եղել. երեք տարի առաջ առաջարկը ընդամենը երեք միլիոն բարելով էր գերազանցում պահանջարկը, այսօր` 20», - հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

XS
SM
MD
LG